Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Աստծու պատասխանն Ամբակումին 1 Իմ պահակակետում կանգնեմ ու պատն…

Աստծու պատասխանն Ամբակումին

1 Իմ պահակակետում կանգնեմ ու պատնեշի վրա մնամ և նայեմ ու տեսնեմ, թե ի՛նչ է խոսելու ինձ հետ, և ի՞նչ պիտի պատասխանեմ, երբ ինձ հանդիմանի։

2 Տերն ինձ պատասխան տվեց և ասաց. «Գրի՛ր տեսիլքը և որոշակի նշանակի՛ր տախտակների վրա, որպեսզի այն կարդացողը սահուն կարդա»։ 3 Որովհետև տեսիլքը դեռևս որոշված ժամանակի համար է և հևում է դեպի վախճանը. չի ստում, եթե նույնիսկ հապաղի. սպասի՛ր նրան, որովհետև անպատճառ պիտի գա և չի ուշանա։ 4 Տե՛ս, նա գոռոզացել է, նրա հոգին փքված է իր մեջ և ուղիղ չէ, բայց արդարն իր հավատով պիտի ապրի։

Արդարության վճիռ

5 Տակավին գինին խաբեբա է, ամբարտավան մարդը հաստատ չի մնա. նա մեռելների աշխարհի պես լայնացրել է իր հոգին և նա մահվան պես չի կշտանում. իր մոտ ժողովեց բոլոր ազգերին և իր մոտ հավաքեց բոլոր ժողովուրդներին։ 6 Մի՞թե սրանք բոլորը նրա դեմ առակ չեն պատմելու և ծաղրական հանելուկներ նրա դեմ չե՞ն ասելու. «Վա՜յ իրենը չեղածը շատացնողին. մինչև ե՞րբ. և իր վրա ծանր գրավներ բեռնողին»։ 7 Մի՞թե հանկարծ վեր չեն կենալու քո վաշխառուները և չեն զարթնելու քեզ դողացնողները. դու ավար ես դառնալու նրանց համար։ 8 Որովհետև դու շատ ազգերի ես կողոպտել, ժողովուրդների բոլոր մնացորդները քեզ պիտի կողոպտեն մարդկանց արյան հանդեպ բռնության պատճառով, նաև՝ երկրի, քաղաքի և նրա մեջ բոլոր բնակվողների։

9 Վա՜յ իր տան համար չար վաստակ վաստակողին, որպեսզի իր բույնը բարձր տեղ դնի չար ձեռքից ազատվելու համար։ 10 Շատ ազգերի կործանելով՝ անարգանք նյութեցիր քո տան համար և մեղանչեցիր քո կյանքով։ 11 Որովհետև քարը պիտի աղաղակի պատից, և գերանը պատասխան պիտի տա փայտերի միջից։

12 Վա՜յ ավանը արյունով կառուցողին և քաղաքը անիրավությամբ հաստատողին։ 13 Ահա Զորքերի Տիրոջից չէ՞, որ ժողովուրդները կրակի համար են հոգնում և ժողովուրդները դատարկ տեղն են տանջվում։ 14 Որովհետև երկիրը պիտի լցվի Տիրոջ փառքի գիտությամբ, ինչպես որ ջրերն են ծածկում ծովը։

15 Վա՜յ նրան, ով իր ընկերոջը խմեցնում է բարկության արբեցնող գինի, որպեսզի վայելի նրա պատվազրկումը*։ 16 Դու փառքից ավելի ամոթո՛վ կշտացար, դու ևս խմի՛ր ու մերկացի՛ր, դեպի քեզ պիտի դառնա Տիրոջ աջի բաժակը, և անարգանք պիտի գա քո փառքի վրա։ 17 Որովհետև Լիբանանի հանդեպ բռնությունը պիտի ծածկի քեզ, և գազանների բնաջնջումը պիտի վախեցնի քեզ մարդկանց արյան հանդեպ բռնության պատճառով, նաև՝ երկրի, քաղաքի և նրա մեջ բոլոր բնակվողների։

18 Ի՞նչ օգուտ ունի կուռքը, որի քանդակողը քանդակել է նրան, ձուլածո կուռքը և ստություն սովորեցնողը, որ քանդակողը վստահում է իր քանդակածին և համր կուռքեր է շինում։ 19 Վա՜յ նրան, որ փայտին ասում է՝ «Զարթնի՛ր», մունջ քարին՝ «Վեր կաց»։ Մի՞թե կարող է ուսուցանել. ահա նա պատված է ոսկով և արծաթով, բայց բնավ հոգի չկա նրա մեջ։ 20 Սակայն Տերն իր սուրբ տաճարում է, լռի՛ր նրա առաջ, ո՛վ համայն երկիր։

*2.15 Այսինքն՝ հպատակեցված ժողովուրդների ստորացմամբ հոխորտալ։