Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Աստված պատժելու է Դամասկոսին և Իսրայելին 1 Պատգամ Դամասկոսի մ…

Աստված պատժելու է Դամասկոսին և Իսրայելին

1 Պատգամ Դամասկոսի մասին։ Դամասկոսն ահա պիտի դադարի քաղաք լինելուց և փլատակների կույտ պիտի դառնա։ 2 Արոերի քաղաքները կլքվեն. դրանք հոտերի վայր պիտի դառնան, որպեսզի նրանք մակաղեն այնտեղ, և նրանց վախեցնող չի լինի։ 3 Եփրեմից ամրոցը պիտի վերանա, թագավորությունը՝ Դամասկոսից. Արամի մնացորդը Իսրայելի որդիների փառքի նման կլինի,- ասում է Զորությունների Տերը։ 4 «Այդ օրը Հակոբի փառքը կնվազի, և նրա մարմնի պարարտությունը կչքանա։ 5 Այնպես կլինի, ինչպես երբ հնձողը հավաքում է ցորենը, և նրա բազուկը հնձում է հասկերը։ Ռափայինների հովտում հասկեր հավաքելու պես կլինի։ 6 Բայց նրա վրա ճիռեր պիտի մնան, ինչպես երբ թափ են տալիս ձիթենին, երկու-երեք պտուղ մնում է բարձրագույն ճյուղի գագաթին, մի չորս-հինգ հատ էլ՝ պտղատու ոստի վրա»,- ասում է Տերը՝ Իսրայելի Աստվածը։

7 Այդ օրը մարդն իր հայացքը պիտի ուղղի իր Արարչին, և նրա աչքերը պիտի նայեն Իսրայելի Սրբին։ 8 Չի նայելու իր ձեռքերի պատրաստած զոհասեղաններին և չի տեսնելու իր մատների շինած սյունարձաններն* ու խնկասեղանները։ 9 Այդ օրը նրա ամուր քաղաքները Հորեշի և Ամիրի* լքած վայրերի պես կլինեն, որոնք լքվել էին Իսրայելի որդիների առաջ. և ամայություն կլինի, 10 որովհետև դու մոռացել ես քո փրկության Աստծուն և չես հիշել քո ապաստան վեմը։ Դրա համար էլ հաճելի տունկեր ես տնկում և օտար ճյուղեր ես սերմանում։ 11 Թեև տնկած օրը դրանք աճեցրիր և առավոտյան բուսցրիր քո ցանածը, բայց հունձն անհետանում է վշտի և անբուժելի ցավի օրը։

Թշնամի ազգերը պարտվելու են

12 Վա՜յ ժողովուրդների բազմության ժխորին. նրանք որոտում են, ինչպես ծովն է որոտում, և վա՜յ ժողովուրդների դղրդոցին. նրանք դղրդում են սաստիկ ջրերի շառաչի պես։ 13 Ժողովուրդները հորդ ջրերի շառաչի պես աղմկում են, բայց երբ նա հանդիմանում է նրանց, որ նրանք հեռու փախչեն հալածված, ինչպես սարերի մղեղը՝ քամու առաջից, և ինչպես քշված փոշին՝ մրրիկի առաջից։ 14 Երեկոյան դեմ ահա արհավիրք. առավոտից առաջ այլևս գոյություն չունեն։ Այս է մեզ կողոպտողների բաժինը, և այս է մեզ հափշտակողների վիճակը։

*17.8 Աշերիմ. Աշերահ չաստվածուհուն նվիրված կամ սրբազան ծառեր խորհրդանշող սյունարձաններ՝ զոհասեղանի կողքին, տե՛ս 27.9։

*17.9 Բնագիրն անորոշ է։