Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Յոթ հրեշտակներ՝ յոթ փողերով 1 Երբ յոթերորդ կնիքը բացեց, երկնք…

Յոթ հրեշտակներ՝ յոթ փողերով

1 Երբ յոթերորդ կնիքը բացեց, երկնքում մոտ կես ժամ լռություն եղավ։

2 Եվ տեսա յոթ հրեշտակներին, որ կանգնած էին Աստծու առաջ, և որոնց յոթ փող տրվեց։

3 Մի ուրիշ հրեշտակ եկավ և կանգնեց զոհասեղանի առաջ. նա ոսկե խնկաման ուներ, և նրան շատ խունկ տրվեց, որպեսզի բոլոր սրբերին աղոթք մատուցի ոսկե զոհասեղանի վրա, որ գահի առաջ էր։ 4 Եվ խնկի ծուխը սրբերի աղոթքի հետ հրեշտակի ձեռքից Աստծու առաջ բարձրացավ։ 5 Հրեշտակը խնկամանը վերցրեց ու զոհասեղանի կրակով լցրեց և երկրի վրա գցեց. եղան ձայներ, որոտումներ, փայլատակումներ ու երկրաշարժ։

6 Եվ յոթ հրեշտակները, որ յոթ փողեր ունեին, պատրաստվեցին հնչեցնելու։

Առաջին չորս փողերը

7 Առաջին հրեշտակը փողը հնչեցրեց, և եղավ կարկուտ ու արյան հետ խառնված կրակ ու թափվեց երկրի վրա, և այրվեց երկրի մեկ երրորդ մասը, և ծառերի մեկ երրորդ մասը, ու ամբողջ դալար խոտը։

8 Երկրորդ հրեշտակը փողը հնչեցրեց, և վառվող մեծ լեռան նման մի բան ծովի մեջ ընկավ, ու ծովի մեկ երրորդ մասն արյուն դարձավ։ 9 Եվ ծովային կենդանիների մեկ երրորդ մասը մեռավ, ու նավերի մեկ երրորդ մասը ոչնչացավ։

10 Երրորդ հրեշտակը փողը հնչեցրեց, և երկնքից ջահի պես վառվող մի մեծ աստղ ընկավ գետերի մեկ երրորդ մասի և ջրերի աղբյուրների վրա։ 11 Այդ աստղի անունը Օշինդր էր։ Ջրերի մեկ երրորդը դառնացավ, ու շատ մարդիկ մեռան դառնացած ջրերից։

12 Չորրորդ հրեշտակը փողը հնչեցրեց, և խոցվեց արեգակի մեկ երրորդը, և լուսնի մեկ երրորդը, և աստղերի մեկ երրորդը, որպեսզի նրանց մեկ երրորդ մասը խավարի, ու ցերեկը լույսի մեկ երրորդը չտվեց, և գիշերը՝ նմանապես։

13 Տեսա և լսեցի մի արծվի, որ թռչում էր երկնքի մեջ ու բարձրաձայն ասում. «Վա՛յ, վա՛յ, վա՛յ երկրի վրա բնակվողներին, երբ կհնչեն նաև մյուս փողերի ձայները, որ հնչեցնելու են երեք հրեշտակները»։