Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

1 Իմաստունի պես ո՞վ կա և ո՞վ է խոսքի մեկնությունն իմացողը. մարդո…

1 Իմաստունի պես ո՞վ կա և ո՞վ է խոսքի մեկնությունն իմացողը. մարդու իմաստությունը փայլեցնում է նրա երեսը, և նրա երեսի խստությունը փոխվում է։

Հնազանդվել թագավորին

2 Ես ասում եմ. «Պահի՛ր թագավորի հրամանը, մանավանդ Աստծու առաջ տրված երդման համաձայն։

3 Մի՛ շտապիր թագավորի առաջից գնալ, մի՛ կանգնիր չար գործի համար, որովհետև նա ամենը, ինչ որ ուզում է, անում է»։

4 Որովհետև թագավորի խոսքը զորավոր է. նրան ո՞վ կարող է ասել. «Ի՞նչ ես անում»։

5 Թագավորի պատվիրանը պահողը չարիքի չի հանդիպում, այլ իմաստունի միտքը ժամանակն ու դատելու եղանակը գիտի։

6 Որովհետև ամեն ինչի համար ժամանակ և դատաստան կա. չէ՞ որ մարդու վրա մեծ չարիք կա։

7 Որովհետև նա չգիտի, թե ի՛նչ է լինելու և ե՛րբ է լինելու. ո՞վ կարող է հայտնել նրան, թե ինչպե՛ս է լինելու։

8 Մարդ չկա, որ հոգու*վրա իշխի, որ հոգուն* արգելի, և մահվան օրվա վրա իշխող չկա, և պատերազմի մեջ ազատում չկա, և անիրավություն գործողը չի ազատվի։

Ամբարիշտը և արդարը

9 Այս բոլորը տեսա և արեգակի տակ եղած բոլոր գործերին միտքս դարձրի. ժամանակ կա, որ մարդ մարդու վրա իշխում է ի վնաս իրեն։

10 Եվ հետո տեսա, որ անիրավները թաղվեցին. եկած ու գնացած էին սուրբ տեղից, մոռացվեցին այն քաղաքում, ուր որ այսպես էին վարվել. սա էլ է ունայնություն։

11 Որովհետև չար արարքի վճիռը շուտով չի գործադրվում, սրա համար էլ մարդկանց որդիների սիրտը չարությամբ է լցված։

12 Թեև մեղավորը հարյուր անգամ չարություն գործի, և իր կյանքը երկարի, այնուամենայնիվ գիտեմ, որ բարօրություն կլինի Աստծուց վախեցողներին, որոնք վախենում են նրա առաջ։

13 Բայց անիրավին բարօրություն չի լինելու, և իր օրերը չի երկարացնելու ստվերի նման, որովհետև Աստծու երեսից չի վախենում։

14 Մի ունայնություն կա, որ լինում է երկրի վրա. արդարներ կան, որոնց պատահում է* ըստ անիրավների արարքների, և անիրավներ կան, որոնց պատահում է ըստ արդարների արարքների. ասացի, որ սա էլ է ունայնություն։

15 Եվ ես գովեցի ուրախությունը, որովհետև մարդու համար արեգակի տակ ուտելուց, խմելուց և ուրախանալուց բացի լավ բան չկա, և արեգակի տակ իր կյանքի օրերում, որ Աստված նրան է տվել, սա է նրա հետ գնում իր աշխատանքի մեջ։

16 Երբ որ միտքս դարձրի իմաստությունը գիտենալու և երկրի վրա կատարվող զբաղումը տեսնելու (որովհետև թե՛ ցերեկը և թե՛ գիշերը նրա աչքը քուն չի տեսնում),

17 Այն ժամանակ Աստծու բոլոր գործերը տեսա, որ մարդը չի կարող հասկանալ այն, ինչ որ կատարվում է արեգակի տակ. որքան էլ մարդը աշխատի փնտրել իմաստը, չի գտնելու. եթե անգամ իմաստունն էլ ասի՝ «Գիտեմ», դարձյալ չի կարող գտնել։

*8.8 Կամ քամու։

*8.8 Կամ քամուն։

*8.14 Այսինքն՝ կհատուցվի։