Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

1 Եփրեմի լեռնային շրջանից մի մարդ կար՝ Միքա անունով։ 2 Նա ի…

1 Եփրեմի լեռնային շրջանից մի մարդ կար՝ Միքա անունով։ 2 Նա իր մորն ասաց. «Այն հազար հարյուր արծաթը, որ քեզնից վերցվել էր, որի համար անեծք տվեցիր և ասացիր իմ ականջին, ահա այդ արծաթն ինձ մոտ է, ես եմ այն վերցրել»։ Մայրը նրան ասաց. «Թող իմ որդյակն օրհնյալ լինի Տիրոջից»։ 3 Եվ նա հազար հարյուր արծաթը վերադարձրեց իր մորը, բայց նրա մայրն ասաց. «Ես այդ արծաթն իմ ձեռքից նվիրեցի Տիրոջն իմ որդու համար՝ դրանից քանդակած և ձուլածո կուռք շինելու համար, ուստի հիմա այն տալիս եմ քեզ»։ 4 Իսկ նա այդ արծաթը վերադարձրեց իր մորը, և մայրը երկու հարյուր արծաթ վերցրեց ու դրանք տվեց ոսկերչին. նա էլ դրանցից քանդակած և ձուլածո կուռք շինեց, որը Միքայի տանն էր։ 5 Այդ մարդը՝ Միքան, աստվածների մի տուն ուներ և եփուդ ու թերափիմ շինեց, իր տղաներից մեկին օրհնեց և քահանա օծեց* իր համար։ 6 Այն օրերին Իսրայելում թագավոր չկար. ամեն մարդ անում էր իր աչքին հաճելի եղածը։

7 Հուդայի ազգատոհմից՝ Հուդայի Բեթլեհեմից, մի պատանի կար. նա ղևտացի էր և պանդուխտի պես բնակվում էր այնտեղ։ 8 Այս մարդը Հուդայի Բեթլեհեմ քաղաքից դուրս եկավ պանդխտության, ուր որ տեղ գտներ, և ճամփորդելով եկավ մինչև Եփրեմի սարը՝ մինչև Միքայի տուն։ 9 Եվ Միքան նրան ասաց. «Որտեղի՞ց ես գալիս»։ Եվ նա նրան ասաց. «Ես ղևտացի եմ, Հուդայի Բեթլեհեմից և գնում եմ պանդխտանալու, ուր որ տեղ գտնեմ»։ 10 Եվ Միքան նրան ասաց. «Ինձ մո՛տ բնակվիր և ինձ համար հայր ու քահանա՛ եղիր. և ես քեզ ամեն տարի տասը արծաթ և հագնելու հանդերձ և ուտելիք կտամ»։ Ղևտացին էլ գնաց։ 11 Ղևտացին համաձայնվեց, որ բնակվի այդ մարդու մոտ. և այս պատանին նրա համար եղավ ինչպես մեկն իր որդիներից։ 12 Միքան օծեց ղևտացուն, և պատանին քահանա եղավ նրա համար ու բնակվում էր Միքայի տանը։ 13 Եվ Միքան ասաց. «Հիմա գիտեմ, որ Տերն ինձ բարիք է անելու, որովհետև այս ղևտացին դարձավ իմ քահանան»։

*17.5 Եբր. բռց. նրա ձեռքը լցրեց։