Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Ամեն բան իր ժամանակն ունի 1 Ամեն բանի ժամանակ կա և ժամանակ՝ ե…

Ամեն բան իր ժամանակն ունի

1 Ամեն բանի ժամանակ կա և ժամանակ՝ երկնքի տակ բոլոր գործերին։

2 Ծնվելու ժամանակ և մեռնելու ժամանակ. տնկելու ժամանակ և տնկածն արմատախիլ անելու ժամանակ։

3 Սպանելու ժամանակ և բժշկելու ժամանակ. քանդելու ժամանակ և կառուցելու ժամանակ։

4 Լացելու ժամանակ և ծիծաղելու ժամանակ. սգալու ժամանակ և պարելու ժամանակ։

5 Քարեր շպրտելու ժամանակ և քարեր հավաքելու ժամանակ. ողջագուրվելու ժամանակ և ողջագուրանքից հեռու մնալու ժամանակ։

6 Փնտրելու ժամանակ և կորցնելու ժամանակ. պահելու ժամանակ և դեն գցելու ժամանակ։

7 Պատռելու ժամանակ և կարելու ժամանակ. լռելու ժամանակ և խոսելու ժամանակ։

8 Սիրելու ժամանակ և ատելու ժամանակ. պատերազմի ժամանակ և խաղաղության ժամանակ։

9 Իր արած աշխատանքից ի՞նչ օգուտ ունի աշխատողը։

10 Տեսա այն զբաղմունքը, որ Աստված տվել է մարդկանց որդիներին, որպեսզի նրանով զբաղվեն։

11 Նա ամեն բան պատշաճ է արել իր ժամանակին, նաև հավիտենականությունն է դրել մարդկանց սրտում, սակայն մարդը չի կարող սկզբից մինչև վերջը հասկանալ Աստծու արած գործերը։

12 Գիտեմ, որ մարդկանց համար ուրախ լինելուց և կյանքի ընթացքում բարիք անելուց ավելի լավ բան չկա։

13 Նաև որ Աստծու պարգևն է, որ ամեն մարդ ուտում-խմում է և վայելում իր ամբողջ աշխատանքը։

14 Գիտեմ, որ այն ամենը, ինչ որ անում է Աստված, հավիտյան կմնա. հնարավոր չէ նրա վրա ավելացնել կամ նրանից պակասեցնել. Աստված այդ արել է, որ վախենան իրենից։

15 Ինչ որ կա, արդեն կար, և ինչ որ լինելու է, արդեն եղել է. Աստված անցածն* է փնտրում։

Անարդարություն աշխարհում

16 Արեգակի տակ նաև տեսա, որ իրավունքի նստավայրում անիրավություն կար, արդարության նստավայրում՝ անիրավություն։

17 Ես իմ սրտում ասացի. «Արդարին և անիրավին Աստված դատելու է, որովհետև ամեն ինչի համար ժամանակ կա և ամեն արարքի»։

18 Ես իմ սրտում ասացի մարդկանց որդիների մասին, որ Աստված փորձում է նրանց, որ տեսնեն, թե իրենք անասուններ են։

19 Արդարև, մարդկանց որդիների վախճանը և անասունների վախճանը նույնն է։ Ինչպես մեռնում է սա, նույնպես և նա է մեռնում։ Եվ բոլորի շունչը միևնույնն է, և մարդն անասունից ոչ մի առավելություն չունի, որովհետև ամեն բան էլ ունայն է։

20 Բոլորը նույն տեղն են գնում. ամեն բան հողից է եղել և ամենը հող է դառնալու։

21 Ո՞վ գիտի, թե մարդկանց որդիների հոգին վեր է գնում, իսկ անասունի հոգին ներքև է գնում՝ գետին։

22 Ու տեսա, որ ավելի լավ բան չկա, քան որ մարդ ուրախանա իր գործերով, որովհետև նրա բաժինը դա է. քանզի նրան ո՞վ պիտի տանի, որ տեսնի, թե ինչ է լինելու իրենից հետո։

 

*3.15 Բռց. հալածված։