Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Աստծու բարության փառաբանություն Դավթի (սաղմոս), երբ նա իր կերպարան…

Աստծու բարության փառաբանություն

Դավթի (սաղմոս), երբ նա իր կերպարանքը փոխեց Աբիմելեքի առաջ, որն էլ դուրս գցեց նրան, և նա գնաց։

1 Տիրոջը պիտի օրհնաբանեմ ամեն ժամանակ. նրա փառաբանությունը միշտ իմ բերանում պիտի լինի։

2 Իմ անձը պիտի պարծենա Տիրոջով, խեղճերը պիտի լսեն և ուրախանան։

3 Ինձ հետ մեծարեցե՛ք Տիրոջը, իրար հետ բարձրացնենք նրա անունը։

4 Ես դիմեցի Տիրոջը, և նա պատասխան տվեց ինձ և իմ ամեն սարսափից ազատեց ինձ։

5 Նրան նայեցին և լուսավորվեցին, և նրանց երեսը չպիտի ամաչի։

6 Այս աղքատն աղաղակեց, և Տերը լսեց ու փրկեց նրան իր բոլոր նեղություններից։

7 Տիրոջ հրեշտակը բանակ է դնում իրենից վախեցողների չորս կողմում և ազատում է նրանց։

8 Ճաշակեցե՛ք և տեսե՛ք, որ Տերը քաղցր է. երանելի է այն մարդը, որ ապավինել է նրան։

9 Վախեցե՛ք Տիրոջից, ո՛վ նրա սրբեր, որովհետև նրանից վախեցողների համար ոչինչ չի պակասի։

10 Առյուծի կորյունները կարիքի մեջ են և սոված, բայց Տիրոջը դիմողները ոչ մի բարիքի պակասություն չունեն։

11 Եկե՛ք, որդինե՛ր, լսեցե՛ք ինձ. ես Տիրոջ երկյուղը կսովորեցնեմ ձեզ։

12 Ո՞վ է այն մարդը, որ ուզում է կյանք ունենալ և լավ օրեր է ուզում բարություն տեսնելու համար.

13 Պահի՛ր քո լեզուն չարությունից և քո շրթունքները, որ նենգություն չխոսեն։

14 Հեռացի՛ր չարից և բարի՛ն գործիր. խաղաղությո՛ւն փնտրիր և գնա՛ նրա ետևից։

15 Տիրոջ աչքերն արդարների վրա են, և նրա ականջները՝ նրանց աղաղակի ձայնին։

16 Տիրոջ երեսը չարագործների դեմ է՝ նրանց հիշատակը երկրից ջնջելու համար։

17 Արդարներն աղաղակում են, և Տերը լսում է ու նրանց փրկում է իրենց բոլոր նեղություններից։

18 Տերը մոտիկ է սիրտը կոտրվածներին և փրկում է վշտաբեկ հոգիներին։

19 Արդարի նեղությունները շատ են, բայց Տերն այդ բոլորից ազատում է նրան։

20 Տերը պահում է նրա բոլոր ոսկորները, որ նրանցից ոչ մեկն էլ չկոտրվի։

21 Չարությունը կսպանի ամբարիշտին, և արդարին ատողները կդատապարտվեն։

22 Տերը փրկում է իր ծառաների անձը, և բոլոր նրան ապավինողները չեն դատապարտվի։