Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Վերջին պատուհասները 1 Երկնքում մի ուրիշ մեծ ու զարմանալի նշան…

Վերջին պատուհասները

1 Երկնքում մի ուրիշ մեծ ու զարմանալի նշան տեսա. յոթ հրեշտակների, որոնք ունեին վերջին յոթ պատուհասները, որովհետև Աստծու բարկությունը նրանցով կատարվեց։

2 Տեսա նաև ապակե ծով՝ կրակի հետ խառնված, և նրանց, ովքեր հաղթեցին գազանին, նրա պատկերին ու նրա անվան թվին, որ կանգնած էին ապակե ծովի վրա և Աստծու քնարներն ունեին։ 3 Եվ երգում էին Աստծու ծառա Մովսեսի երգն ու Գառան երգը՝ ասելով.

«Մեծ ու զարմանալի են քո գործերը,

Տե՛ր Աստված Ամենակալ (Սաղ. 86.10),

արդար ու ճշմարիտ են քո ճանապարհները,

ո՛վ ազգերի Թագավոր։

4 Ո՞վ է, որ չի երկնչելու, Տե՛ր (Երմ. 10.7),

և քո անունը չի փառավորելու,

որովհետև միայն դու ես սուրբ,

որովհետև բոլոր ազգերը պիտի գան

ու քո առաջ պիտի երկրպագություն անեն (Սաղ. 86.9),

քանի որ քո դատաստանները հայտնի դարձան»։

5 Դրանից հետո տեսա, որ երկնքում բացվեց տաճարի վկայության խորանը։ 6 Տաճարից ելնում էին յոթ հրեշտակները, որոնք ունեին յոթ պատուհասները։ Նրանք մաքուր և փայլուն կտավ էին հագել և կրծքին ոսկե գոտիներ կապել։ 7 Այն չորս կենդանիներից մեկը յոթ հրեշտակներին յոթ ոսկե գավաթներ տվեց՝ հավիտյանս հավիտենից կենդանի Աստծու բարկությամբ լի։ 8 Եվ տաճարը լցվեց Աստծու փառքի ու նրա զորության ծխով։ Եվ ոչ ոք չէր կարող տաճար մտնել, մինչև յոթ հրեշտակների յոթ պատուհասները չկատարվեին։