Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Շնորհակալություն Աստծու արդարության համար Երգողների գլխավորին։ &la…

Շնորհակալություն Աստծու արդարության համար

Երգողների գլխավորին։ «Որդու մահը» երգի եղանակով։ Դավթի սաղմոս։

1 Ես պիտի փառաբանեմ քեզ, Տե՛ր, իմ ամբողջ սրտով. պիտի հռչակեմ քո բոլոր սքանչելիքները։

2 Պիտի ուրախ լինեմ ու ցնծամ քեզնով, պիտի սաղմոս երգեմ քո անվանը, ո՛վ Բարձրյալ։

3 Իմ թշնամիները ետ դառնալիս կործանվում և կորչում են քո առջևից,

4 Որովհետև դու արեցիր իմ դատաստանն ու իրավունքը. դու նստեցիր աթոռի վրա, ո՛վ արդար դատավոր։

5 Դու սաստեցիր հեթանոսներին և կորցրիր ամբարիշտին. նրանց անունը ջնջեցիր հավիտյանս հավիտենից։

6 Թշնամիները վերջացան բոլորովին, դարձան հավիտենական ավերակներ, և դու քանդեցիր նրանց քաղաքները, նրանց հիշատակը կորավ նրանց հետ։

7 Բայց Տերը կա հավիտյանս հավիտենից. նա իր աթոռը պատրաստեց դատաստանի համար։

8 Նա արդարությամբ կդատի այս աշխարհը և ազգերի իրավունքի ուղիղ դատաստանը կանի։

9 Տերն ապավեն է խեղճին, ապավեն՝ նեղության ժամանակներում։

10 Եվ քեզ պիտի հուսան քո անունը ճանաչողները, որովհետև դու չես լքում քեզ փնտրողներին, Տե՛ր։

11 Սաղմո՛ս երգեցեք Տիրոջը, որ բնակվում է Սիոնում, պատմեցե՛ք նրա գործերը ժողովուրդների մեջ,

12 Որովհետև արյան վրեժխնդիրը հիշեց նրանց, նա չմոռացավ խեղճերի աղաղակը։

13 Ողորմի՛ր ինձ, Տե՛ր, և տե՛ս իմ տառապանքը, որ իմ ատողներից է, դու, որ մահվան դռնից բարձրացնում ես ինձ,

14 Որպեսզի Սիոնի աղջկա* դռների մեջ պատմեմ քո բոլոր օրհնությունները և քո փրկությամբ ցնծամ։

15 Հեթանոսները կուլ գնացին այն հորի մեջ, որ փորեցին, և նրանց ոտքերը փաթաթվեցին այն վարմի մեջ, որ թաքցրին։

16 Տերը հայտնի դարձավ, նա դատաստան արեց. ամբարիշտը բռնվեց իր ձեռքի գործերում։ (Հիկկայոն. Սելա)։

17 Ամբարիշտները պիտի ետ դառնան դժոխք, և բոլոր ազգերը, որ մոռանում են Աստծուն։

18 Որովհետև չքավորն իսպառ չի մոռացվի, և խեղճի հույսը չի կորչի հավիտյան։

19 Վե՛ր կաց, Տե՛ր, և թող չզորանա մարդը. թող հեթանոսները դատվեն քո առաջ։

20 Տե՛ր, ահ ու վա՛խ դիր նրանց մեջ. թող հեթանոսներն իմանան, որ մարդիկ են։ (Սելա)։

*9.14 Սիոնի աղջիկը Երուսաղեմն է։