Հին Կտակարան
Նոր Կտակարան
Փող հնչեցնելու օրը (Ղևտ. 23.23-25) 1 «Յոթերորդ ամսին…
Փող հնչեցնելու օրը
(Ղևտ. 23.23-25)
1 «Յոթերորդ ամսին՝ ամսվա առաջին օրը, սուրբ ժողով կլինի ձեզ համար։ Այդ օրը ոչ մի գործ չանեք. փող հնչեցնելու օր լինի ձեզ համար։ 2 Տիրոջ համար, իբրև անուշահոտ ողջակեզ, կմատուցեք մեկ զվարակ, մեկ խոյ, մի տարեկան յոթ անարատ գառ։ 3 Դրանց հետ, իբրև հացի ընծա, կմատուցեք մի զվարակի համար յուղով հունցված մեկ տասներորդ գրիվ ընտիր ալյուր, մեկ խոյի համար՝ երկու տասներորդ գրիվ ընտիր ալյուր. 4 և յոթ գառներից ամեն մի գառան համար՝ մեկ տասներորդ։ 5 Ձեզ քավություն անելու համար կզոհաբերեք այծերից մեկ նոխազ՝ որպես մեղքի զոհ. 6 բացի ամսամուտի ողջակեզից և դրա հետ հացի ընծայից, բացի մշտնջենավոր ողջակեզից և դրա հետ հացի ընծայից ու իրենց հեղելու ընծաներից՝ ըստ իրենց կանոնի։ Կմատուցեք իբրև անուշահոտ զոհաբերություններ Տիրոջ համար։
Քավության օրվա ընծաները
(Ղևտ. 23.26-32)
7 Այդ յոթերորդ ամսվա տասներորդ օրը սուրբ ժողով կլինի ձեզ համար. ձեր անձերը կխոնարհեցնեք և ոչ մի գործ չանեք։ 8 Տիրոջ համար, իբրև անուշահոտ ողջակեզ, կմատուցեք մեկ զվարակ, մեկ խոյ և մի տարեկան յոթ գառ։ Դրանք անարատ պետք է լինեն ձեզ համար։ 9 Դրանց հետ, իբրև հացի ընծա, կմատուցեք մեկ զվարակի համար յուղով հունցված երեք տասներորդ ընտիր ալյուր, մեկ խոյի համար՝ երկու տասներորդ. 10 և յոթ գառներից ամեն մի գառան համար՝ մեկ տասներորդ։ 11 Կմատուցեք նաև այծերից մի նոխազ՝ իբրև մեղքի զոհաբերություն, բացի մեղքի քավության զոհերից, մշտնջենավոր ողջակեզից և դրա հետ հացի ընծայից ու հեղելու ընծաներից։
Տաղավարահարաց տոնի ընծաները
(Ղևտ. 23.33-44)
12 Նույն այդ յոթերորդ ամսվա տասնհինգերորդ օրը սուրբ ժողով կլինի ձեզ համար. ոչ մի գործ չանեք և յոթ օր տոն կկատարեք Տիրոջ համար։ 13 Իբրև ողջակեզ և անուշահոտ զոհաբերություն Տիրոջ համար կմատուցեք տասներեք զվարակ, երկու խոյ և մեկ տարեկան տասնչորս գառ. դրանք անարատ պետք է լինեն։ 14 Դրանց հետ, որպես հացի ընծա, կմատուցեք տասներեք զվարակներից ամեն մեկ զվարակի համար յուղով հունցված երեք տասներորդ ընտիր ալյուր, երկու խոյերից ամեն մեկ խոյի համար՝ երկու տասներորդ. 15 և տասնչորս գառներից ամեն մի գառան համար՝ մեկ տասներորդ։ 16 Կմատուցեք նաև այծերից մի նոխազ՝ իբրև մեղքի զոհ, բացի մշտնջենավոր ողջակեզից և դրա հետ հացի ընծայից ու հեղելու ընծայից։
17 Երկրորդ օրը՝ տասներկու զվարակ, երկու խոյ և մեկ տարեկան տասնչորս անարատ գառ։ 18 Զվարակների, խոյերի և գառների հետ մատուցվող հացի ընծան և հեղելու ընծաները, ըստ սահմանված կարգի, նրանց թվի համեմատ թող լինեն։ 19 Այծերից մեկ նոխազ էլ կմատուցեք որպես մեղքի զոհ, բացի մշտնջենավոր ողջակեզից և դրա հետ հացի ընծայից ու հեղելու ընծաներից։
20 Երրորդ օրը՝ տասնմեկ զվարակ, երկու խոյ և մեկ տարեկան տասնչորս անարատ գառ։ 21 Զվարակների, խոյերի և գառների հետ մատուցվող հացի ընծան և հեղելու ընծաները, ըստ սահմանված կարգի, նրանց թվի համեմատ թող լինեն։ 22 Մեկ նոխազ էլ կմատուցեք որպես մեղքի զոհ, բացի մշտնջենավոր ողջակեզից և դրա հետ հացի ընծայից ու հեղելու ընծայից։
23 Չորրորդ օրը՝ տասը զվարակ, երկու խոյ և մեկ տարեկան տասնչորս անարատ գառ։ 24 Զվարակների, խոյերի և գառների հետ մատուցվող հացի ընծան և հեղելու ընծաները, ըստ սահմանված կարգի, նրանց թվի համեմատ թող լինեն։ 25 Այծերից մեկ նոխազ էլ կմատուցեք որպես մեղքի զոհ, բացի մշտնջենավոր ողջակեզից և դրա հետ հացի ընծայից ու հեղելու ընծայից։ 26 Հինգերորդ օրը՝ ինը զվարակ, երկու խոյ և մեկ տարեկան տասնչորս անարատ գառ։ 27 Զվարակների, խոյերի և գառների հետ մատուցվող հացի ընծան և հեղելու ընծաները, ըստ սահմանված կարգի, նրանց թվի համեմատ թող լինեն։ 28 Մեկ նոխազ էլ կմատուցեք որպես մեղքի զոհ, բացի մշտնջենավոր ողջակեզից և դրա հետ հացի ընծայից ու հեղելու ընծայից։
29 Վեցերորդ օրը՝ ութ զվարակ, երկու խոյ և մեկ տարեկան տասնչորս անարատ գառ։ 30 Զվարակների, խոյերի և գառների հետ մատուցվող հացի ընծան և հեղելու ընծաները, ըստ սահմանված կարգի, նրանց թվի համեմատ թող լինեն։ 31 Մեկ նոխազ էլ կմատուցեք որպես մեղքի զոհ, բացի մշտնջենավոր ողջակեզից և դրա հետ հացի ընծայից ու հեղելու ընծաներից։
32 Յոթերորդ օրը՝ յոթ զվարակ, երկու խոյ և մեկ տարեկան տասնչորս անարատ գառ։ 33 Զվարակների, խոյերի և գառների հետ մատուցվող հացի ընծան և հեղելու ընծաները, ըստ սահմանված կարգի, նրանց թվի համեմատ թող լինեն։ 34 Մեկ նոխազ էլ կմատուցեք որպես մեղքի զոհ, բացի մշտնջենավոր ողջակեզից և դրա հետ հացի ընծայից ու հեղելու ընծայից։
35 Ութերորդ օրը տոնախմբություն թող լինի ձեզ համար. ոչ մի գործ չանեք։ 36 Տիրոջ համար, իբրև ողջակեզ և անուշահոտ զոհաբերություն, կմատուցեք մեկ զվարակ, մեկ խոյ և մեկ տարեկան յոթ անարատ գառ։ 37 Զվարակների, խոյերի ու գառների հետ մատուցվող հացի ընծան և հեղելու ընծաները, ըստ սահմանված կարգի, նրանց թվի համեմատ թող լինեն։ 38 Մեկ նոխազ էլ կմատուցեք որպես մեղքի զոհ, բացի մշտնջենավոր ողջակեզից և դրա հետ հացի ընծայից ու հեղելու ընծայից։
39 Սրանք Տիրոջը կմատուցեք ձեր տոներին, բացի ձեր ուխտերի և ձեր կամավոր ընծաների ողջակեզներից, հացի ընծաներից, հեղելու ընծաներից և խաղաղության զոհերից»։ 40 Մովսեսն Իսրայելի որդիներին ասաց այն ամենը, ինչ Տերը պատվիրել էր իրեն։