Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Երուսաղեմի ապագա ազատությունը 1 Մի պատգամ. Տիրոջ խոսքը Իսրայե…

Երուսաղեմի ապագա ազատությունը

1 Մի պատգամ. Տիրոջ խոսքը Իսրայելի մասին. այսպես է ասում Տերը, որ տարածել է երկինքը, հիմնել է երկիրը և ստեղծել է մարդու հոգին նրա մեջ։ 2 «Ահա Երուսաղեմը ես թմրության բաժակ եմ շինելու շրջակա բոլոր ժողովուրդների համար, դա նաև Հուդայի համար պիտի լինի Երուսաղեմի պաշարման ժամանակ։ 3 Ես այդ օրը Երուսաղեմը ծանր քար եմ դարձնելու բոլոր ժողովուրդների համար. նրանով բեռնվողներն ամբողջովին պիտի ջարդվեն, և նրա դեմ պիտի հավաքվեն երկրի բոլոր ազգերը։ 4 Այդ օրը,- ասում է Տերը,- ամեն ձիու պիտի հարվածեմ սարսափով, իսկ նրա հեծյալին՝ խենթությամբ։ Հուդայի տան վրա պիտի հսկեմ և ժողովուրդների բոլոր ձիերին կուրությամբ պիտի հարվածեմ։ 5 Եվ Հուդայի առաջնորդներն իրենց սրտում պիտի ասեն. “Երուսաղեմի բնակիչները զորություն ունեն իրենց Աստծով՝ Զորքերի Տիրոջով”։ 6 Այդ օրը Հուդայի առաջնորդներին ես հրեղեն կաթսայի պես պիտի դարձնեմ փայտերի մեջ և կրակի ջահի պես՝ խրձերի մեջ։ Եվ նրանք աջ ու ձախ պիտի լափեն շրջակա բոլոր ժողովուրդներին, և Երուսաղեմը դարձյալ իր տեղում՝ Երուսաղեմում պիտի բնակվի։ 7 Եվ Տերը նախ Հուդայի վրանները պիտի փրկի, որպեսզի Հուդայի դեմ չգոռոզանան Դավթի տան պարծանքը և Երուսաղեմի բնակչի պարծանքը։ 8 Այդ օրը Տերը պիտի պաշտպանի Երուսաղեմում բնակվողին, նրանց միջի տկարն այն օրը Դավթի պես կլինի, և Դավթի տունը՝ Աստծու պես, ինչպես Տիրոջ հրեշտակը նրանց առաջ։ 9 Այդ օրը ես պիտի ջանամ ոչնչացնել այն բոլոր ազգերին, որոնք կգան Երուսաղեմի դեմ։ 10 Եվ ես Դավթի տան վրա և Երուսաղեմի բնակչի վրա պիտի հեղեմ շնորհքի և աղոթքի հոգին. նրանք պիտի նայեն ինձ, ում խոցեցին, և նրա վրա միամորի սգի պես սուգ պիտի անեն և դառնորեն պիտի ողբան նրա վրա, ինչպես որ անդրանիկի վրա են ողբում։ 11 Այդ օրը Երուսաղեմում մեծ սուգ պիտի լինի, ինչպես Ադադ-Ռիմմոնի սուգը Մակեդդովի դաշտավայրում։ 12 Եվ երկիրը պիտի սգա, ամեն ազգատոհմ՝ առանձին. Դավթի տան ազգատոհմն առանձին, և նրանց կանայք՝ առանձին. Նաթանի տան ազգատոհմն առանձին, և նրանց կանայք՝ առանձին, 13 Ղևիի ազգատոհմն առանձին, և նրանց կանայք՝ առանձին, Սեմեիի ազգատոհմն առանձին, և նրանց կանայք՝ առանձին։ 14 Մնացած բոլոր ազգատոհմերը ամեն մեկն առանձին, և նրանց կանայք՝ առանձին»։