Հին Կտակարան
Նոր Կտակարան
Բաբելոնի պատգամավորները (Դ Թագ. 20.12-19) 1 Այն ժամանակ Բա…
Բաբելոնի պատգամավորները
(Դ Թագ. 20.12-19)
1 Այն ժամանակ Բաղադանի որդի Մարոդաք-Բաղադանը՝ Բաբելոնի թագավորը, նամակներ և ընծա ուղարկեց Եզեկիային, որովհետև լսել էր, որ նա հիվանդացել և ապաքինվել է։ 2 Եզեկիան ուրախացավ դրանց համար և նրանց ցույց տվեց իր գանձերի տունը՝ արծաթը, ոսկին, խնկեղենը, թանկարժեք յուղը, իր ամբողջ զինանոցն ու այն ամենը, ինչ գտնվում էր նրա գանձարաններում։ Իր տանը և իր ամբողջ թագավորության մեջ չկար մի բան, որ Եզեկիան ցույց տված չլիներ նրանց։
3 Եսայի մարգարեն եկավ Եզեկիա թագավորի մոտ և ասաց նրան. «Ի՞նչ են ասում այս մարդիկ, և որտեղի՞ց են եկել քեզ մոտ»։ Եզեկիան պատասխանեց. «Հեռավոր երկրից՝ Բաբելոնից են եկել ինձ մոտ»։ 4 Եսային ասաց. «Ի՞նչ տեսան քո տանը»։ Եզեկիան պատասխանեց. «Ամեն ինչ, որ կա իմ տանը, տեսան. բան չկա, որ ցույց տված չլինեմ իմ գանձարաններում»։ 5 Եվ Եսային ասաց Եզեկիային. «Լսի՛ր Զորությունների Տիրոջ խոսքը. 6 “Ահա գալու են օրեր, երբ ամեն ինչ, որ կա քո տանը, ինչ որ կուտակեցին կամ հավաքեցին քո հայրերը մինչև այսօր, պիտի տարվի Բաբելոն. ոչ մի բան չպիտի մնա,- ասում է Տերը։- 7 Եվ քո որդիներից որոնք առաջ են գալու քեզնից, որոնց դու ծնելու ես, պիտի առնեն տանեն, և նրանք ներքինիներ պիտի դառնան Բաբելոնի թագավորի պալատում”»։ 8 Եվ Եզեկիան ասաց Եսայուն. «Տիրոջ խոսքը, որ դու ասացիր, բարի է, որովհետև,- ասաց նա,- խաղաղություն և ապահովություն կլինի իմ օրերում»։