Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Մովսեսը նորից է ստանում պատվիրանները (Ելք 34.1-10) 1 &laqu…

Մովսեսը նորից է ստանում պատվիրանները

(Ելք 34.1-10)

1 «Այն ժամանակ Տերն ինձ ասաց. “Կոփի՛ր նախկինների նման երկու քարե տախտակներ, բարձրացի՛ր լեռը՝ ինձ մոտ, և փայտից մի տապանա՛կ պատրաստիր քեզ համար։ 2 Ես տախտակների վրա կգրեմ այն խոսքերը, որոնք քո կոտրատած նախկին տախտակների վրա էին, ու դրանք կդնես տապանակի մեջ”։ 3 Ես սատիմի փայտից մի տապանակ պատրաստեցի, առաջինների պես երկու քարե տախտակներ կոփեցի և բարձրացա լեռը՝ այդ երկու տախտակներն իմ ձեռքին։ 4 Այդ տախտակների վրա նախկին գրվածքի նման գրեց այն տասը խոսքերը, որ Տերն ասել էր ձեզ լեռան վրա, կրակի միջից, հավաքի օրը։ Եվ Տերը դրանք տվեց ինձ։ 5 Ետ դառնալով՝ իջա լեռից, տախտակները դրեցի այն տապանակի մեջ, որ պատրաստել էի, որպեսզի դրանք մնան այնտեղ, ինչպես Տերը պատվիրել էր ինձ։ 6 Իսրայելի որդիները Բերոթ-Բանե-Յականից մեկնեցին Մոսերա։ Այնտեղ մեռավ Ահարոնը և այնտեղ էլ թաղվեց։ Նրա որդի Եղիազարը քահանա եղավ նրա փոխարեն։ 7 Այնտեղից մեկնեցին Գադգադ և Գադգադից էլ՝ ջրի հոսքերի երկիրը՝ Ետեբաթա։

8 Այդ ժամանակ Տերն առանձնացրեց Ղևիի ցեղը, որ տանի Տիրոջ ուխտի տապանակը, կանգնի Տիրոջ առաջ, ծառայի նրան և օրհնի նրա անունով, ինչպես որ շարունակվում է մինչև այսօր։ 9 Այդ պատճառով էլ Ղևին իր եղբայրների հետ բաժին ու ժառանգություն չունեցավ։ Նրա ժառանգությունը Տերն է, ինչպես որ քո Տեր Աստվածն ասաց նրան։

10 Ես առաջին օրերի նման քառասուն օր և քառասուն գիշեր մնացի լեռան վրա. Տերն այս անգամ էլ լսեց ինձ և չուզեց քեզ կործանել։ 11 Տերն ինձ ասաց. “Վե՛ր կաց, գնա՛ ժողովրդի առջևից, որպեսզի մտնեն և ժառանգեն այն երկիրը, որ երդումով խոստացա նրանց հայրերին, որ կտամ նրանց”։

Ի՞նչ է պահանջում Աստված

12 Արդ, ո՛վ Իսրայել, ի՞նչ է պահանջում քեզանից քո Տեր Աստվածը. միայն այն, որ վախենաս քո Տեր Աստծուց, ընթանաս նրա բոլոր ճանապարհներով, սիրես նրան ու պաշտես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով և քո ամբողջ հոգով, 13 որ պահես Տիրոջ պատվիրաններն ու կանոնները, որ ես այսօր պատվիրում եմ քեզ, որպեսզի քեզ համար լավ լինի։ 14 Ահա քո Տեր Աստծունն են երկինքն ու երկինքների երկինքը, երկիրն ու նրա մեջ եղած ամեն բան։ 15 Տերը միայն քո հայրերին հավանեց, որ սիրի նրանց, և նրանցից հետո ընտրեց ձեզ՝ նրանց զավակներին, բոլոր ազգերի միջից, ինչպես որ այսօր է։ 16 Ուրեմն թլփատե՛ք ձեր սրտերի անթլփատությունը և այլևս համառ մի՛ եղեք, 17 որովհետև ձեր Տեր Աստվածը աստվածների Աստվածն է և տերերի Տերը. այն մեծ, հզոր և ահեղ Աստվածն է, որ աչառություն չի անում և կաշառք չի առնում, 18 որ պաշտպանում է որբի ու որբևայրու իրավունքը, որ սիրում է պանդուխտին և նրան տալիս է հաց ու հագուստ։ 19 Ուրեմն սիրե՛ք պանդուխտին, որովհետև դուք էլ էիք պանդուխտ եգիպտացիների երկրում։ 20 Վախեցի՛ր քո Տեր Աստծուց, պաշտի՛ր նրան, հարի՛ր նրան և երդվի՛ր նրա անունով։ 21 Նա է քո պարծանքը և նա է քո Աստվածը, որ քեզ համար այս մեծ և սքանչելի գործերն արեց, որոնք քո աչքերը տեսան։ 22 Քո հայրերը Եգիպտոս իջան յոթանասուն հոգով. իսկ հիմա քո Տեր Աստվածը քեզ բազմացրել է երկնքի աստղերի պես»։