Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Երեկոյան աղոթք Դավթի սաղմոս։ 1 Տե՛ր, ես կանչում եմ քեզ, շո…

Երեկոյան աղոթք

Դավթի սաղմոս։

1 Տե՛ր, ես կանչում եմ քեզ, շուտ ե՛կ դեպի ինձ. ակա՛նջ դիր իմ ձայնին, երբ ես կանչում եմ քեզ։

2 Իմ աղոթքը թող ընդունելի լինի քո առջև, ինչպես խունկը, իմ ձեռքերի բարձրանալը դեպի քեզ, ինչպես իրիկվա պատարագը։

3 Տե՛ր, պահապա՛ն դիր իմ բերանին, պահպանի՛ր իմ շրթունքների դուռը։

4 Իմ սիրտը մի՛ դարձրու դեպի չար բաները, որ չարությամբ վատ գործեր չգործեմ անօրենություն անողների հետ և չուտեմ նրանց ախորժալի կերակուրից։

5 Արդարը թող խրատի ինձ. նա քաղցրություն է և թող հանդիմանի ինձ. նա գլխի յուղ է. իմ գլուխը չի մերժի այն, որովհետև նրանց չարագործությունների ժամանակ էլ նրանց դեմ է լինում իմ աղոթքը։

6 Երբ նրանց դատավորներն ընկնեն քարերի վրա, և նրանք իմ խոսքերը լսեն, կտեսնեն, որ քաղցր են։

7 Ինչպես վար անողը և ակոս բացողը ցանում է հողի մեջ, այնպես մեր ոսկորները ցրված են գերեզմանի բերանին։

8 Բայց, Տե՛ր, Տե՛ր, իմ աչքերը նայում են քեզ. ես քեզ եմ ապավինել, իմ անձը մի՛ լքիր։

9 Պահի՛ր ինձ այն որոգայթից, որ լարեցին ինձ համար, և չարագործների ծուղակից։

10 Ամբարիշտները պիտի ընկնեն իրենց ցանցի մեջ, մինչդեռ ես պիտի անցնեմ ապահով։