Հին Կտակարան
Նոր Կտակարան
1 Հիմա դու քեզ համար գո՛ւնդ կազմիր, ո՛վ գնդի դուստր, պաշարել են …
1 Հիմա դու քեզ համար գո՛ւնդ կազմիր, ո՛վ գնդի դուստր, պաշարել են մեզ, գավազանով հարվածում են Իսրայելի դատավորի ծնոտին։
Տերը խոստանում է Փրկիչ Բեթլեհեմից
2 Բայց դու, ո՛վ Բեթլեհեմ Եփրաթա, փոքր ես Հուդայի տոհմերի մեջ, սակայն քեզանի՛ց պիտի դուրս գա ինձ համար նա, որ իշխանավոր պիտի լինի Իսրայելին։ Եվ նրա ծագումը շատ հին է, հասնում է մինչև հնագույն օրերը։ 3 Ուստի նրանց պիտի լքի մինչև ծննդկանի ծնելու ժամանակը, և նրա եղբայրների մնացորդը պիտի վերադառնա Իսրայելի որդիներին։ 4 Եվ նա պիտի կանգնի և իր հոտին պիտի կերակրի Տիրոջ ուժով, Տիրոջ՝ իր Աստծու անվան մեծափառությամբ։ Եվ նրանք ապահով պիտի բնակվեն, որովհետև արդեն մինչև երկրի ծայրերը նա մեծ պիտի լինի։
Ազատում և պատիժ
5 Եվ սա խաղաղություն կլինի։ Երբ ասորեստանցին մեր երկիրը մտնի և երբ որ շրջի մեր պալատներում, այն ժամանակ մենք նրա դեմ կկանգնեցնենք յոթ հովիվ և ութ իշխան մարդկանց, 6 և նրանք սրով պիտի հովվեն Ասորեստանի երկիրը և Նեբրովթի երկիրը՝ քաշված սրով, և պիտի ազատի ասորեստանցուց, երբ նա մեր երկիրը գա կամ մեր սահմանները մտնի։
7 Ապա Հակոբի մնացորդը շատ ժողովուրդների մեջ Տիրոջ կողմից եկած ցողի պես պիտի լինի, այն շաղի պես, որ գալիս է խոտի վրա, որը մարդու չի սպասում և հույսը մարդու որդիների վրա չի դնում։ 8 Եվ Հակոբի մնացորդը ազգերի մեջ, շատ ժողովուրդների մեջ առյուծի պես պիտի լինի՝ անտառի կենդանիների մեջ, ինչպես կորյունը՝ ոչխարների հոտերի մեջ, որ եթե անցնի, կտրորի ու կպատառոտի, և ազատող չի լինի։ 9 Ձեռքդ պիտի բարձրանա քո թշնամիների վրա, և քո բոլոր ոսոխները պիտի բնաջնջվեն։
10 «Այդ օրը,- ասում է Տերը,- քո միջից բնաջինջ պիտի անեմ քո ձիերը և վերացնեմ քո մարտակառքերը. 11 պիտի բնաջնջեմ քո երկրի քաղաքները և քանդեմ քո ամրոցները։ 12 Քո ձեռքից պիտի վերացնեմ կախարդությունները, և այլևս գուշակողներ չպիտի ունենաս։ 13 Եվ քո միջից պիտի բնաջնջեմ քո կուռքերն ու քո արձանները, և այլևս չես երկրպագելու քո ձեռքի գործերին։ 14 Եվ քո միջից պիտի կործանեմ քո աստարովթները և պիտի ավերեմ քո քաղաքները։ 15 Եվ բարկությամբ ու զայրույթով վրեժ պիտի առնեմ այն ազգերից, որոնք չանսացին»։