Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Զատիկը (Ելք 12.1-20) 1 «Աբիբ ամիսն զգուշությամբ կպահ…

Զատիկը

(Ելք 12.1-20)

1 «Աբիբ ամիսն զգուշությամբ կպահես և զատիկը կկատարես քո Տեր Աստծու համար, որովհետև քո Տեր Աստվածն Աբիբ ամսին գիշերով քեզ հանեց Եգիպտոսից։ 2 Զատկի համար ոչխարներ ու արջառներ կմորթես քո Տեր Աստծուն այն վայրում, որ կընտրի Տերն իր անվան բնակության համար։ 3 Դրա հետ թթխմորով հաց չուտես։ Դրա հետ յոթ օր բաղարջ՝ նեղության հաց կուտես, որովհետև Եգիպտոսի երկրից տագնապով դուրս եկար, որպեսզի քո կյանքի բոլոր օրերին հիշես Եգիպտոսի երկրից քո դուրս գալու օրը։ 4 Քո երկրի բոլոր սահմաններում յոթ օր քեզ մոտ բնավ թթխմոր չերևա, և նախորդ օրվա երեկոյան քո մորթած մսից մինչև հաջորդ առավոտ բան թող չմնա։ 5 Դու չես կարող զատիկը մորթել այն քաղաքներից մեկում, որ քո Տեր Աստվածը տալիս է քեզ իբրև բնակավայր, 6 այլ միայն այն վայրում, որ կընտրի քո Տեր Աստվածը, որպեսզի իր անունը հաստատվի այնտեղ։ Կմորթես զատիկը երեկոյան դեմ՝ մայրամուտին, այն ժամանակ, երբ դուրս եկար Եգիպտոսից։ 7 Կեփես, կուտես քո Տեր Աստծու ընտրած վայրում և առավոտյան կվերադառնաս քո վրանը։ 8 Վեց օր բաղարջ հաց կուտես, իսկ յոթերորդ օրը քո Տեր Աստծու համար տոնախմբության օր կլինի. ոչ մի գործ չանես։

Հունձքի կամ Շաբաթների տոնը

(Ելք 34.22, 23.16ա, Ղևտ. 23.15-21)

9 Դու քեզ համար կհաշվես յոթ շաբաթ. մանգաղը գործի դնելու օրվանից կսկսես հաշվել յոթ շաբաթ։ 10 Եվ քո Տեր Աստծու համար կկատարես Շաբաթների տոնը և քո կարողության չափով կտաս քո կամավոր նվերն ըստ այն օրհնության, որ քո Տեր Աստվածը կտա քեզ։ 11 Դու, քո տղան և աղջիկը, քո ծառան և աղախինը, քո քաղաքներում գտնվող ղևտացին և ձեր մեջ բնակվող օտարականը, որբն ու որբևայրին կուրախանաք քո Տեր Աստծու առջև այն վայրում, որ կընտրի քո Տեր Աստվածն իր անվան բնակության համար։ 12 Հիշի՛ր, որ դու ստրուկ էիր Եգիպտոսի երկրում, և զգուշությա՛մբ պահիր ու կատարի՛ր այդ կանոնները։

Տաղավարահարաց տոնը

(Ղևտ. 23.33-43)

13 Յոթ օր կկատարես Տաղավարահարաց տոնը, երբ հավաքես քո կալից և հնձանից։ 14 Այդ տոնի ժամանակ կուրախանաք դու, քո տղան և աղջիկը, քո ծառան և աղախինը, քո քաղաքներում գտնվող ղևտացին, օտարականը, որբն ու որբևայրին։ 15 Քո Տեր Աստծու համար յոթ օր տոն կատարելով՝ ուրախություն կանես այն վայրում, որ կընտրի Տերը. որովհետև քո Տեր Աստվածը կօրհնի քեզ և քո բոլոր բերքերն ու քո ձեռնարկած բոլոր գործերը։ 16 Տարին երեք անգամ, այսինքն՝ Բաղարջակերաց տոնին, Շաբաթների տոնին և Տաղավարահարաց տոնին արական սեռի քո բոլոր մարդիկ թող ներկայանան քո Տեր Աստծու առջև այն վայրում, որ նա կընտրի։ Ոչ մեկը Տիրոջ առջև դատարկաձեռն չերևա։ 17 Ամեն մարդ իր կարողության չափով թող տա՝ քո Տեր Աստծու՝ քեզ տված օրհնության համեմատ։

Արդարադատության օրենքներ

18 Քո Տեր Աստծու քեզ տված բոլոր քաղաքներում դատավորներ և պաշտոնյաներ կկարգես ըստ քո ցեղերի։ Թող նրանք դատեն ժողովրդին արդար դատաստանով։ 19 Չիրավազրկես, աչառություն չանես և կաշառք չվերցնես, որովհետև կաշառքը կուրացնում է իմաստունների աչքերը և խեղաթյուրում արդարների խոսքերը։ 20 Կհետևես միայն ու միայն արդարության, որպեսզի ողջ մնաս և ժառանգես այն երկիրը, որ քո Տեր Աստվածը տալու է քեզ։

21 Ոչ մի ծառից Աստարովթ չտնկես քո Տեր Աստծու սեղանի մոտ, որ շինելու ես քեզ համար։ 22 Արձան էլ չկանգնեցնես քեզ համար, մի բան, որից զզվում է քո Տեր Աստվածը»։