Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

1 Հոբը պատասխանեց. 2 «Երանի՜ իմ տրտմությունը լավ կ…

1 Հոբը պատասխանեց.

2 «Երանի՜ իմ տրտմությունը լավ կշռվեր, ու միաժամանակ իմ ցավերը կշեռքի մեջ դրվեին։

3 Քանի որ հիմա իմ տրտմությունը ծովերի ավազից ծանր է, դրա համար իմ խոսքերը անխոհեմ են։

4 Որովհետև Ամենակարողի նետերն իմ մեջ են. նրանց թույնն իմ հոգին ծծում է. Աստծու արհավիրքները շարվել են իմ դեմ։

5 Մի՞թե վայրի էշը խոտի կողքին կզռա, կամ եզն իր կերի մոտ կբառաչի՞։

6 Մի՞թե անհամ բանը կուտվի առանց աղի, կամ ձվի սպիտակուցի մեջ համ կա՞։

7 Այն, ինչին սիրտս չէր ուզում դիպչել, այն է եղել իմ զզվելի ուտելիքը։

8 Երանի՜ ուզածս կատարվեր, և Աստված իմ ակնկալածը տար։

9 Եվ Աստված համաձայնվեր ինձ ճզմելու, ձեռքը գցեր ու ինձ ոչնչացներ։

10 Այն ժամանակ դեռ մխիթարություն կունենայի և անխնա ցավի մեջ կուրախանայի, որ Սրբի խոսքերը չեմ ուրացել։

11 Իմ ուժն ի՞նչ է, որ դիմանամ, և իմ վերջն ի՞նչ է, որ համբերատար լինեմ։

12 Իմ զորությունը քարերի՞ զորություն է, կամ իմ մարմինը պղնձի՞ց է։

13 Չէ՞ որ իմ մեջ զորություն չկա ինձ օգնելու, և հաջողությունն ինձանից հեռացել է։

14 Հուսահատ մարդուն անհրաժեշտ է բարեկամների օգնությունը, թեկուզ նա Ամենակարողի վախն էլ թողած լինի։

15 Իմ եղբայրները խաբում են հեղեղների պես, ինչպես ձորի հեղեղատներն են անցնում,

16 Որոնք սառնությունից պղտորված են. նրանց մեջ ձյուն կա ծածկված։

17 Տաքանալիս դադար են առնում, շոգ ժամանակ իրենց տեղերից ցամաքում են։

18 Քարավանները փոխում են իրենց ճամփան, բայց հասնում են անապատին ու կորչում։

19 Թեմայի քարավանները նայեցին, Սաբայի ճանապարհորդները նրանց հուսացին.

20 Նրանք հուսախաբ եղան, քանի որ վստահ էին. այնտեղ հասան ու ամաչեցին։

21 Այժմ դուք անօգուտ եք ինձ համար. դուք տեսնում եք իմ թշվառությունն ու սարսափում։

22 Արդյոք ասե՞լ եմ՝ ինձ համար մի բա՛ն բերեք ու ինձ ձեր ունեցվածքից փրկագի՛ն տվեք

23 Եվ ինձ իմ թշնամու ձեռքից ազատեցե՛ք ու ինձ բռնավորների ձեռքից փրկեցե՛ք։

24 Դուք ինձ սովորեցրե՛ք, ու ես կլռեմ և ինչում որ սխալվել եմ, ինձ հասկացրե՛ք։

25 Ուղիղ խոսքերը որչա՜փ ցավալի են։ Բայց ձեզանից եկած հանդիմանությունն ի՞նչն է նախատում։

26 Արդյոք մտածում եք խոսքերի՞ համար հանդիմանել, կարծես թե հուսահատի խոսքերը քամու խոսքեր են։

27 Նույնիսկ որբի՛ վրա վիճակ կգցեիք ու ձեր բարեկամին կվաճառեիք։

28 Բայց հիմա հաճեցե՛ք ինձ նայել. ես մի՞թե ձեր երեսին սուտ կասեմ։

29 Դարձե՛ք խնդրեմ, որ անիրավություն չլինի։ Այո՛, դարձե՛ք, տեսե՛ք, որ իմ արդարությունը վտանգի մեջ է։

30 Մի՞թե իմ լեզվի վրա անիրավություն կա. մի՞թե իմ քիմքը չար բաները չի զանազանում»։