Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Փառաբանության երգ Դավթի օրհնաբանություն։ 1 Պիտի բարձրացնեմ…

Փառաբանության երգ

Դավթի օրհնաբանություն։

1 Պիտի բարձրացնեմ քեզ, ո՛վ իմ Աստված, ո՛վ Թագավոր, և պիտի օրհնեմ քո անունը հավիտյանս հավիտենից։

2 Ամեն օր պիտի օրհնեմ քեզ և քո անունը պիտի գովեմ հավիտյանս հավիտենից։

3 Մեծ է Տերը և հույժ գովելի, և չափ չկա նրա մեծությանը։

4 Սերունդը սերնդին պիտի գովի քո գործերը, և պիտի պատմեն քո զորությունները։

5 Քո փառավոր մեծության գեղեցկության մասին և քո հրաշալի գործերի մասին պիտի ես մտածեմ։

6 Քո ահավոր զորության մասին պիտի խոսեն, և ես պիտի պատմեմ քո մեծությունը։

7 Քո մեծ բարության հիշատակը պիտի հրապարակեն և ցնծությամբ պիտի պատմեն քո մեծության մասին։

8 Ողորմած և գթած է Տերը, համբերատար է և բազումողորմ։

9 Բարի է Տերը բոլորի համար, և նրա գթությունը իր բոլոր գործերի վրա է լինում։

10 Տե՛ր, քո բոլոր գործերը քեզ պիտի գովաբանեն, և քո սրբերը պիտի օրհնեն քեզ։

11 Քո թագավորության փառքի մասին պիտի խոսեն և պիտի պատմեն քո զորությունները,

12 Որպեսզի մարդկանց որդիներին իմացնեն նրա զորությունները և նրա թագավորության փառավոր մեծությունը։

13 Քո թագավորությունը հավիտենական թագավորությունն է, և քո իշխանությունը՝ սերնդից սերունդ։

14 Տերը հաստատ է պահում ցած ընկնողներին և կանգնեցնում է բոլոր կռացածներին։

15 Բոլորի աչքերը քեզ են սպասում, և դու նրանց կերակուրը տալիս ես իրենց ժամանակին։

16 Դու բացում ես քո ձեռքը և հաճությամբ կշտացնում ես ամեն կենդանու։

17 Տերն արդար է իր բոլոր ճանապարհների մեջ և ողորմած է իր բոլոր գործերում։

18 Տերը մոտիկ է բոլորին, որ իրեն են կանչում. այն բոլորին, որ ճշմարտությամբ կանչում են իրեն։

19 Նա կատարում է իրենից վախեցողների կամքը և լսում է նրանց աղաղակը ու փրկում է նրանց։

20 Տերը պահում է բոլոր իրեն սիրողներին, բայց պիտի կորցնի բոլոր ամբարիշտներին։

21 Իմ բերանը պիտի խոսի Տիրոջ օրհնությունը, և ամեն մարմին պիտի օրհնի նրա սուրբ անունը հավիտյանս հավիտենից։