Հին Կտակարան
Նոր Կտակարան
Հորդոր երեցներին 1 Աղաչում եմ ձեր մեջ եղած երեցներին որպես եր…
Հորդոր երեցներին
1 Աղաչում եմ ձեր մեջ եղած երեցներին որպես երեց, վկա Քրիստոսի չարչարանքների և մասնակից գալիք փառքի հայտնության. 2 արածեցրե՛ք Աստծու հոտը, որ ձեզ մոտ է՝ վերակացու լինելով ոչ թե ստիպված, այլ հոժարակամ՝ ըստ Աստծու, ոչ թե շահասիրությամբ, այլ հոժարությամբ, 3 ոչ թե նրանց տիրելով, որ բաժին են ընկել ձեզ, այլ հոտին օրինակ լինելով։ 4 Եվ երբ Հովվապետը երևա, փառքի անթառամ պսակը կստանաք։
Հորդոր երիտասարդներին
5 Նույնպես և դուք, երիտասարդնե՛ր, հնազանդվե՛ք ծերերին, բոլորդ միմյանց նկատմամբ խոնարհությո՛ւն ունեցեք, որովհետև
«Աստված ամբարտավաններին հակառակ է,
իսկ խոնարհներին շնորհ է տալիս»։
6 Աստծու հզոր ձեռքի տակ խոնարհվե՛ք, որպեսզի ձեզ ժամանակին բարձրացնի։ 7 Ձեր ամբողջ հոգսը նրա վրա՛ գցեք, որովհետև նա ձեզ հոգ է տանում։
8 Զգո՛ն եղեք, արթո՛ւն եղեք, որովհետև ձեր թշնամին՝ սատանան, մռնչացող առյուծի պես շրջում է և փնտրում, թե ո՛ւմ կուլ տա։ 9 Դիմադրե՛ք նրան՝ հավատով հաստատուն լինելով և իմանալով, որ ձեր եղբայրներն էլ աշխարհում նույն չարչարանքներն են կրում։
10 Եվ ամեն շնորհի Աստվածը, որ ձեզ Քրիստոս Հիսուսով դեպի իր հավիտենական փառքը կանչեց, ձեր՝ փոքր-ինչ չարչարվելուց հետո կվերականգնի, կամրացնի, կզորացնի, հաստատահիմն կդարձնի։ 11 Նրան իշխանությո՜ւն հավիտյանս հավիտենից։ Ամեն։
Վերջին հանձնարարություն և հրաժեշտ
12 Սիղվանոսի միջոցով, որը, ինչպես կարծում եմ, ձեր հավատարիմ եղբայրն է, համառոտ գրեցի, որպեսզի հորդորեմ և վկայեմ, որ Աստծու ճշմարիտ շնորհը այս է, որի մեջ իսկ կաք։
13 Ձեզ ողջունում են Բաբելոնում գտնվող ընտրյալ եկեղեցին և իմ որդի Մարկոսը։ 14 Ողջունե՛ք միմյանց սիրո համբույրով։ Խաղաղություն ձեզ բոլորիդ, որ Քրիստոս Հիսուսի մեջ եք։ Ամեն։