Հին Կտակարան
Նոր Կտակարան
Երկու կողով թուզ 1 Նրանից հետո, երբ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թ…
Երկու կողով թուզ
1 Նրանից հետո, երբ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը Երուսաղեմից գերեվարեց Հուդայի թագավոր Հովակիմի որդի Հեքոնիային և Հուդայի իշխանավորներին, հյուսներին ու դարբիններին և նրանց Բաբելոն տարավ, Տերն ինձ ցույց տվեց այս տեսիլքը. ահա երկու կողով թուզ՝ դրված Տիրոջ տաճարի առաջ։ 2 Մի կողովում շատ լավ թզեր էին՝ կանխահաս թզերի պես, իսկ մյուս կողովում՝ շատ վատ թզեր, որ վատությունից չէին ուտվի։ 3 Եվ Տերն ինձ ասաց. «Ի՞նչ ես տեսնում, Երե՛միա»։ Ես ասացի. «Թզեր. լավ թզերը շատ լավն են, իսկ վատերը՝ այնքան վատ, որ վատությունից չեն ուտվի»։ 4 Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. 5 «Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ինչպես այս լավ թզերին, նույնպես պիտի համարեմ Հուդայի տարագիրներին, որոնց ես այստեղից ուղարկեցի քաղդեացիների երկիրը ի բարին։ 6 Եվ իմ աչքը նրանց վրա պիտի ուղղեմ ի բարին և նրանց այս երկիրը պիտի վերադարձնեմ. նրանց պիտի շենացնեմ և ոչ թե քանդեմ, նրանց պիտի տնկեմ և ոչ թե արմատախիլ անեմ։ 7 Նրանց մի սիրտ պիտի տամ, որ ճանաչեն, որ ես եմ Տերը. նրանք իմ ժողովուրդը պիտի լինեն, իսկ ես նրանց Աստվածը կլինեմ, որովհետև իրենց ամբողջ սրտով դեպի ինձ պիտի դառնան”։ 8 Իսկ այն վատ թզերի մասին, որոնք վատությունից չեն ուտվի, այսպես է ասում Տերը. “Նույնպես կանեմ Հուդայի թագավոր Սեդեկիային և նրա իշխաններին ու Երուսաղեմի մնացորդին, որ մնացել են այս երկրում, և Եգիպտոսի երկրում բնակվողներին։ 9 Եվ նրանց սարսափ կդարձնեմ վատ բանի համար, երկրի բոլոր թագավորությունների համար, նախատինք ու առակ, խայտառակություն ու անեծք այն բոլոր տեղերում, ուր ես պիտի քշեմ նրանց։ 10 Եվ նրանց վրա սուր, սով և ժանտախտ կուղարկեմ, մինչև որ նրանց ոչնչացնեմ այն երկրի երեսից, որ տվել եմ նրանց ու նրանց հայրերին”»։