Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Հիսուսի մուտքը Երուսաղեմ (Մրկ. 11.1-11, Ղուկ. 19.28-40, Հովհ. 12.1…

Հիսուսի մուտքը Երուսաղեմ

(Մրկ. 11.1-11, Ղուկ. 19.28-40, Հովհ. 12.12-19)

1 Երբ մոտեցան Երուսաղեմին ու եկան Բեթփագե՝ Ձիթենյաց լեռան մոտ, այդ ժամանակ Հիսուսը երկու աշակերտի ուղարկեց 2 և նրանց ասաց. «Գնացե՛ք ձեր դիմացի գյուղը և այնտեղ անմիջապես կգտնեք մի կապած էշ, քուռակն էլ հետը։ Արձակե՛ք, ինձ մո՛տ բերեք։ 3 Եթե որևէ մեկը ձեզ ինչ-որ բան ասի, ասե՛ք, որ դրանք պետք են Տիրոջը, և նա իսկույն դրանք կուղարկի»։ 4 Բայց այս ամենը եղավ, որպեսզի իրականանար մարգարեի միջոցով ասված խոսքը. 5 «Սիոնի դստերն ասե՛ք.

"Ահա քեզ մոտ է գալիս քո թագավորը՝

հեզ, էշին ու քուռակին հեծած" (Զաք. 9.9)»։

6 Աշակերտները գնացին ու արեցին այնպես, ինչպես Հիսուսը նրանց պատվիրեց։ 7 Էշն ու քուռակը բերեցին, իրենց հագուստները դրանց վրա գցեցին, և Հիսուսը դրանց վրա նստեց։ 8 Ժողովրդի միջից շատերն իրենց հագուստները փռում էին ճանապարհին, ուրիշներն էլ ծառերից ճյուղեր էին կտրում ու ճանապարհին փռում։ 9 Եվ առջևից ու հետևից գնացող բազմությունը բացականչում էր ու ասում.

«Օվսաննա՜ Դավթի Որդուն (եբր. Սաղ. 118.25),

օրհնյա՜լ է Տիրոջ անունով եկողը (Սաղ. 118.26).

օվսաննա՜ Բարձրյալին»։

10 Երբ Հիսուսը Երուսաղեմ մտավ, ամբողջ քաղաքը ցնցվեց։ Հարցնում էին. «Ո՞վ է սա»։

Տաճարում առևտուր անողների վտարումը

(Մրկ. 11.15-17, Ղուկ. 19.45-48, Հովհ. 2.13-22)

11 Եվ ժողովրդի բազմությունն ասում էր. «Սա Հիսուս մարգարեն է՝ Գալիլեայի Նազարեթ քաղաքից»։

12 Հիսուսը մտավ Աստծու տաճարը և վռնդեց տաճարից բոլոր առք ու վաճառք անողներին, ավերեց լումայափոխների սեղանները և աղավնեվաճառների աթոռները։ 13 Եվ ասաց նրանց. «Գրված է.

"Իմ տունն աղոթքի տուն պիտի կոչվի" (Ես. 56.7բ),

իսկ դուք այն ավազակների որջ եք դարձրել»։

Հիսուսը տաճարում

(Ղուկ. 19.47-48)

14 Տաճարում նրան մոտեցան կույրեր ու կաղեր, և նա բժշկեց նրանց։ 15 Երբ քահանայապետներն ու դպիրները տեսան նրա կատարած հրաշքները և երեխաներին, որոնք տաճարում բացականչում էին. «Օվսաննա՜ Դավթի Որդուն», բարկացան։ 16 Եվ նրան ասացին. «Լսո՞ւմ ես՝ դրանք ի՛նչ են ասում»։ Հիսուսը նրանց ասաց. «Այո՛, դուք երբևէ չե՞ք կարդացել.

"Մանուկների ու կաթնակերների բերանով

օրհնություն կատարեցիր" (Սաղ. 8.2)»։

17 Եվ թողնելով նրանց՝ գնաց քաղաքից դուրս՝ Բեթանիա, և գիշերն այնտեղ մնաց։

Անիծված թզենին

(Մրկ. 11.12-14, 20-24)

18 Առավոտյան, երբ Հիսուսը քաղաք էր վերադառնում, քաղց զգաց։ 19 Ճանապարհին մի թզենի տեսնելով՝ մոտեցավ, բայց վրան ոչինչ չգտավ, բացի տերևից։ Եվ թզենուն ասաց. «Թող քեզանից հավիտյան պտուղ չլինի», ու թզենին իսկույն չորացավ։ 20 Երբ աշակերտները տեսան, զարմացան և ասացին. «Թզենին ինչպե՞ս իսկույն չորացավ»։ 21 Հիսուսը պատասխանեց ու նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե հավատ ունենաք ու չերկմտեք, ոչ միայն թզենու հետ պատահածը կանեք, այլև եթե այդ լեռանն ասեք՝ "Ե՛լ և ծո՛վն ընկիր", կկատարվի։ 22 Եվ այն ամենը, ինչ աղոթքի մեջ հավատքով խնդրեք, կստանաք»։

Հարց Հիսուսին՝ իր իշխանության մասին

(Մրկ. 11.27-33, Ղուկ. 20.1-8)

23 Երբ Հիսուսը տաճար եկավ և ուսուցանում էր, նրան մոտեցան քահանայապետներն ու ժողովրդի ծերերը և ասացին. «Ի՞նչ իշխանությամբ ես այդ բաներն անում, և ո՞վ տվեց քեզ այդ իշխանությունը»։ 24 Հիսուսը պատասխանեց նրանց. «Ես էլ ձե՛զ մի բան հարցնեմ. եթե ինձ ասեք, ես էլ ձեզ կասեմ, թե ի՛նչ իշխանությամբ եմ այս բաներն անում։ 25 Հովհաննեսի մկրտությունը որտեղի՞ց էր՝ երկնքի՞ց, թե՞ մարդկանցից»։ Եվ նրանք իրար մեջ խորհուրդ էին անում և ասում. «Եթե ասենք՝ երկնքից, մեզ կասի. "Հապա ինչո՞ւ չհավատացիք նրան", 26 իսկ եթե ասենք՝ մարդկանցից, ժողովրդից ենք վախենում, որովհետև բոլորը Հովհաննեսին մարգարե են համարում»։ 27 Հիսուսին պատասխանեցին ու ասացին՝ չգիտենք։ Նա էլ ասաց նրանց. «Ես էլ ձե՛զ չեմ ասի, թե ի՛նչ իշխանությամբ եմ այս բաներն անում։

Առակ երկու որդիների մասին

28 Բայց դուք ի՞նչ եք կարծում։ Մի մարդ երկու որդի ուներ։ Նա եկավ և առաջինին ասաց. "Որդի՛, այսօր գնա՛, իմ այգում աշխատի՛ր"։ 29 Իսկ նա պատասխանեց ու ասաց. "Չեմ ուզում", բայց հետո զղջաց ու գնաց։ 30 Գնաց մյուսի մոտ և նույնն ասաց։ Նա էլ պատասխանեց ու ասաց. "Կգնա՛մ, տե՛ր", ու չգնաց։ 31 Այդ երկուսից ո՞վ հոր կամքը կատարեց»։ Նրան ասացին՝ առաջինը։ Հիսուսը նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ մաքսավորներն ու պոռնիկները ձեզանից առաջ կմտնեն Աստծու արքայություն։ 32 Որովհետև Հովհաննեսը ձեզ մոտ արդարության ճանապարհով եկավ, իսկ դուք նրան չհավատացիք, բայց մաքսավորներն ու պոռնիկները նրան հավատացին։ Դուք դա տեսաք, բայց հետո էլ չզղջացիք ու նրան չհավատացիք։

Չար մշակների առակը

(Մրկ. 12.1-11, Ղուկ. 20.9-19)

33 Մի ուրի՛շ առակ լսեք։ Մի տանուտեր մարդ կար, որն այգի տնկեց, ցանկապատեց այն, մեջը հնձան փորեց ու աշտարակ շինեց, ապա այն տվեց մշակներին և օտար երկիր գնաց։ 34 Երբ բերքի ժամանակը մոտեցավ, իր ծառաներին մշակների մոտ ուղարկեց՝ բերքից իր բաժինը վերցնելու։ 35 Մշակները նրա ծառաներին բռնեցին, մեկին ծեծեցին, մեկին սպանեցին, մեկին էլ քարկոծեցին։ 36 Դարձյալ ուրիշ՝ նախկիններից շատ ծառաների ուղարկեց. սրանց էլ նույնն արեցին։ 37 Վերջապես նրանց մոտ իր որդուն ուղարկեց՝ ասելով. "Իմ որդուց կամաչեն"։ 38 Բայց մշակները, որդուն տեսնելով, իրար մեջ ասացին. "Սա է ժառանգը. եկեք սրան սպանենք և սրա ժառանգությանը տիրանանք"։ 39 Եվ բռնեցին նրան, այգուց դուրս հանեցին ու սպանեցին։ 40 Արդ, երբ այգու տերը գա, այն մշակներին ի՞նչ կանի»։ 41 Նրան ասացին. «Չարերին դաժանորեն կորստյան կմատնի, իսկ այգին ուրիշ մշակների կտա, որոնք բերքը ժամանակին իրեն կտան»։ 42 Հիսուսը նրանց ասաց. «Դուք Սուրբ Գրքում երբեք չե՞ք կարդացել.

"Այն քարը, որ շինարարները մերժեցին,

անկյունաքար դարձավ.

սա Տիրոջ կողմից եղավ,

և մեր աչքին զարմանալի է" (Սաղ. 118.22-23)։

43 Դրա համար ասում եմ ձեզ, որ Աստծու արքայությունը ձեզանից կվերցվի և կտրվի մի ազգի, որն այն պտղաբեր կդարձնի։ 44 Ով այս քարի վրա ընկնի, ջարդուփշուր կլինի, իսկ ում վրա այն ընկնի, նրան կճզմի»։

45 Երբ քահանայապետներն ու փարիսեցիները նրա առակները լսեցին, հասկացան, որ իրենց մասին է ասում։ 46 Եվ ուզում էին նրան բռնել, բայց ժողովրդից վախեցան, որովհետև նրան մարգարե էին համարում։