Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Մովսեսի երգը 1 Այդ ժամանակ Մովսեսն ու Իսրայելի որդիները այս ե…

Մովսեսի երգը

1 Այդ ժամանակ Մովսեսն ու Իսրայելի որդիները այս երգը երգեցին Տիրոջը՝ ասելով.

«Օրհներգում եմ Տիրոջը, որովհետև փառքով է փառավորված.

Ձիուն ու ձիավորին ծովը գցեց։

2 Տերն իմ զորությունն ու իմ գովասանքն է

Եվ իմ փրկությունը եղավ։

Նա՛ է իմ Աստվածը, և ես կփառավորեմ նրան.

Նա իմ հոր Աստվածն է, ես կբարձրացնեմ նրան։

3 Տերը հզոր պատերազմող է.

Տեր է անունը նրա։

4 Փարավոնի կառքերն ու նրա զորքերը ծովը գցեց.

Նրա ընտիր կառամարտիկներն ընկղմվեցին Կարմիր ծովում։

5 Անդունդները ծածկեցին նրանց.

Նրանք իջան խորքերը, ինչպես քար։

6 Քո աջ ձեռքը, ո՛վ Տեր, փառավորվեց զորությամբ.

Քո աջ ձեռքը, ո՛վ Տեր, խորտակեց թշնամուն։

7 Դու քո փառքի մեծությամբ խորտակում ես քո դեմ վեր կացողներին.

Ուղարկում ես քո բարկությունը, և ուտում է հարդի պես։

8 Քո շնչի փչելով հավաքվեցին ջրերը,

Հեղեղները կանգնեցին դեզի պես,

Անդունդները քարացան ծովում։

9 Թշնամին ասաց. “Հալածեմ, հասնեմ,

Ավարը բաժանեմ, անձս հագենա նրանցից,

քաշեմ սուրս, ձեռքս հափշտակի նրանց”։

10 Փչեցիր քո քամիով, ծովը ծածկեց նրանց.

Կապարի պես ընկղմվեցին զորավոր ջրերի մեջ։

11 Աստվածների մեջ ո՞վ է քեզ նման, ո՛վ Տեր.

Ո՞վ է քեզ նման սրբության մեջ փառավորված սքանչելի օրհնություններով,

Հրաշքներ անող։

12 Մեկնեցիր քո աջ ձեռքը,

Երկիրը կուլ տվեց նրանց։

13 Քո ողորմությամբ առաջնորդեցիր այս ժողովրդին, որին դու փրկեցիր.

Քո զորությամբ տարար նրանց քո սուրբ բնակարանը։

14 Ժողովուրդները լսում են և կսարսափեն.

Ցավ է բռնելու փղշտացի բնակիչներին։

15 Այն ժամանակ կտագնապեն Եդովմի իշխանները.

Մովաբի զորավորներին դող է բռնելու.

Կհալվեն Քանանի բոլոր բնակիչները։

16 Ահ ու դող կընկնի նրանց վրա.

Քո բազկի մեծությունից կսառչեն քարի պես,

Մինչև որ անցնի քո ժողովուրդը, ո՛վ Տեր,

Մինչև որ անցնի այս ժողովուրդը, որին ստացար։

17 Դու կբերես նրանց և կտնկես նրանց քո ժառանգության սարի վրա,

Այն վայրը, որ դու պատրաստեցիր քո բնակության համար, ո՛վ Տեր.

Այն սրբարանը, Տե՛ր, որ քո ձեռքերը շինեցին։

18 Տերը պիտի թագավորի հավիտյանս հավիտենից,

19 Որովհետև փարավոնի ձիերը նրա կառքերով ու ձիավորներով ծովը մտան,

և Տերը ծովի ջրերը թափեց նրանց վրա,

բայց Իսրայելի որդիները ցամաքով գնացին ծովի միջով»։

Մարիամի երգը

20 Ահարոնի քույր Մարիամ մարգարեուհին իր ձեռքն առավ թմբուկը, և բոլոր կանայք թմբուկներով ու պարերով դուրս եկան նրա ետևից։ 21 Մարիամը երգեց նրանց.

«Օրհներգե՛ք Տիրոջը, որովհետև փառքով է փառավորված.

Ձիուն ու ձիավորին ծովը գցեց»։

Դառը ջուրը

22 Մովսեսն Իսրայելին Կարմիր ծովից ճանապարհ հանեց, ու նրանք հասան Սուր կոչված անապատը։ Երեք օրվա ճանապարհ գնացին անապատի միջով, բայց ջուր չգտան։ 23 Եկան Մեռա, բայց չկարողացան խմել Մեռայի ջրից, որովհետև այն դառն էր. դրա համար այդ վայրը կոչվեց Մեռա*։ 24 Ժողովուրդը տրտնջաց Մովսեսի դեմ՝ ասելով. «Ի՞նչ խմենք»։ 25 Մովսեսն աղաղակեց Տիրոջը, և Տերը նրան մի փայտ ցույց տվեց։ Մովսեսն այն գցեց ջրի մեջ, և ջուրը քաղցրահամ դարձավ։ Այստեղ Տերը նրանց օրենք ու դատաստան տվեց և այստեղ փորձեց նրանց։ 26 Եվ ասաց. «Եթե ուշադիր լսես քո Տեր Աստծու ձայնը, անես այն, ինչ ուղիղ է նրա աչքին, և հնազանդվես նրա պատվիրաններին, պահես նրա բոլոր կանոնները, քեզ վրա չեմ բերի այն հիվանդություններից, որոնք բերեցի եգիպտացիների վրա, որովհետև ես եմ Տերը՝ քո բժիշկը»։

27 Եվ եկան Եղիմ։ Այնտեղ կային ջրի տասներկու աղբյուր և յոթանասուն արմավենի։ Նրանք այնտեղ՝ ջրերի մոտ կանգ առան։

*15.23 Դառնություն։