Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Դանիելի տեսիլքը Տիգրիս գետի մոտ 1 Պարսից Կյուրոս թագավորի երր…

Դանիելի տեսիլքը Տիգրիս գետի մոտ

1 Պարսից Կյուրոս թագավորի երրորդ տարում մի խոսք հայտնվեց Դանիելին, որին Բաղդասասար անունով էին կոչում։ Եվ խոսքը ճշմարիտ էր և մեծ պատերազմի մասին էր։ Եվ նա ըմբռնեց խոսքը տեսիլքի միջոցով։ 2 Այն օրերին ես՝ Դանիելս, սգի մեջ էի երեք յոթնյակ օրեր։ 3 Ախորժելի կերակուր չկերա, և միս ու գինի չմտավ բերանս, և բոլորովին յուղով չօծվեցի, մինչև որ երեք յոթնյակ օրերը չլրացան։

4 Եվ առաջին ամսվա քսանչորսերորդ օրը ես մեծ գետի՝ Տիգրիսի եզերքին էի։ 5 Աչքերս բարձրացրի ու նայեցի. ահա մի մարդ՝ կտավ հագած և մեջքին Ոփազի ոսկուց գոտի կապած։ 6 Նրա մարմինը ոսկեքարի նման էր, նրա դեմքը կայծակի տեսք ուներ, աչքերը կրակի բոցերի պես էին, նրա բազուկներն ու ոտքերը՝ փայլուն պղնձի նման, և նրա խոսքերի ձայնն ամբոխի աղմուկի պես էր։ 7 Եվ միայն ես՝ Դանիելս էի տեսնում այս տեսիլքը, իսկ ահա այն մարդիկ, որոնք ինձ հետ էին, տեսիլքը չտեսան, այլ մեծ սարսափ ընկավ նրանց վրա, և փախան, թաքնվեցին։ 8 Ես մենակ մնացի և տեսա այս մեծ տեսիլքը, և իմ մեջ ուժ չմնաց. իմ վայելչությունն ապականության փոխվեց, և ես այլևս ուժ չունեցա։ 9 Եվ ես լսեցի նրա խոսքերի ձայնը։ Եվ երբ նրա խոսքերի ձայնը լսեցի, թմբիրի մեջ ընկա երեսիս վրա, և երեսս գետնին էր։

10 Եվ ահա մի ձեռք դիպավ ինձ և ինձ դողալով կանգնեցրեց ծնկներիս ու ձեռքերիս ափերի վրա։ 11 Եվ ինձ ասաց. «Ո՛վ Դանիել, սիրելի՛ մարդ, հասկացի՛ր այն խոսքերը, որ ասում եմ քեզ, և կանգնի՛ր տեղումդ, որովհետև հիմա քեզ մոտ եմ ուղարկվել»։ Եվ երբ նա այս խոսքն ասաց ինձ, ես կանգնեցի դողալով։ 12 Եվ նա ինձ ասաց. «Մի՛ վախեցիր, ո՛վ Դանիել, որովհետև այն առաջին օրից, երբ մտադրվեցիր ըմբռնել և քո անձը քո Աստծու առաջ խոնարհեցրիր, քո խոսքերը լսվել են, և ես եկել եմ քո խոսքերի պատճառով։ 13 Եվ պարսիկների թագավորության իշխանը քսանմեկ օր դիմադրեց ինձ, և ահա Միքայելը՝ առաջին իշխանավորներից մեկը, եկավ ինձ օգնելու։ Եվ ես մնացի այնտեղ՝ պարսից թագավորների մոտ։ 14 Եվ ես եկա քեզ հասկացնելու, թե վերջին օրերին ի՛նչ պիտի պատահի քո ժողովրդին, որովհետև տեսիլքը գալիք օրերի համար է»։ 15 Եվ երբ նա այս խոսքերն ասաց ինձ, ես երեսս դեպի գետինը հակեցի և համր մնացի։

16 Եվ ահա մարդու որդիների նման մեկը դիպավ շրթունքներիս. ես բերանս բացեցի, խոսեցի և ասացի իմ առջև կանգնածին. «Ո՛վ տեր իմ, այս տեսիլքի պատճառով ինձ պատել են ցավերը, և ես այլևս ուժ չունեմ։ 17 Իմ տիրոջ այս ծառան ինչպե՞ս պիտի կարողանա խոսել իմ տիրոջ հետ, քանի որ այժմվանից իմ մեջ ուժ չկա, և իմ մեջ շունչ չմնաց»։ 18 Եվ մարդու կերպարանք ունեցողը կրկին դիպավ ինձ և ինձ զորացրեց։ 19 Եվ ասաց. «Մի՛ վախեցիր, ո՛վ սիրելի մարդ, խաղաղությո՛ւն քեզ, զորացի՛ր, քաջասի՛րտ եղիր»։ Եվ երբ նա խոսեց ինձ հետ, ես զորացա և ասացի. «Թող տերս խոսի, որովհետև ինձ զորացրել ես»։

20 Եվ նա ասաց. «Գիտե՞ս, թե ինչո՛ւ եկա քեզ մոտ։ Հիմա հետ պիտի դառնամ պարսիկների իշխանի հետ պատերազմելու։ Եվ երբ ես գնամ, հույների իշխանը պիտի գա։ 21 Չկա մեկը, որն ինձ զորակցի սրանց դեմ, բացի քո իշխան Միքայելից։ Սակայն ես քեզ պիտի տեղեկացնեմ ճշմարտության գրքում գրվածը»։