Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Հեսուն՝ Մովսեսի հաջորդը 1 Մովսեսը գնաց և այս խոսքերը խոսեց Իս…

Հեսուն՝ Մովսեսի հաջորդը

1 Մովսեսը գնաց և այս խոսքերը խոսեց Իսրայելի որդիներին ու նրանց ասաց. 2 «Ես այսօր հարյուր քսան տարեկան եմ, այլևս դուրս ելնելու և ներս մտնելու կարողություն չունեմ։ Տերն ինձ ասաց. “Դու այս Հորդանան գետը չես անցնի”։ 3 Քո Տեր Աստվածն ինքը կանցնի քո առաջ, կորստյան կմատնի քո առջևից այս ազգերին, և դու կտիրես նրանց։ Հեսո՛ւն կանցնի քո առաջ, ինչպես ասել է Տերը։ 4 Տերն այնպես կվարվի նրանց հետ, ինչպես վարվեց ամորհացիների Սեհոն և Օգ թագավորների ու նրանց երկրի հետ, որոնց բնաջինջ արեց։ 5 Տերը նրանց կհանձնի ձեր ձեռքը, և դուք նրանց հետ կվարվեք ըստ այն պատվիրանների, որ ես պատվիրել եմ ձեզ։ 6 Զորացե՛ք և քա՛ջ եղեք, մի՛ վախեցեք և մի՛ զարհուրեք նրանցից, որովհետև ձեր Տեր Աստվածն ինքն է գնում ձեզ հետ. նա ձեզ չի թողնի և ձեզ չի լքի»։

7 Մովսեսը կանչեց Հեսուին ու բոլոր իսրայելացիների առջև ասաց նրան. «Զորացի՛ր և քա՛ջ եղիր, որովհետև դու այս ժողովրդին տանելու ես այն երկիրը, որ Տերը երդվեց նրանց հայրերին, որ կտա նրանց. և դո՛ւ ես նրանց ժառանգություն տալու։ 8 Քո առջևից գնացողը նույն ինքը Տերն է. նա քեզ հետ է լինելու, նա քեզ չի թողնի և քեզ չի լքի. մի՛ վախեցիր և մի՛ զարհուրիր»։

Օրենքը պետք է կարդացվի ամեն յոթ տարին մեկ

9 Մովսեսը գրեց այս օրենքը և տվեց Ղևիի որդի այն քահանաներին, որ Տիրոջ ուխտի տապանակը վեր են առնում, ինչպես նաև Իսրայելի բոլոր ծերերին։ 10 Մովսեսը նրանց պատվիրեց՝ ասելով. «Ամեն յոթերորդ տարում՝ թողության տարում, Տաղավարահարաց տոնին, 11 երբ որ ամբողջ Իսրայելը կգա երևալու քո Տեր Աստծու առաջ, նրա ընտրած վայրում, դու կկարդաս այս օրենքը ամբողջ Իսրայելի առջև, որպեսզի լսեն։ 12 Հավաքի՛ր ժողովրդին՝ տղամարդկանց, կանանց, երեխաներին և քո քաղաքներում գտնվող օտարականներին, որպեսզի լսեն, սովորեն ձեր Տեր Աստծուց վախենալ և պահեն ու կատարեն այս օրենքի բոլոր խոսքերը։ 13 Նրանց զավակները, որոնք դեռ չգիտեն, կլսեն ու կսովորեն ձեր Տեր Աստծուց վախենալ այն բոլոր օրերին, որ կապրեք այն երկրում, որ Հորդանանով անցնում եք այնտեղ՝ այն ժառանգելու»։

14 Տերն ասաց Մովսեսին. «Ահա մոտեցել են քո մահվան օրերը։ Կանչի՛ր Հեսուին, և եկեք ներկայացե՛ք ժողովի վրանում, որպեսզի պատվեր տամ նրան»։ Մովսեսն ու Հեսուն գնացին ներկայացան ժողովի վրանում։ 15 Տերն ամպի սյունով երևաց վրանում, և ամպի սյունը կանգնեց վրանի դռանը։ 16 Տերն ասաց Մովսեսին. «Ահա դու կննջես քո հայրերի հետ, և այս ժողովուրդը պիտի ելնի և շնություն անի օտար աստվածների հետևից այն երկրում, ուր նա գնում է. նա պիտի լքի ինձ և պիտի բեկանի իր հետ արած իմ ուխտը։ 17 Այդ օրը իմ բարկությունը պիտի բորբոքվի նրանց վրա, և ես պիտի լքեմ նրանց ու երեսս ծածկեմ նրանցից. պիտի բնաջնջվեն, բազում չարիքների և նեղությունների պիտի հանդիպեն ու այդ օրը պիտի ասեն. “Մի՞թե մեր Աստվածը մեր մեջ չլինելու պատճառով չէ, որ այս չարիքները հանդիպեցին մեզ”։ 18 Ես այդ օրն իմ երեսն ամբողջովին պիտի ծածկեմ նրանց արած բոլոր չարությունների համար, որովհետև դեպի ուրիշ աստվածները դարձան։ 19 Հիմա գրե՛ք այս երգը ձեզ համար. այն սովորեցրո՛ւ Իսրայելի որդիներին, դի՛ր նրանց բերանը, որպեսզի այս երգը վկայություն լինի ինձ համար Իսրայելի որդիների մեջ. 20 որովհետև ես նրանց պիտի տանեմ այն երկիրը, ուր կաթ ու մեղր է բխում, և որի համար ես երդում եմ արել նրանց հայրերին։ Նրանք կուտեն, կկշտանան, կգիրանան, ապա ուրիշ աստվածների կդառնան, կծառայեն նրանց, կարհամարհեն ինձ և կբեկանեն իմ ուխտը։ 21 Իսկ երբ նրանք հանդիպեն բազում չարիքների և նեղությունների, այս երգը թող վկայություն լինի նրանց առաջ, որովհետև այն չպիտի մոռացվի նրանց զավակների բերանից. քանզի ես գիտեմ, թե նրանք ինչ խորհուրդ են անում այսօր, նախքան ես նրանց կտանեմ այն երկիրը, որ երդումով խոստացել եմ նրանց»։ 22 Եվ Մովսեսը նույն օրը գրեց այս երգը և այն սովորեցրեց Իսրայելի որդիներին։

23 Նա Նավեի որդի Հեսուին պատվիրեց և ասաց. «Զորացի՛ր և քա՛ջ եղիր, որովհետև դու պիտի տանես Իսրայելի որդիներին այն երկիրը, որի համար երդում եմ արել նրանց. և ես քեզ հետ կլինեմ»։

24 Երբ Մովսեսն այս օրենքի բոլոր խոսքերը մինչև վերջ գրեց վերջացրեց մի մատյանի մեջ, 25 նա պատվիրեց Տիրոջ ուխտի տապանակը տանող ղևտացիներին՝ ասելով. 26 «Վերցրե՛ք այս օրենքի մատյանը և դրե՛ք ձեր Տեր Աստծու ուխտի տապանակի մոտ, որպեսզի դա այնտեղ վկայություն լինի ձեր դեմ. 27 որովհետև ես գիտեմ ձեր ըմբոստությունն ու կամակորությունը. ահա այսօր, երբ տակավին ես ողջ եմ ու ձեզ հետ, և դուք Տիրոջ դեմ ըմբոստանում եք, ապա որչա՜փ ավելին կանեք իմ մեռնելուց հետո։ 28 Հավաքե՛ք իմ առջև ձեր ցեղերի բոլոր ծերերին և ձեր գլխավորներին, որպեսզի ես այս խոսքերը խոսեմ նրանց ականջներին և երկինքն ու երկիրը վկա կանչեմ նրանց առաջ. 29 որովհետև գիտեմ, որ իմ մեռնելուց հետո դուք անպատճառ անօրենություն եք անելու, շեղվելու եք այն ճանապարհից, որ պատվիրել եմ ձեզ, և վերջին օրերին հանդիպելու եք չարիքների։ Որովհետև Տիրոջ առջև չարություն եք անելու և ձեր ձեռքի գործերով բարկացնելու եք նրան»։ 30 Եվ Մովսեսն այս երգի խոսքերն Իսրայելի ամբողջ ժողովրդին ասաց մինչև վերջ.