Հին Կտակարան
Նոր Կտակարան
Քրիստոնեական վարք 1 Նրանց հիշեցրո՛ւ, որ իշխանություններին և պ…
Քրիստոնեական վարք
1 Նրանց հիշեցրո՛ւ, որ իշխանություններին և պետություններին հնազանդվեն, հպատակվեն ու ամեն բարի գործի համար պատրաստ լինեն։ 2 Ոչ մեկի չհայհոյեն, չկռվեն, հեզ լինեն, բոլոր մարդկանց հանդեպ քաղցրություն ցուցաբերեն։ 3 Որովհետև մի ժամանակ մենք էլ անմիտ էինք, անհնազանդ, մոլորված, ցանկությունների և պես-պես անառակությունների ծառայողներ, չարությամբ և նախանձով էինք վերաբերվում, ատելի էինք ու միմյանց ատող։ 4 Բայց երբ մեր Փրկիչ Աստծու քաղցրությունը և մարդասիրությունը հայտնվեց, 5 նա ոչ թե ըստ մեր կատարած արդար գործերի մեզ փրկեց, այլ իր ողորմությամբ, վերստին ծննդյան ավազանի միջոցով և Սուրբ Հոգու նորոգությամբ, 6 որ առատությամբ մեզ վրա թափեց մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի միջոցով, 7 որպեսզի նրա շնորհով արդարացած՝ ժառանգներ լինենք՝ հավիտենական կյանքի հույսով։
8 Հավաստի է այս խոսքը, և ուզում եմ, որ դու այս բաները հաստատես, որպեսզի Աստծուն հավատացողները ջանք թափեն բարի գործեր անելու։ Սրանք են բարին և մարդկանց համար օգտակարը։ 9 Իսկ հիմար վիճաբանություններից, ազգաբանությունից, հակառակություններից ու օրենքի մասին վեճերից հեռո՛ւ մնա, որովհետև անօգուտ և ունայն են։ 10 Հեռո՛ւ մնա հերձվածող մարդուց մեկ կամ երկու անգամ խրատելուց հետո՝ 11 գիտենալով, որ այդպիսին շեղված է ու մեղք է գործում՝ ինքն իրեն դատապարտելով։
Վերջին հանձնարարություններ և ողջույններ
12 Երբ Արտեմասին կամ Տյուքիկոսին քեզ մոտ ուղարկեմ, շտապի՛ր ինձ մոտ՝ Նիկոպոլիս գալ, որովհետև որոշել եմ ձմեռն այնտեղ մնալ։ 13 Եվ օրենսգետ Զենասին ու Ապողոսին շտապ ճանապա՛րհ դիր, այնպես որ ոչնչի պակասություն չունենան։ 14 Բայց մերոնք էլ թող սովորեն անհրաժեշտ կարիքների համար բարի գործերի մեջ մնալ, որպեսզի անօգուտ չլինեն։
15 Քեզ ողջունում են բոլորը, ովքեր ինձ հետ են։ Ողջունի՛ր նրանց, ովքեր մեզ հավատով սիրում են։ Շնորհը ձեզ բոլորիդ հետ լինի։ Ամեն։