Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Ո՞վ է մեծ (Մրկ. 9.33-37, Ղուկ. 9.46-48) 1 Այդ նույն ժամին …

Ո՞վ է մեծ

(Մրկ. 9.33-37, Ղուկ. 9.46-48)

1 Այդ նույն ժամին աշակերտները մոտեցան Հիսուսին և ասացին. «Ո՞վ է ավելի մեծ երկնքի արքայության մեջ»։ 2 Հիսուսն իր մոտ կանչեց մի երեխայի, նրան աշակերտների մեջտեղում կանգնեցրեց 3 և ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե դարձի չգաք ու երեխաների նման չլինեք, երկնքի արքայություն չեք մտնի։ 4 Արդ, ով իր անձը խոնարհեցնի, ինչպես այս երեխան է, նա՛ է ավելի մեծը երկնքի արքայության մեջ։ 5 Եվ ով իմ անունով այսպիսի մի երեխայի ընդունի, ի՛նձ ընդունած կլինի։

Գայթակղության մասին

(Մրկ. 9.42-48)

6 Իսկ ով ինձ հավատացող այս փոքրերից մեկին գայթակղեցնի, նրա համար ավելի լավ է, որ նրա վզից մի աղացքար կախվի, և նա ծովի հատակը սուզվի։ 7 Վա՜յ աշխարհին գայթակղությունների պատճառով. որովհետև հարկ է, որ գայթակղությունները գան, սակայն վա՛յ այն մարդուն, որի միջոցով գայթակղությունը կգա։ 8 Եթե ձեռքդ կամ ոտքդ քեզ գայթակղեցնում է, կտրի՛ր այն ու դե՛ն գցիր. քեզ համար ավելի լավ է՝ կաղ կամ հաշմանդամ կյանք մտնես, քան երկու ձեռք ու երկու ոտք ունենաս, բայց հավիտենական կրակի մեջ գցվես։ 9 Եվ եթե աչքդ գայթակղեցնում է քեզ, հանի՛ր այն ու դե՛ն նետիր. քեզ համար ավելի լավ է՝ մեկ աչքով կյանք մտնես, քան երկու աչք ունենաս, բայց կրակի գեհենը գցվես։

10 Զգո՛ւյշ եղեք, որ այս փոքրիկներից որևէ մեկին չանարգեք, որովհետև ասում եմ ձեզ, որ նրանց հրեշտակները երկնքում մշտապես տեսնում են իմ երկնավոր Հոր երեսը։ 11 * Որովհետև Մարդու Որդին եկավ կորածին փրկելու։

Կորուսյալ ոչխարը

(Ղուկ. 15.3-7)

12 Ի՞նչ եք կարծում. եթե մի մարդ հարյուր ոչխար ունենա, ու նրանցից մեկը մոլորվի, նա իննսունիննին չի՞ թողնի լեռներում և գնա մոլորվածին որոնելու։ 13 Եվ եթե դրան գտնի, ճշմարիտ եմ ասում ձեզ, դրա համար ավելի կուրախանա, քան այն իննսունիննի, որոնք չեն մոլորվել։ 14 Այսպես էլ ձեր երկնավոր Հայրը չի կամենում, որ այս փոքրիկներից որևէ մեկը կորչի։

15 Եթե եղբայրդ քո դեմ մեղանչի, գնա հանդիմանի՛ր նրան, երբ դու և նա առանձին լինեք։ Եթե քեզ լսի, քո եղբորը շահած կլինես։ 16 Բայց եթե քեզ չլսի, վերցրո՛ւ քեզ հետ մեկ կամ երկու հոգու ևս, որպեսզի երկու կամ երեք վկաների բերանով ամեն բան հաստատվի (Բ Օր. 19.15)։ 17 Սակայն եթե նրանց էլ չլսի, եկեղեցո՛ւն ասա։ Եթե եկեղեցուն էլ չլսի, թող քեզ համար հեթանոսի ու մաքսավորի պես լինի։

18 Ճշմարիտ եմ ասում ձեզ. ինչ որ երկրի վրա կապեք, կապված կլինի երկնքում, և ինչ որ երկրի վրա արձակեք, արձակված կլինի նաև երկնքում։ 19 Դարձյալ ասում եմ ձեզ. եթե ձեզանից երկու հոգի մեկ բանի համար երկրի վրա միաբանվեն, ինչ որ խնդրեն, կլինի նրանց իմ Հորից, որ երկնքում է։ 20 Որովհետև որտեղ երկու կամ երեք հոգի իմ անունով հավաքված լինեն, ես այնտեղ՝ նրանց մեջ եմ»։

21 Այդ ժամանակ Պետրոսը, մոտենալով նրան, ասաց. «Տե՛ր, եթե եղբայրս իմ դեմ մեղանչի, քանի՞ անգամ նրան ներեմ՝ մինչև յո՞թ անգամ»։ 22 Հիսուսը նրան ասաց. «Քեզ չեմ ասում՝ մինչև յոթ անգամ, այլ մինչև յոթանասուն անգամ յոթ։

Պարտատեր ծառայի առակը

23 Դրա համար երկնքի թագավորությունը նման է մի թագավորի, որը ցանկացավ, որ իր ծառաներն իրեն հաշիվ տան։ 24 Երբ սկսեց հաշիվը տեսնել, նրա մոտ բերվեց մեկը, որ պարտք էր տասը հազար քանքար*։ 25 Քանի որ պարտքը վերադարձնելու ոչինչ չուներ, նրա տերը հրամայեց վաճառել իրեն, իր կնոջը, որդիներին, ամբողջ ունեցածը և հատուցել։ 26 Այդժամ ծառան ընկավ նրա առաջ, երկրպագում էր նրան և ասում. "Տե՛ր, համբերատա՛ր եղիր իմ նկատմամբ, և բոլորը կհատուցեմ քեզ"։ 27 Տերն այդ ծառային գթաց, արձակեց նրան և պարտքը նրան ներեց։ 28 Երբ այդ ծառան դուրս եկավ, գտավ իր ծառայակիցներից մեկին, որն իրեն հարյուր դինար* էր պարտք։ Բռնեց նրան և խեղդում էր՝ ասելով. "Պարտքդ վերադարձրո՛ւ"։ 29 Այդ ժամանակ ծառայակիցը նրա առաջն ընկավ, աղաչում էր նրան և ասում. "Համբերատա՛ր եղիր իմ նկատմամբ, և բոլորը կհատուցեմ քեզ"։ 30 Բայց նա չկամեցավ, այլ գնաց և նրան բանտ գցեց, մինչև պարտքը հատուցեր։ 31 Երբ նրա ծառայակիցները տեսան պատահածը, շատ տրտմեցին և եկան, ամեն ինչ հայտնեցին իրենց տիրոջը։ 32 Այդ ժամանակ տերը նրան իր մոտ կանչեց և ասաց. "Չա՛ր ծառա, ես ամբողջ պարտքդ քեզ ներեցի, որովհետև դու ինձ աղաչեցիր։ 33 Պետք չէ՞ր, որ դու էլ քո ծառայակցին ողորմեիր, ինչպես ես քեզ ողորմեցի"։ 34 Եվ տերը բարկանալով՝ նրան հանձնեց դահիճներին, մինչև հատուցեր ամբողջ պարտքը։ 35 Այդպես էլ իմ երկնավոր Հայրը կանի ձեզ, եթե ձեզանից յուրաքանչյուրն իր եղբոր հանցանքները սրտանց չների»։

*18.11 Հին հուն. չունի այս համարը։

*18.24 Կամ տաղանդ (արծաթի կշիռ)։

*18.28 Այսինքն՝ «օրավարձ»։