Հին Կտակարան
Նոր Կտակարան
1 Հետո Սողոմոնն սկսեց կառուցել Տիրոջ տունը Երուսաղեմում՝ Մորիա լ…
1 Հետո Սողոմոնն սկսեց կառուցել Տիրոջ տունը Երուսաղեմում՝ Մորիա լեռան վրա, ուր Տերը երևացել էր նրա հորը՝ Դավթին, այն տեղում, որ Դավիթը պատրաստել էր հեբուսացի Ոռնայի կալում։ 2 Նա սկսեց այն կառուցել իր թագավորության չորրորդ տարվա երկրորդ ամսի երկուսին։ 3 Ահա Սողոմոնի դրած հիմքը Աստծու տունը կառուցելու համար. դրա երկարությունը նախկին չափով վաթսուն կանգուն էր, իսկ լայնությունը՝ քսան կանգուն։ 4 Տաճարի առջևի սրահի երկարությունը տան լայնության համեմատ քսան կանգուն էր, իսկ բարձրությունը՝ հարյուր քսան կանգուն, և ներսից այն երեսապատեց մաքուր ոսկով։ 5 Մեծ տունը ծածկեց մայրի փայտով, այն երեսապատեց մաքուր ոսկով և վրան քանդակեց արմավենիներ ու շղթաներ։ 6 Շքեղության համար տունը զարդարեց թանկարժեք քարերով. իսկ ոսկին Փարուիմի ոսկի էր։ 7 Տան գերանները, դռան սյուները, դրա պատերն ու դռները պատեց ոսկով և պատերին քերովբեներ քանդակեց։ 8 Նա շինեց նաև սրբությունների սրբության սրահը. դրա երկարությունը տան լայնության համեմատ քսան կանգուն էր, դրա լայնությունն էլ՝ քսան կանգուն։ Նա այն պատեց վեց հարյուր տաղանդ մաքուր ոսկով։ 9 Մեխերի կշիռը մինչև հիսուն սիկղ ոսկի էր։ Վերնատները նույնպես պատեց ոսկով։ 10 Սրբությունների սրբության մեջ երկու քանդակազարդ քերովբեներ պատրաստեց և դրանք պատեց ոսկով։ 11 Քերովբեների թևերի երկարությունը քսան կանգուն էր. մեկ թևը հինգ կանգուն էր և դիպչում էր տան պատին, մյուս թևն էլ՝ հինգ կանգուն և դիպչում էր մյուս քերովբեի թևին։ 12 Մյուս քերովբեի մեկ թևը հինգ կանգուն էր և դիպչում էր տան պատին, մյուս թևն էլ՝ հինգ կանգուն և կցված էր մյուս քերովբեի թևին։ 13 Այս քերովբեների տարածված թևերը քսան կանգուն էին. դրանք կանգնած էին իրենց ոտքերի վրա, և դրանց դեմքերը դարձած էին դեպի տունը։
14 Նա վարագույրը պատրաստեց կապուտակ, ծիրանագույն, կարմիր գործվածքներից ու բեհեզից և դրա վրա հյուսեց քերովբեներ։
Պղնձե երկու սյուները
(Գ Թագ. 7.15-22)
15 Տան առջև երկու սյուներ կանգնեցրեց երեսունհինգ կանգուն երկարությամբ, որոնց ամեն մեկի գլխի խոյակը հինգ կանգուն էր։ 16 Նա սրբությունների սրբության մեջ եղածի նման շղթաներ պատրաստեց ու դրեց սյուների գլուխներին և հարյուր նուռ սարքեց ու անցկացրեց շղթաներին։ 17 Սյուները կանգնեցրեց տաճարի առաջ՝ մեկը աջ կողմում, մյուսը ձախ կողմում. աջ կողմինը կոչեց Հաքին, իսկ ձախ կողմինը՝ Բոոզ։