Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Աղոթել բոլոր մարդկանց համար 1 Արդ, խնդրում եմ, որ ամեն բանից …

Աղոթել բոլոր մարդկանց համար

1 Արդ, խնդրում եմ, որ ամեն բանից առաջ աղոթեք, խնդրանք ու աղաչանք անեք, գոհություն հայտնեք բոլոր մարդկանց համար, 2 թագավորների ու բոլոր իշխանավորների համար, որպեսզի լիակատար աստվածապաշտությամբ ու մաքրությամբ խաղաղ ու հանգիստ կյանք վարենք, 3 որովհետև սա բարի և ընդունելի է մեր Փրկիչ Աստծու առաջ, 4 որը կամենում է, որ բոլոր մարդիկ փրկվեն և ճշմարտության ճանաչմանը հասնեն։ 5 Քանի որ կա մեկ Աստված և մեկ միջնորդ Աստծու ու մարդկանց միջև՝ Քրիստոս Հիսուս մարդը, 6 որն ինքն իրեն բոլորի համար փրկագին տվեց։ Այդպիսին է վկայությունը, որ եղավ իր ժամանակներում, 7 որի համար ես կարգվեցի քարոզիչ ու առաքյալ (ճշմարիտ եմ ասում, չեմ ստում), հեթանոսների վարդապետ՝ հավատով ու ճշմարտությամբ։

8 Արդ կամենում եմ, որ տղամարդիկ ամեն տեղ աղոթք անեն՝ մաքուր ձեռքեր վեր բարձրացնելով, առանց բարկության ու երկմտանքի։ 9 Նույն կերպ էլ կանայք թող իրենց զարդարեն վայելուչ հագուստով, ամոթխածությամբ և պարկեշտությամբ. ոչ թե պճնվեն մազի հյուսքերով կամ ոսկյա կամ մարգարտյա զարդերով կամ թանկարժեք զգեստներով, 10 այլ բարի գործերով, ինչպես վայել է աստվածապաշտությունը հանձն առած կանանց։ 11 Կինը թող սովորի հանդարտությամբ, ամենայն հնազանդությամբ։ 12 Կնոջը թույլ չեմ տալիս, որ ուսուցանի, ոչ էլ ամուսնուն իշխի. այլ լուռ մնա։ 13 Որովհետև նախ Ադամն ստեղծվեց, և հետո՝ Եվան։ 14 Եվ Ադամը չխաբվեց, բայց կինը խաբվելով հանցանք գործեց։ 15 Սակայն նա կփրկվի որդեծնությամբ, եթե պարկեշտությամբ մնա հավատի, սիրո և սրբության մեջ։