Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Աստծու բարության փառաբանությունը 1 Գոհացե՛ք Տիրոջից, որ բարի …

Աստծու բարության փառաբանությունը

1 Գոհացե՛ք Տիրոջից, որ բարի է, որ հավիտյան է նրա ողորմությունը։

2 Տիրոջ փրկածները թող ասեն, որ իրենց փրկեց թշնամու ձեռքից.

3 Որ իրենց ժողովեց երկրներից, արևելքից և արևմուտքից, հյուսիսից և ծովից.

4 Որ իրենք մոլորված էին անապատի մեջ՝ անջուր ճանապարհին, որ բնակվելու քաղաք չէին գտնում.

5 Որ սոված ու ծարավ էին, և իրենց անձերը թուլացել էին իրենց մեջ.

6 Եվ իրենց նեղության մեջ իրենք աղաղակեցին Տիրոջը, և նա փրկեց նրանց իրենց վշտերից

7 Եվ առաջնորդեց նրանց ուղիղ ճանապարհով, որ բնակության քաղաք գնան։

8 Թող գոհանան Տիրոջից նրա ողորմության համար և նրա հրաշքների համար, որ արեց մարդկանց որդիներին.

9 Որովհետև նա կշտացնում է կարոտած անձին և սոված անձին լցնում է բարությամբ։

10 Նրանք, որ նստում էին խավարի և մահվան ստվերում՝ նեղության մեջ և երկաթով կապված,

11 Որովհետև հակառակ եղան Աստծու խոսքերին և անարգեցին Բարձրյալի մտադրությունները.

12 Նաև նրանց սիրտը խոնարհեցրեց նեղությամբ, և նրանք տկարացան, և ոչ ոք չկար, որ օգներ։

13 Եվ իրենց նեղության մեջ աղաղակեցին Տիրոջը, և նրանց փրկեց իրենց վշտերից։

14 Նրանց հանեց խավարից և մահվան ստվերից և կոտրատեց նրանց կապանքները։

15 Թող գոհանան Տիրոջից նրա ողորմության համար և նրա հրաշքների համար, որ արեց մարդկանց որդիներին,

16 Որովհետև նա փշրեց պղնձե դռները և երկաթե նիգերը կոտրատեց։

17 Հիմարներն իրենց անօրենության ճանապարհի համար և իրենց անիրավությունների համար նեղություններ քաշեցին.

18 Նրանց անձերը զզվեցին ամեն կերակուրից և մոտեցան մահվան դռներին։

19 Եվ իրենց նեղության մեջ Տիրոջն աղաղակեցին, և նա փրկեց նրանց իրենց վշտերից.

20 Ուղարկեց իր խոսքը և բժշկեց նրանց և նրանց ազատեց իրենց կորստից։

21 Թող գոհանան Տիրոջից նրա ողորմության համար և նրա հրաշքների համար, որ արեց մարդկանց որդիներին։

22 Թող գոհության պատարագներ մատուցեն և ցնծությամբ պատմեն նրա գործերի մասին։

23 Նրանք, որ ծովն են իջնում նավերով և գործ են կատարում հորդառատ ջրերի մեջ,

24 Նրանք տեսան Տիրոջ գործերը և նրա հրաշքները անդունդների մեջ։

25 Նա ասաց, և մրրկալի քամի փչեց, բարձրացրեց նրա ալիքները։

26 Դեպի վեր՝ երկինք ելան և վար՝ անդունդ իջան, և նրանց անձերը մաշվեցին նեղությունից.

27 Շփոթվեցին և տատանվեցին հարբած մարդու պես, և նրանց ողջ իմաստությունը կորավ։

28 Իրենց նեղության մեջ Տիրոջն աղաղակեցին, և նա փրկեց նրանց իրենց վշտերից։

29 Մրրիկը հանդարտության փոխվեց, և նրա ալիքները հանգստացան։

30 Նրանք ուրախացան, որ դադարեց, և նրանց առաջնորդեց դեպի նավահանգիստ, այնտեղ, ուր ցանկանում էին։

31 Թող գոհանան Տիրոջից նրա ողորմության համար և նրա հրաշքների համար, որ արեց մարդկանց որդիներին։

32 Թող նրան բարձր գովեն ժողովրդի հավաքույթում և ծերերի ատյանում օրհնեն նրան։

33 Նա գետերը անապատ է դարձնում և ջրերի հոսանքը՝ ծարավ երկիր։

34 Պտղաբեր երկիրն աղի հող է դարձնում նրա բնակիչների չարության պատճառով։

35 Անապատը փոխում է ջրերի լճի և ծարավ երկիրը՝ ջրերի հոսանքի։

36 Այնտեղ բնակեցնում է սովածներին, և նրանք քաղաք են հիմնում բնակվելու համար։

37 Արտեր են ցանում և այգիներ տնկում, որ պտուղ ու բերք բերեն։

38 Եվ նա օրհնում է դրանք, որ չափազանց շատանան, և չի պակասեցնում նրանց անասունները։

39 Բայց դարձյալ պակասում են և իջնում իրենց չարիքների նեղությունից ու տրտմությունից։

40 Նա անարգանք է թափում իշխանների վրա և մոլորեցնում է նրանց անճանապարհ անապատում,

41 Բայց աղքատին բարձրացնում է խեղճությունից և նրա ցեղը դարձնում է ոչխարների հոտի պես։

42 Ուղիղները պիտի տեսնեն և ուրախ լինեն, բայց ամեն անօրենություն պիտի փակի իր բերանը։

43 Ո՞վ է իմաստուն, որ այս բաները պահի. նա պիտի հասկանա Տիրոջ ողորմությունները։