Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Տոնախմբության աղոթք Երգողների գլխավորին։ Կիթթիթի վրա։ Ասափի (սաղմո…

Տոնախմբության աղոթք

Երգողների գլխավորին։ Կիթթիթի վրա։ Ասափի (սաղմոս)։

1 Ցնծացե՛ք Աստծու առջև, որ մեր զորությունն է. աղաղակե՛ք դեպի Հակոբի Աստվածը։

2 Բարձրացրե՛ք երգը, տվե՛ք թմբուկը, քաղցր քնարը՝ սաղմոսարանի հետ։

3 Փո՛ղ փչեցեք ամսագլխին, լրացած լուսնի ժամանակ՝ մեր տոնի օրը։

4 Որովհետև սա հրաման է Իսրայելի համար և Հակոբի Աստծու համար՝ իրավունք։

5 Վկայություն դրեց սա Հովսեփի մեջ, երբ նա դուրս էր գալիս Եգիպտոսի երկրի դեմ. լսում էի լեզուն, որը չգիտեի։

6 Նրա թիկունքը հեռացրի բեռից, և նրա ձեռքերը ազատվեցին քթոցից։

7 Նեղության մեջ դու կանչեցիր, և քեզ փրկեցի. քեզ լսեցի որոտման ծածկոցում, փորձեցի քեզ Մերիբայի ջրերի մոտ։ (Սելա)։

8 Լսի՛ր, իմ ժողովո՛ւրդ, և պիտի վկայեմ քեզ, ո՛վ Իսրայել. երանի թե լսեիր ինձ։

9 Օտար աստված չլինի քո մեջ, և օտար աստծու երկրպագություն չանես։

10 Ես եմ քո Տեր Աստվածը, որ քեզ հանեցի Եգիպտոսի երկրից. քո բերանը լայն բա՛ց արա, և ես պիտի լցնեմ այն։

11 Բայց իմ ժողովուրդը չլսեց իմ ձայնը, և Իսրայելը չհավանեց ինձ։

12 Ուստի նրանց թողեցի իրենց սրտերի կամքին, որպեսզի ընթանան ըստ իրենց խորհուրդների։

13 Եթե իմ ժողովուրդն ինձ լսեր, և Իսրայելը գնար իմ ճանապարհի մեջ,

14 Նրանց թշնամիներին շուտով պիտի խոնարհեցնեի և իմ ձեռքը պիտի դարձնեի նրանց նեղողների դեմ։

15 Տիրոջն ատողները պիտի խոնարհվեին նրա առջև, և նրանց ժամանակը հավիտյան պիտի լիներ։

16 Նա պիտի կերակրեր նրան ընտիր ցորենով. և վեմից բխած մեղրով պիտի կշտացնեի քեզ։