Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

1 «Քո Տեր Աստծու համար չզոհես ոչ մի արջառ կամ ոչխար, որի վ…

1 «Քո Տեր Աստծու համար չզոհես ոչ մի արջառ կամ ոչխար, որի վրա լինի մի արատ կամ որևէ թերություն, որովհետև դա պիղծ է քո Տեր Աստծու համար։

2 Եթե քո Տեր Աստծու քեզ տված քաղաքներից մեկում ձեր մեջ գտնվի մի տղամարդ կամ կին, որ քո Տեր Աստծու առջև չար գործ կատարի, չպահի նրա ուխտը, 3 գնա պաշտի ուրիշ աստվածների, երկրպագի նրանց, այսինքն՝ արեգակին կամ լուսնին և կամ աստղերից որևէ մեկին, որ ես չեմ հրամայել, 4 և այդ բանը պատմվի քեզ, ու դու լսես, ապա խիստ քննություն կկատարես, և եթե տեսնես, որ դա ստույգ և ճշմարիտ է, որ Իսրայելում այդ պղծությունը կատարվել է, 5 այն ժամանակ այդ չար գործը կատարած տղամարդուն կամ կնոջը բերել կտաս քո քաղաքի դռներից դուրս, քարերով քարկոծել կտաս այդ տղամարդուն կամ կնոջը, որ նա մեռնի։ 6 Մահապարտը պետք է մեռնի երկու կամ երեք հոգու վկայությամբ. մեկ վկայի վկայությամբ մահվան չպետք է դատապարտվի։ 7 Առաջինը վկաների ձեռքը պետք է բարձրանա նրա վրա՝ սպանելու նրան, ապա՝ ամբողջ ժողովրդի ձեռքը։ Այդպիսով չարությունը ձեր միջից կվերացնես։ 8 Եթե քաղաքներում արյունահեղության, դատական վճռի, պատճառված ծանր վերքի վերաբերյալ մի գործ դատելու համար շատ դժվար երևա քեզ, այսինքն՝ առիթ տա վեճերի, ապա վեր կկենաս և կգնաս քո Տեր Աստծու ընտրած վայրը։ 9 Կգնաս ղևտացի քահանաների և այդ ժամանակի դատավորի մոտ ու կհարցնես, և նրանք քեզ կասեն դատարանի վճիռը։ 10 Եվ կանես այդ վճռի համաձայն, որ նրանք ասացին քեզ Տիրոջ ընտրած վայրում։ Եվ զգուշությամբ կկատարես այն ձեզ տված նրանց ցուցումների համաձայն։ 11 Կշարժվես ըստ այն օրենքի, որ նրանք կուսուցանեն քեզ, և ըստ այն դատաստանի, որ կծանուցեն քեզ. քեզ հայտնած նրանց խոսքից աջ և ձախ չշեղվես։ 12 Բայց այն մարդը, որ հանդգնություն ցուցաբերելով չի լսի քո Տեր Աստծուն ծառայելու համար այնտեղ կանգնած այդ քահանային կամ դատավորին, այդ մարդը մահվամբ կպատժվի։ Այդպիսով չարությունը կվերացնես Իսրայելից, 13 և ամբողջ ժողովուրդը լսելով կվախենա, և այլևս հանդգնություն չեն անի։

Օրենքներ թագավորի վերաբերյալ

14 Երբ մտնես այն երկիրը, որ քո Տեր Աստվածը տալու է քեզ, տիրես նրան և բնակվես նրա մեջ ու ասես՝ “Ինձ վրա թագավոր դնեմ իմ շուրջը գտնվող բոլոր ազգերի նման”, 15 անպատճառ քեզ վրա թագավոր կդնես նրան, որին կընտրի քո Տեր Աստվածը։ Քո եղբայրների՛ց քեզ վրա թագավոր կդնես. դու չես կարող քեզ վրա թագավոր դնել մի օտարականի, որ քո եղբայրը չէ։ 16 Սակայն նա շատ ձիեր չունենա և ժողովրդին չվերադարձնի Եգիպտոս՝ ձիերը շատացնելու համար, որովհետև Տերը ձեզ ասել է. “Այդ ճանապարհով այլևս ետ չդառնաք”։ 17 Նաև իր կանանց չշատացնի, որպեսզի իր սիրտը չխոտորվի, և իր համար շատ արծաթ ու ոսկի չկուտակի։ 18 Բայց հենց որ նստի իր թագավորական գահին, թող գրի իր համար այս օրենքների պատճենն այն գրքից, որ ղևտացի քահանաների մոտ է։ 19 Դա իր մոտ թող մնա, և այն կարդա իր կյանքի բոլոր օրերին, որպեսզի սովորի վախենալ իր Տեր Աստծուց, պահել այս օրենքի բոլոր խոսքերը և զգուշությամբ գործադրել այս կանոնները, 20 որ իր սիրտը չմեծամտանա իր եղբայրների վրա, և այս պատվիրաններից աջ ու ձախ չշեղվի, որպեսզի իր և իր որդիների թագավորությունը երկար տևի Իսրայելի մեջ»։