Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Անաչառ վերաբերմունք բոլորի հանդեպ 1 Եղբայրնե՛ր իմ, աչառությամ…

Անաչառ վերաբերմունք բոլորի հանդեպ

1 Եղբայրնե՛ր իմ, աչառությամբ մի՛ ունեցեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի՝ փառքի Տիրոջ հավատը։ 2 Եթե ձեր ժողովարանը մի մարդ մտնի, որ ոսկե մատանի և շքեղ հագուստ ունի, և այնտեղ մտնի նաև մի աղքատ՝ կեղտոտ հագուստով, 3 և ուշադրություն դարձնեք նրան, ով շքեղ հագուստ ունի, ու ասեք. «Դու այս պատվավոր տե՛ղը նստիր», իսկ աղքատին ասեք. «Դու այդտե՛ղ կանգնիր» կամ «Եկ այստե՛ղ, պատվանդանիս մո՛տ նստիր», 4 դուք ձեր մեջ աչառություն արած չե՞ք լինի կամ չար խորհուրդների դատավորներ չե՞ք լինի։

5 Լսե՛ք, իմ սիրելի՛ եղբայրներ, չէ՞ որ Աստված այս աշխարհի աղքատներին ընտրեց, որոնք հավատով հարուստ են ու ժառանգորդները այն արքայության, որ Աստված խոստացավ իրեն սիրողներին։ 6 Բայց դուք աղքատին անպատվեցիք. չէ՞ որ հարուստներն են ձեզ հարստահարում, և նրանք են ձեզ դատարան քարշ տալիս։ 7 Չէ՞ որ նրանք են հայհոյում այն բարի անունը, որով դուք կոչված եք։ 8 Սակայն եթե թագավորական օրենքը Սուրբ Գրքի համաձայն եք կատարում՝ «Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ» (Ղևտ. 19.18), լավ եք անում։ 9 Բայց եթե աչառություն եք անում, մեղք եք գործում՝ օրենքից որպես օրինազանցներ դատապարտվելով։ 10 Որովհետև ով ամբողջ օրենքը պահի և մեկ բանում սայթաքի, ամբողջ օրենքին պարտական կլինի. 11 քանի որ նա, ով ասաց՝ «Մի՛ շնացիր», նաև ասաց՝ «Մի՛ սպանիր» (Ելք 20.14, 13, Բ Օր. 5.18, 17)։ Ուստի եթե շնություն չանես, բայց սպանես, միևնույն է, օրինազանց կլինես։ 12 Այնպե՛ս խոսեք ու այնպե՛ս արեք, որպես թե ազատության օրենքով եք դատվելու. 13 որովհետև անողորմի նկատմամբ անողորմ դատաստան է լինելու. ողորմածությունը արհամարհում է դատաստանը։

Հավատ և գործ

14 Ի՞նչ է օգուտը, եղբայրնե՛ր իմ, եթե մեկն ասի, թե հավատ ունի, բայց արված գործեր չունենա. մի՞թե հավատը կարող է նրան փրկել։ 15 Եթե մի եղբայր կամ քույր մերկ լինեն կամ օրվա ուտելիքի կարոտ, 16 և ձեզանից մեկն ասի նրանց. «Գնացե՛ք խաղաղությամբ, տաքացե՛ք ու կշտացե՛ք», բայց մարմնին անհրաժեշտ բաները նրանց չտաք, ի՞նչ օգուտ է։ 17 Այդպես էլ հավատը. եթե գործեր չունենա, ինքնին մեռած է։

18 Բայց գուցե մեկն ասի. «Դու հավատ ունես, իսկ ես՝ գործեր. ցո՛ւյց տուր ինձ քո հավատն առանց գործերի, իսկ ես քեզ ցույց կտամ իմ հավատը գործերով»։ 19 Դու հավատում ես, որ Աստված մեկ է, լավ ես անում. դևերն էլ են հավատում և սարսափում են։ 20 Բայց ուզո՞ւմ ես իմանալ, ո՛վ փուչ մարդ, որ հավատն առանց գործերի անիմաստ է։ 21 Մեր հայր Աբրահամը չէ՞ որ գործերով արդարացավ՝ իր որդի Իսահակին զոհասեղանի վրա հանելով։ 22 Տեսնո՞ւմ ես, որ հավատը նրա գործերին գործակից եղավ, և այդ գործերով հավատը կատարյալ դարձավ։ 23 Եվ կատարվեց Գրքի խոսքը, որ ասում է. «Եվ Աբրահամն Աստծուն հավատաց, և դա նրան արդարություն համարվեց» (Ծնն. 15.6), ու Աստծու բարեկամ կոչվեց։ 24 Արդ տեսնո՞ւմ եք, որ մարդ գործերով է արդարանում և ոչ միայն հավատով։ 25 Նույնպես էլ Ռախաբ պոռնիկը գործերով չարդարացա՞վ, երբ լրտեսներին իր մոտ առավ և ուրիշ ճանապարհով արձակեց։ 26 Ինչպես որ մարմինն է առանց հոգու մեռած, այդպես էլ հավատն է առանց գործերի մեռած։