Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Մովաբի անհույս վիճակը 1 Սելայից անապատի ճանապարհով դեպի Սիոնի…

Մովաբի անհույս վիճակը

1 Սելայից անապատի ճանապարհով դեպի Սիոնի դստեր լեռը գառնե՛ր ուղարկեք երկրի տիրակալին։ 2 Բնից վտարված թպրտացող թափառական թռչնի նման այնպիսին պիտի լինեն Մովաբի աղջիկներն Առնոնի անցքերում։ 3 Խորհո՛ւրդ տուր, դատաստա՛ն արա, տարածի՛ր քո հովանին գիշերվա նման՝ օրվա կեսին, թաքցրո՛ւ աքսորյալներին, փախստականներին մի՛ բացահայտիր։ 4 Մովաբի աքսորյալները թող պանդխտեն քեզ մոտ. դու նրանց համար ապաստա՛ն եղիր կործանողի դեմ. բռնությունը կդադարի, ավերողը վերջ կգտնի, երկիրը ոտքի կոխան անողները կվերանան երկրից։ 5 Մի աթոռ պիտի հաստատվի ողորմածությամբ, և նրա վրա՝ Դավթի վրանում, ճշմարտությամբ պիտի բազմի մի դատավոր, որ հետամուտ պիտի լինի իրավունքին և շուտով արդարություն պիտի գործադրի։

6 Մենք լսեցինք Մովաբի ամբարտավանության մասին. նա խիստ ամբարտավան է. նրա գոռոզությունը, ամբարտավանությունը և հոխորտանքը անհիմն դատարկություն են։ 7 Դրա համար Մովաբը թող ողբա. բոլորը թող ողբան Մովաբի վրա։ Սգացե՛ք և հեծեծե՛ք Կիր-հարեսեթի* մարդկանց համար, 8 քանզի Եսեբոնի դաշտերը չորացան, Սիբմահի որթատունկերը՝ նույնպես. ազգերի տիրակալները կտրատեցին ընտիր ճյուղերը, որոնք հասնում էին մինչև Հազեր, տարածվում էին դեպի անապատը, նրա շառավիղները ձգվում անցնում էին ծովից այն կողմ։ 9 Դրա համար Հազերի լացով լաց եմ լինելու Սեբամայի որթատունկի համար, աչքերիս արտասուքով ոռոգելու եմ ձեզ, ո՛վ Եսեբոն ու Եղեաղե, որովհետև դադարեց ձեր հնձի և այգեկութի աղաղակը։ 10 Ուրախությունն ու ցնծությունը պիտի վերանան* բարեբեր արտերից, այգիներում չի լինելու ո՛չ ցնծություն, ո՛չ երգ, և հնձաններում գինի կոխոտողն այլևս չպիտի կոխոտի։ Ես դադարեցրի աղաղակը։ 11 Ահա թե ինչու իմ սիրտը* քնարի նման հեծեծում է Մովաբի վրա, և իմ հոգին՝*Կիր-հարեսեթի վրա։ 12 Պիտի երևա, թե ինչպե՛ս Մովաբը հոգնում է բարձր տեղի վրա, երբ մտնում է իր սրբարանն աղոթելու, բայց ոչինչ չի ունենալու։

13 Սա է այն խոսքը, որ Տերը վաղուց ասել է Մովաբի մասին։ 14 Բայց այժմ Տերը խոսում է և ասում. «Երեք տարում, վարձկանի տարիների նման, պիտի անարգվի Մովաբի փառքն իր ամբողջ մեծ բազմությամբ, իսկ մնացորդը փոքրաթիվ, անզոր պիտի լինի»։

*16.7 Երգ 2.5։

*16.10 Բռց. հավաքվեն։

*16.11 Ընդերքը կամ աղիքներս։

*16.11 Իմ ներսը։