Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

1 Գիշերն իմ անկողնում ես փնտրեցի իմ հոգու սիրելիին. փնտրեցի, բայ…

1 Գիշերն իմ անկողնում ես փնտրեցի իմ հոգու սիրելիին. փնտրեցի, բայց չգտա։

2 Վեր կենամ, շրջեմ քաղաքում, փողոցներում ու հրապարակներում, փնտրեմ իմ հոգու սիրելիին. փնտրեցի նրան, բայց չգտա։

3 Քաղաքում շրջող պահապանները գտան ինձ. «Տեսե՞լ եք իմ հոգու սիրելիին»։

4 Հազիվ էի անցել նրանցից, երբ գտա իմ հոգու սիրելիին. բռնեցի նրան և բաց չթողեցի, մինչև որ նրան չտարա մորս տունը և ինձ ծնողի ներքնասենյակը։

5 Ո՛վ Երուսաղեմի աղջիկներ, երդվել եմ տալիս ձեզ, այծյամներով կամ դաշտի եղնիկներով, մի՛ զարթնեցրեք և մի՛ արթնացրեք սերը, մինչև որ ինքը չբարեհաճի։

Երրորդ երգ

6 Ո՞վ է սա, որ գալիս է անապատից ծխի սյուների նման, խնկված* զմուռսով ու կնդրուկով և բուրավաճառի ամեն տեսակ փոշիներով։

7 Ահա Սողոմոնի գահույքը*. Իսրայելի զորավորներից վաթսուն զորավորներ կան նրա շուրջը։

8 Նրանք բոլորն էլ սուսերավոր են, պատերազմի վարժված, յուրաքանչյուրի սուրն իր ազդրի վրա՝ գիշերվա ահի համար։

9 Սողոմոն թագավորը Լիբանանի փայտից մի գահավորակ է սարքել իր համար։

10 Նրա սյուներն արծաթից է շինել, հենարանը՝ ոսկուց, բազմոցը՝ ծիրանիից. նրա ներսը Երուսաղեմի աղջիկների սիրով է գործված։

11 Ո՛վ Սիոնի աղջիկներ, դո՛ւրս եկեք ու տեսե՛ք Սողոմոն թագավորին այն թագով, որով պսակեց նրան նրա մայրը, նրա փեսայանալու օրը, նրա սրտի ուրախության օրը։

 

*3.6 Բռց. օծանված։

*3.7 Կամ անկողինը։