Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

1 Հիշի՛ր քո Արարչին քո երիտասարդության օրերին, քանի դեռ չեն եկել…

1 Հիշի՛ր քո Արարչին քո երիտասարդության օրերին, քանի դեռ չեն եկել թշվառության օրերը, և չեն հասել այն տարիները, որոնցում ասելու ես. «Դրանց մեջ ես հաճույք չեմ զգում»։

2 Քանի դեռ չեն խավարել արեգակն ու լույսը, լուսինն ու աստղերը, և անձրևից հետո ամպերը չեն վերադարձել.

3 Այն օրը, երբ կդողդողան տան պահապանները, կկորանան զորավոր մարդիկ, քչանալու պատճառով կդադարեն աղացողները և պատուհանից նայողները կմռայլվեն,

4 Փողոցի դռները* կփակվեն, աղորիքի ձայնը կտկարանա, և նա թռչնի ձայնից կարթնանա, և երգի բոլոր դուստրերը կթուլանան։

5 Բարձր տեղից պիտի վախենան և պիտի սարսափեն ճանապարհին. նշենին պիտի ծաղկի,*և մարախը պիտի ծանրանա,* ախորժակը* պիտի դադարի, որովհետև մարդը գնում է իր հավիտենական տունը, և փողոցում շրջում են սգացողները։

6 Քանի դեռ արծաթի թելը չի կտրվել, ոսկե բաժակը չի կոտրվել, և աղբյուրի մոտ չի փշրվել սափորը, ջրհորի վրա չի կոտրվել անիվը,

7 Հողը առաջվա պես երկրին պիտի դառնա, հոգին պիտի դառնա Աստծու մոտ, որ այն տվել էր։

8 Ունայնություն ունայնությանց,- ասաց Ժողովողը,- ամեն բան ունայն է։

Վերջաբան

9 Իմաստուն լինելուց բացի Ժողովողը ժողովրդին նաև գիտություն սովորեցրեց, կշռադատեց ու քննեց և շատ առակներ շարադրեց։

10 Ժողովողը փորձեց վայելուչ խոսքեր գտնել և ուղղամտությամբ ճշմարտության խոսքեր գրեց։

11 Իմաստունների խոսքերը խթանների պես են. ժողովածուների տերերի ձեռքով գամված բևեռներ են՝ մեկ հովվից տրված։

12 Եվ վերջապես, որդյա՛կս, նրանցի՛ց խրատվիր. շատ գրքեր գրելը վերջ չունի, և շատ կարդալը մարմինը հոգնեցնում է։

13 Ամբողջ խոսքի վախճանը լսենք. Աստծուց վախեցի՛ր և պահի՛ր նրա պատվիրանները, որովհետև մարդու համար սա է իր ամբողջ պարտավորությունը։

14 Որովհետև Աստված բոլոր գործերը դատաստանի է բերելու ամեն ծածուկ բանի հետ՝ բարի թե չար։

*12.4 Բռց. ճանապարհին նայող։

*12.5 Այսինքն՝ մարդու մազերը պիտի ճերմակեն։

*12.5 Այսինքն՝ մարախը պիտի դժվարանա ինքն իրեն քարշ տալ։

*12.5 Կամ կապարը (գետնատարած փշոտ բույս)։