Հին Կտակարան
Նոր Կտակարան
Կոտրված կուժը 1 Տերն այսպես ասաց. «Գնա՛, բրուտի խեցե մի…
Կոտրված կուժը
1 Տերն այսպես ասաց. «Գնա՛, բրուտի խեցե մի կո՛ւժ գնիր և ժողովրդի երեցներից ու քահանաների ավագներից վերցրո՛ւ, 2 դո՛ւրս եկ Ենովմի որդու ձորը, որ Հարսիթի դարպասի* մուտքի մոտ է, և այնտեղ հայտարարի՛ր այն խոսքերը, որ կասեմ քեզ։ 3 Եվ ասա՛. “Լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ Հուդայի թագավորներ և Երուսաղեմի բնակիչներ, այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. "Ահա ես չարիք եմ բերելու այս տեղի վրա, որ ամեն լսողի ականջները զնգան։ 4 Նրա համար, որ ինձ թողեցին և այս տեղն օտարացրին ինձնից ու նրա մեջ ուրիշ աստվածների խունկ ծխեցին, որոնց իրենք, իրենց հայրերն ու Հուդայի թագավորները չէին ճանաչում, և այս տեղը լցրին անմեղների արյունով։ 5 Եվ շինեցին Բահաղի Բարձր տեղեր, որպեսզի իրենց որդիներին կրակով այրեն իբրև ողջակեզներ Բահաղի համար, որը ես չեմ հրամայել և ոչ էլ ես եմ ասել, և միտքս էլ չի եկել։ 6 Ուստի օրեր կգան,- ասում է Տերը,- որ այս տեղին այլևս Տոփեթ և Ենովմի որդու ձոր չեն ասի, այլ Սպանության ձոր։ 7 Եվ ես այս տեղում կխափանեմ* Հուդայի և Երուսաղեմի խորհուրդը և իրենց թշնամիների առաջ սրով կտապալեմ նրանց՝ իրենց կյանքը փնտրողների ձեռքով։ Նրանց դիակներն իբրև կերակուր կտամ երկնքի թռչուններին և երկրի գազաններին։ 8 Եվ այս քաղաքը ամայի և երկարատև սուլելու առարկա* կդարձնեմ. նրա մոտով ամեն անցնող կզարմանա և կսուլի* նրա բոլոր պատուհասների պատճառով։ 9 Եվ նրանց իրենց որդիների միսը և իրենց դուստրերի միսը ուտել պիտի տամ. ամեն մարդ իր ընկերոջ միսն է ուտելու այն պաշարման և նեղության մեջ, որով նրա թշնամիները և նրանց կյանքը պահանջողները պիտի նեղեն նրանց"”։ 10 Ապա այդ կուժը կոտրի՛ր քեզ հետ գնացող մարդկանց աչքի առաջ։ 11 Եվ ասա՛ նրանց. “Այսպես է ասում Զորությունների Տերը. "Այս ժողովրդին և այս քաղաքը այսպես պիտի կոտրեմ, ինչպես որ մեկը կոտրում է բրուտի անոթը, որն այլևս չի կարող նորոգվել։ Եվ թաղելու տեղ չլինելու պատճառով Տոփեթում պիտի թաղեն"”։* 12 Այսպես պիտի անեմ այս տեղին,- ասում է Տերը,- և նրա բնակիչներին, և այս քաղաքը Տոփեթի պես պիտի անեմ։ 13 Երուսաղեմի տները և Հուդայի թագավորների տները Տոփեթի տեղի պես անմաքուր կլինեն. այն բոլոր տների պատճառով, որոնց կտուրներին խունկ են ծխել երկնքի բոլոր զորքերի համար և թափելու նվերներ են մատուցել օտար աստվածներին»։
14 Երեմիան եկավ Տոփեթից, ուր Տերն ուղարկել էր նրան մարգարեություն անելու, կանգնեց Տիրոջ տան գավթում և ասաց ամբողջ ժողովրդին. 15 «Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ահա ես այս քաղաքի վրա և նրա բոլոր քաղաքների վրա այն ամբողջ չարիքը պիտի բերեմ, որ վճռել եմ նրա դեմ. որովհետև նրանք պնդացրել են իրենց պարանոցը, որպեսզի իմ խոսքերը չլսեն”»։
*19.2 Հարսութի դարպաս. բռց. խեցեբեկորների դարպաս. հավանաբար այնտեղ գտնվող խեցեղենի թափոնների պատճառով է ստացել այդ անվանումը։
*19.7 Բռց. դատարկեմ։
*19.8 Տե՛ս 18.16։
*19.8 Նշանակում է մեծապես զարմացած և վախեցած լինելու պատճառով երկար պիտի սուլի։
*19.11 Այնքան համատարած մահ կլինի, որ նույնիսկ Տոփեթի անմաքուր տեղանքը կօգտագործվի որպես գերեզման։