Հին Կտակարան
Նոր Կտակարան
Կյուրոսը թույլատրում է հրեաների վերադարձը 1 Եվ պարսից Կյուրոս…
Կյուրոսը թույլատրում է հրեաների վերադարձը
1 Եվ պարսից Կյուրոս թագավորի առաջին տարում, Երեմիայի բերանով ասված Տիրոջ խոսքը կատարելու համար, Տերը զարթնեցրեց պարսից Կյուրոս թագավորի հոգին, և նա պատգամ ուղարկեց իր ողջ թագավորության մեջ, նաև հրովարտակ արձակեց՝ ասելով. 2 «Այսպես է ասում պարսից Կյուրոս թագավորը. “Երկրի բոլոր թագավորություններն ինձ է տվել երկնքի Աստվածը՝ Տերը, և նա ինձ պատվիրեց, որ Հուդա երկրի Երուսաղեմ քաղաքում իր համար մի տուն շինեմ։ 3 Ձեզանից ամեն մեկը, ով որ նրա ժողովրդից է, իր Աստվածն իր հետ լինի, թող ելնի Երուսաղեմ, որ Հուդայում է, և շինի Իսրայելի Աստծու՝ Տիրոջ տունը. նա է Աստված, որ Երուսաղեմում է։ 4 Իսկ մնացած բոլորը՝ ամեն տեղերից, ուր էլ որ պանդուխտ լինի նա, նրան թող օգնեն արծաթով և ոսկով, ունեցվածքով և անասուններով՝ Երուսաղեմում եղող Աստծու տան համար կամավոր ընծաների հետ”»։
5 Այն ժամանակ վեր կացան Հուդայի և Բենիամինի տոհմապետները և քահանաները և ղևտացիները, ամենքը, ում հոգին զարթնեցրեց Աստված, որ ելնեն գնան շինելու Երուսաղեմում եղող Աստծու տունը։ 6 Եվ նրանց շուրջը բոլոր եղողները օգնեցին նրանց արծաթի անոթներով, ոսկով, ունեցվածքով և անասուններով ու թանկագին բաներով, բացի այն ամենից, որ կամովին ընծայեցին։
7 Եվ Կյուրոս թագավորը դուրս հանեց Տիրոջ տան անոթները, որ Երուսաղեմից տարել էր Նաբուգոդոնոսորը և դրանք դրել էր իր աստծո տանը։ 8 Եվ պարսից Կյուրոս թագավորը դրանք դուրս հանեց Միթրիդատ գանձապետի ձեռքով, հաշվեց դրանք և հանձնեց Հուդայի իշխան Սասբասարին։ 9 Եվ այս է դրանց թիվը. երեսուն ոսկե կոնք, հազար արծաթե կոնք, քսանինը դանակ. 10 երեսուն ոսկե տաշտ, չորս հարյուր տասը երկրորդ կարգի արծաթե տաշտ և հազար ուրիշ անոթներ։ 11 Ոսկե և արծաթե բոլոր անոթները հինգ հազար չորս հարյուրն էին։ Սասբասարը բոլորն իր հետ վերցրեց գերիներին Բաբելոնից Երուսաղեմ տանելիս։