Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Ժողովրդի տրտունջը 1 Ամբողջ համայնքը ձայնը բարձրացրեց և աղաղակ…

Ժողովրդի տրտունջը

1 Ամբողջ համայնքը ձայնը բարձրացրեց և աղաղակեց, և ժողովուրդը լաց եղավ այդ գիշեր։ 2 Իսրայելի բոլոր որդիները տրտնջացին Մովսեսի և Ահարոնի դեմ, և ամբողջ ժողովուրդն ասաց նրանց. «Երանի թե մեռած լինեինք Եգիպտոսի երկրում կամ մեռած լինեինք հենց այս անապատում։ 3 Ինչո՞ւ Տերը մեզ բերեց այս երկիրը, որպեսզի սրով ընկնենք, և մեր կանայք ու մեր զավակները հափշտակվեն։ Մեզ համար լավ չէ՞, որ վերադառնանք Եգիպտոս»։ 4 Եվ նրանք ասացին միմյանց. «Եկե՛ք մի առաջնորդ ընտրենք և Եգիպտոս վերադառնանք»։ 5 Մովսեսն ու Ահարոնը երեսնիվայր ընկան հավաքված ամբողջ Իսրայելի ժողովրդի առաջ։ 6 Երկիրը հետախուզողներից Նավեի որդի Հեսուն և Հեփոնեի որդի Քաղեբը պատառոտեցին իրենց հագուստները 7 և իրենց խոսքն ուղղելով Իսրայելի որդիների ամբողջ ժողովրդին՝ ասացին. «Այն երկիրը, որի միջով անցանք հետախուզելու համար, շատ, շատ լավ երկիր է։ 8 Եթե Տերը բարեհաճ լինի մեր նկատմամբ, նա մեզ կտանի այդ երկիրը և մե՛զ կտա այն, որ մի երկիր է, ուր կաթ ու մեղր է հոսում։ 9 Միայն թե Տիրոջ դեմ չապստամբեք և այդ երկրի ժողովրդից չվախենաք, որովհետև նրանք կերակուր են մեզ համար, նրանց պաշտպանությունը գնացել է իրենց վրայից, և Տերը մեզ հետ է. մի՛ վախեցեք նրանցից»։ 10 Ամբողջ ժողովուրդն ասում էր. «Քարկոծենք նրանց». բայց Տիրոջ փառքը երևաց ժողովի վրանի վրա, Իսրայելի բոլոր որդիներին։

Մովսեսն աղոթում է ժողովրդի համար

11 Տերն ասաց Մովսեսին. «Այս ժողովուրդը մինչև ե՞րբ պիտի արհամարհի ինձ և մինչև ե՞րբ չպիտի հավատա ինձ, այն բոլոր հրաշքներին, որ արեցի նրանց մեջ։ 12 Պիտի հարվածեմ նրանց ժանտախտով և կորստյան մատնեմ նրանց, իսկ քեզ նրանցից ավելի մեծ և հզոր ազգ դարձնեմ»։ 13 Մովսեսն ասաց Տիրոջը. «Այն ժամանակ եգիպտացիները կլսեն (որովհետև դու քո զորությամբ այս ժողովրդին հանեցիր նրանց միջից) 14 և կասեն այս երկրի բնակիչներին։ Նրանք լսել են, որ դու, ո՛վ Տեր, այս ժողովրդի մեջ ես, որ դու, ո՛վ Տեր, դեմ առ դեմ երևում ես, որ քո ամպը կանգնած է նրանց վրա, և որ ցերեկը ամպի սյունով, իսկ գիշերը կրակի սյունով գնում ես նրանց առջևից։ 15 Արդ եթե դու այս ժողովրդին մի մարդու պես ոչնչացնես, ապա քո համբավը լսող ազգերը կխոսեն՝ ասելով. 16 “Տերը չկարողացավ տանել նրանց այն երկիրը, որ երդումով խոստացել էր, դրա համար էլ նրանց ոչնչացրեց անապատի մեջ”։ 17 Այժմ իմ Տիրոջ զորությունը թող մեծանա, ինչպես որ խոսեցիր՝ ասելով. 18 “Տերը համբերատար է և բազումողորմ, անօրենությունն ու հանցանքը ներող, բայց ամենևին անպատիժ չի թողնի հանցավորին՝ հայրերի անօրենությունը հատուցել տալով նրանց զավակներին՝ մինչև երրորդ և չորրորդ սերունդը”։ 19 Աղաչում եմ, ների՛ր այս ժողովրդին քո մեծ ողորմության համեմատ, ինչպես որ ներեցիր նրանց Եգիպտոսից դուրս գալուց մինչև այսօր»։ 20 Տերն ասաց. «Ներեցի քո ասածի համաձայն, 21 բայց կենդանի եմ ես, և ամբողջ երկիրը լցված է Տիրոջ փառքով. 22 որովհետև այն բոլոր մարդիկ, որոնք տեսան իմ փառքը և իմ գործած հրաշքները Եգիպտոսում ու անապատում և ահա տասն անգամ փորձեցին ինձ ու չլսեցին իմ խոսքը, 23 չեն տեսնի այն երկիրը, որ ես երդումով խոստացա նրանց հայրերին. և ինձ արհամարհողներից ոչ մեկը չի տեսնի այն։ 24 Բայց որովհետև իմ ծառա Քաղեբի մեջ ուրիշ հոգի կար, և նա ամբողջովին հնազանդվեց ինձ, ես էլ նրան կտանեմ այն երկիրը, ուր նա գնացել էր, և նրա սերունդը կժառանգի այն։ 25 Ամաղեկացիներն ու քանանացիները բնակվում են ձորերում. վաղը դարձե՛ք և գնացե՛ք դեպի անապատ Կարմիր ծովի ճանապարհով»։

Տերը պատժում է ժողովրդին տրտնջալու համար

26 Տերը խոսեց Մովսեսի ու Ահարոնի հետ և ասաց. 27 «Մինչև ե՞րբ պիտի համբերեմ այս չար ժողովրդին, որ տրտնջում է իմ դեմ։ Ես լսեցի Իսրայելի որդիների տրտունջը, որ տրտնջում են իմ դեմ։ 28 Ասա՛ նրանց. “Կենդանի եմ ես,- ասում է Տերը,- և ես այնպես կանեմ ձեզ, ինչպես որ լսելի կերպով խոսեցիք ինձ հետ։ 29 Ձեր դիակները կընկնեն այս անապատում։ Դուք բոլորդ, որ հաշվառվեցիք, քսան տարեկանից բարձր եղողներդ, որ տրտնջացիք իմ դեմ, 30 բնավ չպիտի մտնեք այն երկիրը, որի համար երդվեցի, թե ձեզ կբնակեցնեմ այնտեղ, բացի Հեփոնեի որդի Քաղեբից և Նավեի որդի Հեսուից։ 31 Իսկ ձեր որդիները, որոնց մասին դուք ասացիք, թե կհափշտակվեն, ես նրանց կտանեմ և նրանք կմտնեն ձեր չհավանած երկիրը։ 32 Իսկ ձեր դիակները կընկնեն այս անապատում։ 33 Ձեր որդիները քառասուն տարի հովիվ կլինեն այս անապատում և ձեր պոռնկությունների պատիժը կկրեն, մինչև որ ձեր դիակները կորչեն անապատում։ 34 Երկիրը հետախուզելու այս քառասուն օրերի թվի համեմատ, ամեն մեկ օրվա դիմաց մեկ տարի, այսինքն՝ քառասուն տարի կկրեք ձեր անօրենությունների պատիժը և կիմանաք իմ դժգոհությունը։ 35 Ես՝ Տերը, ասացի, որ այսպե՛ս պիտի անեմ այս չար ժողովրդին, որ ըմբոստացել է իմ դեմ. նրանք այս անապատում պիտի սպառվեն և այստեղ մեռնեն”»։ 36 Այն մարդիկ, որոնց Մովսեսն ուղարկել էր այդ երկիրը հետախուզելու, և որոնք, իրենց վերադարձին այդ երկրի մասին վատ լուրեր տարածելով, ամբողջ ժողովրդին տրտնջալ տվեցին Մովսեսի դեմ, 37 այդ մարդիկ, որ այն երկրի մասին վատ լուրեր տարածեցին, հարված ստանալով, մեռան Տիրոջ առաջ։ 38 Բայց Նավեի որդի Հեսուն և Հեփոնեի որդի Քաղեբը, որոնք այդ երկիրը հետախուզելու գնացած մարդկանցից էին, ողջ մնացին։ 39 Մովսեսն այս խոսքերը հաղորդեց Իսրայելի բոլոր որդիներին, և ժողովուրդը մեծապես սգաց։ 40 Վաղ առավոտյան նրանք բարձրացան լեռնային շրջանի բարձրադիր տեղերը՝ ասելով. «Ահա մենք. եկե՛ք վեր կենանք գնանք այն տեղը, որի մասին ասաց Տերը, որովհետև մեղք գործեցինք»։ 41 Մովսեսն ասաց. «Ինչո՞ւ եք խախտում Տիրոջ հրամանը. այդ բանը ձեզ չի հաջողվի։ 42 Մի՛ բարձրացեք (որովհետև Տերը ձեր մեջ չէ), որպեսզի չջարդվեք ձեր թշնամիներից։ 43 Որովհետև ամաղեկացիներն ու քանանացիներն այնտեղ՝ ձեր առջևում են, և դուք կընկնեք սրով, քանի որ հեռացել եք Տիրոջից. Տերը ձեզ հետ չի լինի»։ 44 Բայց նրանք հանդգնեցին լեռնային շրջանի բարձրադիր տեղերը բարձրանալ, սակայն Տիրոջ ուխտի տապանակը և Մովսեսը չբաժանվեցին բանակատեղիից։ 45 Այն ժամանակ լեռնային շրջանում բնակվող ամաղեկացիներն ու քանանացիներն իջան, հարվածեցին նրանց և հալածեցին մինչև Հորմա։