Հին Կտակարան
Նոր Կտակարան
Աստված պատժելու է իր թշնամիներին 1 Ո՛վ ազգեր, մոտեցե՛ք, որ լս…
Աստված պատժելու է իր թշնամիներին
1 Ո՛վ ազգեր, մոտեցե՛ք, որ լսեք, ո՛վ ժողովուրդներ, ո՛ւշք դրեք. թող լսի երկիրը և նրա բոլոր բնակիչները, աշխարհը և ամեն շառավիղները, որ առաջացնում է. 2 որովհետև Տիրոջ սրտմտությունը բոլոր ազգերի վրա է, նրա զայրույթը՝ նրանց բոլոր զորքերի վրա։ Նա կործանման է մատնել նրանց, սպանդի է հանձնել։ 3 Նրանց սպանվածները դուրս են գցվելու, նրանց դիակներից գարշահոտություն է բարձրանալու, լեռները թրջվելու են նրանց արյունից։ 4 Պիտի հալչեն երկնքի բոլոր զորքերը, մագաղաթի պես պիտի գալարվի երկինքը, նրա բոլոր զորքերը ցած պիտի թափվեն, ինչպես որ տերևն է թափվում որթատունկից, ինչպես չորացած թուզը՝ թզենուց։ 5 Իմ սուրը հարբել է երկնքում. ահա նա իջնում է եդովմացիների վրա, իմ դատապարտած ժողովրդի վրա՝ դատաստանի համար։ 6 Տիրոջ սուրը հագեցած է արյամբ, յուղոտված է ճարպով, գառների և նոխազների արյունով, խոյերի երիկամների ճարպով, որովհետև Տիրոջ համար զոհ կա Բոսրայում, մեծ սպանդ՝ Եդովմի երկրում։ 7 Նրանց հետ կընկնեն գոմեշները, զվարակները՝ ցուլերի հետ. նրանց երկիրը կոռոգվի արյունով, և նրանց հողը կպարարտանա ճարպով։ 8 Որովհետև վրեժխնդրության օր է Տիրոջ համար, հատուցման տարի է Սիոնի դատի համար։ 9 Նրա հեղեղատները ձյութի կվերածվեն, և նրա հողը՝ ծծումբի. նրա երկիրը վառվող ձյութի պես կլինի, 10 գիշեր ու ցերեկ չպիտի հանգչի, նրա ծուխը հավիտյան պիտի բարձրանա, և այն սերնդեսերունդ ավերակ կմնա. հավիտյանս հավիտենից այնտեղով անցնող չի լինի։ 11 Բազեներն ու ոզնիները կժառանգեն այն, բուն ու ագռավը կբնակվեն նրա մեջ, և նրա վրա կքաշվեն ամայության լարն ու դատարկության կշռաքարերը։ 12 Նրանցից ոչ մեկն այնտեղ չի լինելու, որ թագավոր հռչակվի,* նրա բոլոր իշխանավորները կոչնչանան։ 13 Նրա ամրոցների վրա փշեր պիտի բուսնեն, նրա բերդերի վրա՝ եղինջ ու ցախ, և նա աղվեսների բնակարան ու ջայլամների բակ պիտի դառնա։ 14 Այնտեղ վայրի կատուները կհանդիպեն բորենիներին, և այծամարդն իր ընկերոջը կկանչի. գիշերային վհուկն* այնտեղ կհանգստանա և իր համար հանգիստ կգտնի։ 15 Այնտեղ բույն կշինի նետօձը, ձու կածի, ձագեր կհանի և կխնամի նրանց իր հովանու տակ. նաև այնտեղ կհավաքվեն ուրուրները՝ ամեն մեկն իր ընկերոջ հետ։ 16 Որոնե՛ք Տիրոջ գրքում և կարդացե՛ք. «Սրանցից մեկ հատն անգամ չի պակասելու, մեկի մոտ իր զուգընկերոջը չի փնտրելու, որովհետև նրա բերանը հրամայեց դա. նրա հոգին ինքն է հավաքելու նրանց։ 17 Նա ինքն է վիճակ գցել նրանց համար, և նրա ձեռքն է այն նրանց բաժանել լարով։ Նրանք հավիտյան կժառանգեն այն, դարեդար պիտի բնակվեն այնտեղ»։
*34.12 Կամ կոչելու են «գոյություն չունեցող թագավորություն»։
*34.14 Եբր. Լիլիթ, այսինքն՝ հուշկապարիկ։