Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

զ. Մովաբ 1 Այսպես է ասում Տերը. «Մովաբի երեք օրինազանցո…

զ. Մովաբ

1 Այսպես է ասում Տերը. «Մովաբի երեք օրինազանցությունների համար և չորրորդի համար պատիժը հետ չեմ կոչելու, որովհետև նա Եդովմի թագավորի ոսկորներն այրելով կիր դարձրեց։ 2 Այլ կրակ պիտի գցեմ Մովաբի վրա, և այն պիտի լափի Կարիոթի պալատները, իսկ Մովաբը աղաղակելով, աղմուկով և փողի ձայնով պիտի մահանա։ 3 Եվ նրա միջից պիտի վերացնեմ դատավորին* և նրա բոլոր իշխաններին պիտի մեռցնեմ»,- ասում է Տերը։

է. Հուդա

4 Այսպես է ասում Տերը. «Հուդայի երեք օրինազանցությունների համար և չորրորդի համար պատիժը հետ չեմ կոչելու, որովհետև նրանք մերժեցին Տիրոջ օրենքը և նրա կանոնները չպահեցին, նրանց մոլորեցրին իրենց ստերը, որոնց հետևից գնացել էին իրենց հայրերը։ 5 Այլ ես կրակ պիտի գցեմ Հուդայի վրա, և այն պիտի լափի Երուսաղեմի պալատները»։

Աստծու դատաստանը Իսրայելի դեմ

6 Այսպես է ասում Տերը. «Իսրայելի երեք օրինազանցությունների համար և չորրորդի համար պատիժը հետ չեմ կոչելու, որովհետև նրանք արդարին փողով ծախեցին, իսկ կարիքավորին՝ մի զույգ կոշիկով։ 7 Նրանք կոխկռտում են աղքատների գլխին, ինչպես որ կոխում են երկրի հողի վրա, խոնարհների ճանապարհը շեղում են, և որդին ու իր հայրը միևնույն աղջկա մոտ են գնում, որպեսզի պղծեն իմ սուրբ անունը։ 8 Եվ պառկում են ամեն մի զոհասեղանի մոտ գրավ առնված հանդերձների վրա և իրենց աստվածների տանը խմում են բռնագրավված գինին։ 9 Ես նրանց առաջ բնաջնջեցի ամորհացուն, որի բարձրությունը եղևնիների բարձրության պես էր, և որը պինդ էր կաղնիների նման։ Եվ ես նրա վրայից վերացրի իր պտուղը, իսկ տակից՝ նրա արմատները։ 10 Եվ ես ձեզ հանեցի Եգիպտոսի երկրից և քառասուն տարի ձեզ անապատում առաջնորդեցի, որպեսզի ժառանգեիք ամորհացիների երկիրը։ 11 Եվ ձեր որդիների միջից մարգարեներ հանեցի և ձեր երիտասարդներից՝ նվիրյալներ*. մի՞թե այդպես չէ, ո՛վ Իսրայելի որդիներ»,- ասում է Տերը։ 12 «Սակայն դուք նվիրյալներին գինի խմեցրիք և մարգարեներին հրամայեցիք՝ ասելով. “Մի՛ մարգարեացեք”։ 13 Ահա ես ձեզ պիտի ճզմեմ, ինչպես որ ճզմում է խրձերով լի սայլը։ 14 Եվ ամենաարագաշարժն անգամ չի կարող փախչել, և զորավորին չի արիացնի նրա ուժը, և հզորը չի ազատի իր անձը։ 15 Աղեղ բռնողը չի կանգնի, և վազորդը իրեն չի ազատի, և ձի հեծածը չի փրկվի։ 16 Եվ հզորների մեջ քաջասիրտը պիտի թողնի զենքերը և փախչի այդ օրը»,- ասում է Տերը։

*2.3 Այսինքն՝ պետության գլուխ եղող իշխանը։

*2.11 Կամ ուխտավորներ։

Եբր. Նեզիրիմ։