Հին Կտակարան
Նոր Կտակարան
Մովսեսն օրհնում է Իսրայելի ցեղերին 1 Այս է այն օրհնությունը, …
Մովսեսն օրհնում է Իսրայելի ցեղերին
1 Այս է այն օրհնությունը, որով Մովսեսը՝ Աստծու մարդը, օրհնեց Իսրայելի որդիներին իր մեռնելուց առաջ։
2 Նա ասաց.
«Տերը եկավ Սինայից,
Սեիրից երևաց նրանց,
Փայլեց Փառանի լեռից
Ու եկավ բյուրավոր սրբերով։
Իր աջ ձեռքում՝ օրենքի կրակը նրանց համար։
3 Այո՛, նա սիրում է ժողովուրդներին.
Նրա բոլոր սրբերը քո ձեռքին են.
Նրանք նստում են քո ոտքերի մոտ՝
Քո խոսքերն ընդունելու համար։
4 Մովսեսը տվեց մեզ օրենքը,
Որը Հակոբի ժողովրդի ամենաարժեքավոր ձեռքբերումն է։
5 Եսուրունի մեջ Տերը թագավոր եղավ.
Երբ ժողովրդի գլխավորները հավաքվեցին
Իսրայելի ցեղերի հետ միասին։
6 Ռուբենն ապրի ու չմեռնի,
Նրա ժողովուրդը բազմաքանակ լինի»։
7 Հուդայի մասին այս ասաց.
«Լսի՛ր, ո՛վ Տեր, Հուդայի ձայնը
Եվ տա՛ր նրան իր ժողովրդի մոտ.
Նրա ձեռքերը բավական են իրեն,
Դու օգնակա՛ն եղիր նրա թշնամիների դեմ»։
8 Ղևիի մասին ասաց.
«Թումիմդ ու Ուրիմդ քո բարեպաշտ մարդու հետ լինի,
Որին դու փորձեցիր Մասսայում
Եվ Մերիբայի ջրերի մոտ դու վիճեցիր նրա հետ։
9 Նա, որ իր հոր ու մոր մասին ասաց.
“Ես չտեսա նրանց”։
Նա իր եղբայրներին չճանաչեց
Ու իր որդիներին անտեսեց.
Որովհետև նրանք հետևեցին քո խոսքին
Եվ քո ուխտը պահեցին։
10 Քո հրամանները սովորեցնում են Հակոբին
Եվ քո օրենքը՝ Իսրայելին։
Քո առաջ խունկ կմատուցեն
Եվ քո զոհասեղանի վրա՝ ողջակեզ։
11 Տե՛ր, օրհնի՛ր նրա զորությունը,
Ընդունի՛ր նրա ձեռքի գործերը,
Փշրի՛ր նրա հակառակորդների մեջքը,
Որպեսզի նրան ատողներն այլևս ոտքի չկանգնեն»։
12 Բենիամինի մասին ասաց.
«Տիրոջ սիրելին ապահով բնակվի նրա մոտ.
Միշտ պաշտպանում է նրան
Եվ բնակվում նրա ուսերի միջև»։
13 Հովսեփի մասին ասաց.
«Նրա երկիրը Տիրոջից օրհնված լինի
Երկնքի ընտիր պարգևներով, ցողով,
Ներքևում գտնվող անդունդների պարգևներով,
14 Արեգակից առաջ եկած ընտիր բերքով,
Ամեն ամսի ընտիր արդյունքներով,
15 Հինավուրց սարերի ընտիր պտուղներով,
Մշտնջենական բլուրների ընտիր արտադրանքով
16 Եվ երկրի լիառատ, ընտիր արտադրանքով։
Մորենու մեջ բնակվողի բարեհաճությամբ
Թող իջնի Հովսեփի գլխին՝
Իր եղբայրների մեջ երևելի եղողի գագաթին։
17 Նա գեղեցիկ է ցուլի առաջնեկի նման,
Նրա եղջյուրները նման են միեղջերուի եղջյուրների.
Դրանցով նա կհարվածի բոլոր ժողովուրդներին
Մինչև երկրի ծայրերը։
Սրանք են Եփրեմի բյուրավորները
Եվ Մանասեի հազարավորները»։
18 Զաբուղոնի մասին ասաց.
«Ուրախացի՛ր, Զաբուղո՛ն, քո դուրս գալու ժամանակ,
Եվ դու, Իսաքա՛ր, քո վրաններում։
19 Ժողովուրդներին լեռն են հրավիրում,
Արդարության զոհեր են մատուցում այնտեղ,
Որովհետև նրանք պիտի ծծեն ծովերի հարստությունը
Եվ ավազի մեջ թաքնված գանձերը»։
20 Գադի մասին ասաց.
«Օրհնված է Գադի երկիրն ընդարձակողը.
Մատակ առյուծի նման նստել է նա
Եվ գիշատում է թևերն ու գլուխը։
21 Նա տեսավ երկրի առաջին մասն իրեն հարմար,
Որովհետև այնտեղ որոշվեց իշխանի տված բաժինը.
Նա եկավ ժողովրդի գլխավորների հետ,
Գործադրեց Տիրոջ արդարությունն
Ու նրա հրամաններն Իսրայելի հանդեպ»։
22 Դանի մասին ասաց.
«Դանը առյուծի ձագ է.
Բասանից է դուրս թռչում»։
23 Նեփթաղիմի մասին ասաց.
«Նեփթաղիմը, շնորհով հագեցած
Եվ լցված Տիրոջ օրհնությամբ,
Պիտի ժառանգի արևմուտքն ու հարավը»։
24 Ասերի մասին ասաց.
«Ասերն օրհնված է որդիների մեջ.
Նա իր եղբայրներին հաճո լինի,
Իր ոտքը թաթախի յուղի մեջ։
25 Քո նիգերը* երկաթե և պղնձե լինեն,
Եվ քո ուժը քո օրերի չափ լինի։
26 Եսուրունի Աստծու նմանը չկա.
Նա նստած է երկնքում և ամպերի վրա՝ իր մեծ վայելչությամբ,
Որպեսզի օգնության հասնի քեզ։
27 Հավիտենական Աստվածն ապավեն է,
Դու հավիտենական բազուկների տակ ես.
Նա քո առջևից կքշի քո թշնամիներին
Եվ կասի՝ ոչնչացրո՛ւ։
28 Իսրայելը կբնակվի ապահով ու առանձին,
Հակոբի աղբյուրը՝ առանձին
Ցորենի ու գինու երկրում,
Որի երկնքից ցող կկաթի։
29 Երանի՜ քեզ, Իսրայե՛լ, ո՞վ է քեզ նման,
Տիրոջ ձեռքով փրկվա՛ծ ժողովուրդ.
Նա՛ է վահանը քո օգնության
Եվ սուրը քո հաղթանակի։
Քո թշնամիները պիտի շողոքորթեն քեզ,
Եվ դու պիտի կոխոտես նրանց բարձր վայրերը»։
*33.25 Կամ կոշիկները։