Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Չափալարի տեսիլքը 1 Եվ ես աչքերս վեր բարձրացրի և ահա մի մարդ տ…

Չափալարի տեսիլքը

1 Եվ ես աչքերս վեր բարձրացրի և ահա մի մարդ տեսա՝ ձեռքին չափալար։ 2 Եվ ասացի. «Դու ո՞ւր ես գնում»։ Եվ նա ինձ ասաց. «Երուսաղեմը չափելու, որ տեսնեմ, թե որքան է լայնությունը, և որքան՝ երկարությունը»։ 3 Եվ ահա ինձ հետ խոսող հրեշտակը դուրս եկավ, և մի ուրիշ հրեշտակ դուրս եկավ նրան ընդառաջ։ 4 Եվ նա ասաց. «Վազի՛ր և ասա՛ այս երիտասարդին. “Երուսաղեմն իր մեջ եղած մարդկանց և անասունների շատության պատճառով առանց պարսպի պիտի բնակեցվի։ 5 Եվ ես նրա համար շուրջբոլորը հրեղեն պարիսպ պիտի լինեմ,- ասում է Տերը,- և նրա մեջ փառք պիտի լինեմ”»։

Տուն վերադառնալու կանչ աքսորվածներին

6 «Օ՜, օ՜, հյուսիսի երկրից փախե՛ք,- ասում է Տերը,- որովհետև երկնքի չորս հողմերի պես ցրել եմ ձեզ,- ասում է Տերը։- 7 Օ՜, Սիո՛ն, ազատվի՛ր, որ բնակվում ես Բաբելոնի դստեր մոտ»։ 8 Որովհետև Զորքերի Տերն այսպես է ասում. «Փառքի հետևից է ինձ ուղարկել ձեզ կողոպտող ազգերին, որովհետև ձեզ դիպչողը նրա աչքերի բիբին է դիպչում։ 9 Որովհետև ես իմ ձեռքն ահա շարժելու եմ նրանց դեմ, և նրանք իրենց ծառայողներին ավար պիտի դառնան, և պիտի իմանաք, որ Զորքերի Տերն է ինձ ուղարկել։ 10 Ցնծա՛ և ուրախացի՛ր, ո՛վ Սիոնի դուստր, որովհետև ես ահա գալիս եմ ու բնակվելու եմ քո մեջ»,- ասում է Տերը։ 11 «Այդ օրը շատ ազգեր Տիրոջն են հարելու և ինձ ժողովուրդ են լինելու, և ես քո մեջ եմ բնակվելու։ Եվ դու կիմանաս, որ Զորքերի Տերն է ինձ ուղարկել քեզ մոտ։ 12 Եվ Տերը սուրբ երկրում որպես իր բաժին պիտի ժառանգի Հուդային և կրկին պիտի ընտրի Երուսաղեմին»։ 13 Եվ թող ամեն մարմին լռի Տիրոջ առաջ, որովհետև նա զարթնեց իր սուրբ բնակարանից։