Հին Կտակարան
Նոր Կտակարան
Նինվեի անկումը 1 Քո դեմ փշրող է գալիս. պահի՛ր պատնեշը, ճանապա…
Նինվեի անկումը
1 Քո դեմ փշրող է գալիս. պահի՛ր պատնեշը, ճանապարհի՛ն նայիր, թիկունքդ պնդացրո՛ւ, ուժերդ հավաքի՛ր։ 2 Որովհետև Տերը վերադարձրել է Հակոբի վայելչությունը Իսրայելի վայելչության պես, թեև ավարառուները դատարկել են նրանց և ոչնչացրել նրանց որթատունկի ճյուղերը։ 3 Նրա զորավորների վահանը կարմրած է, քաջազունները որդան կարմիրով են զգեստավորված, նրա պատրաստության օրում փայլատակող պողպատ են մարտակառքերը, և ճոճվում են նոճուց նիզակները։ 4 Կառքերը փողոցում մոլեգնում են, սուրում են հրապարակներով, նրանց տեսքը ջահերի պես է, կայծակների պես փայլատակում են։
5 Նա հիշում է իր զորավորներին, նրանք գնալիս գլորվում են. շտապում են դեպի նրա պատը, և շարժական պատսպարանը պատրաստվում է։ 6 Գետերի դարպասները բացվում են, և պալատը պիտի հալվի։ 7 Որոշվեց, որ թագուհին աքսորվի ու գերեվարվի, և նրա աղախինները հառաչում են աղավնիների ձայնով՝ իրենց կուրծքը ծեծելով։ 8 Նինվեն ջրերի ավազանի պես էր իր վաղեմի օրերից ի վեր. նրանք փախչում են. «Կանգնեցե՛ք, կանգնեցե՛ք» են ասում, բայց նրանց ուշադրություն դարձնող չկա։ 9 Արծա՛թ կողոպտեք, ոսկի՛ կողոպտեք, անսպառ են գանձարանը, ամեն տեսակ ցանկալի սպասքները։ 10 Դատարկված ու դատարկ ու թալանված է. սիրտը հալվում, ծնկները դողում են, բոլորի գոտկատեղերն անձկության մեջ են, և բոլորի դեմքը սփրթնում է։
11 Ո՞ւր են առյուծների որջը և կորյունների սննդավայրը, որտեղ արու առյուծն ու մատակ առյուծը պտտում էին, և առյուծի կորյունը, ու վախեցնող չկար։ 12 Առյուծն իր կորյուններին բավարարելու չափ պատառոտում էր և խեղդում իր մատակ առյուծների համար. և որսով էր լցնում իր որջերը և իր ապաստարանները՝ բզկտված մսով։ 13 «Ահա ես քո դեմ եմ,- ասում է Զորքերի Տերը,- և պիտի ծխով այրեմ նրա մարտակառքերը. սուրը պիտի ուտի քո կորյուններին, և երկրից պիտի բնաջնջեմ քո որսին, և քո պատգամաբերների ձայնն այլևս չպիտի լսվի»։