Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Մարգարեություն ամմոնացիների դեմ 1 Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ա…

Մարգարեություն ամմոնացիների դեմ

1 Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. 2 «Մարդո՛ւ որդի, դեմքդ Ամմոնի որդիների դե՛մ դիր և մարգարեացի՛ր նրանց դեմ։ 3 Եվ ասա՛ Ամմոնի որդիներին. “Լսե՛ք Տեր Աստծու խոսքը։ Այսպես է ասում Տեր Աստված. "Քանի որ դու "վա՜շ" ասացիր իմ սրբարանի մասին, երբ նա սրբապղծվեց, և Իսրայելի երկրի մասին, երբ այն ամայացավ, և Հուդայի տան մասին, երբ տարագրվեց, 4 դրա համար ահա ես քեզ իբրև ստացվածք պիտի տամ արևելքի որդիներին՝ որպես ժառանգություն, և նրանք իրենց բանակատեղիները պիտի հաստատեն քո մեջ և քո մեջ պիտի հաստատեն իրենց բնակարանները. նրանք պիտի ուտեն քո պտուղները և նրանք պիտի խմեն քո կաթը։ 5 Ես Ռաբբան ուղտերի փարախ պիտի դարձնեմ, իսկ Ամմոնի որդիների քաղաքը՝ հոտերի մակաղատեղ։ Եվ դուք կիմանաք, որ ես եմ Տերը"”։ 6 Որովհետև այսպես է ասում Տեր Աստված. “Նրա համար, որ դու ծափ տվեցիր և ոտքով գետնին խփեցիր և քո ամբողջ արհամարհանքով հոգու չափ ուրախացար Իսրայելի երկրի դեմ, 7 դրա համար ահա ես իմ ձեռքը դեպի քեզ եմ մեկնում և քեզ իբրև ավար պիտի տամ ազգերին և քեզ վերացնեմ ազգերից և քեզ կորցնեմ երկրներից. ես քեզ պիտի ոչնչացնեմ։ Ապա կիմանաս, որ ես եմ Տերը”»։

Մարգարեություն Մովաբի դեմ

8 «Այսպես է ասում Տեր Աստված, որովհետև Մովաբն ու Սեիրն ասացին. “Ահա Հուդայի տունը բոլոր ազգերի պես է”, 9 դրա համար ես Մովաբի սահմանամերձ քաղաքները, երկրի պարծանքը եղող Բեթ Եսիմոթը, Բահաղ Մեոնը և Կարիաթեմը պիտի բանամ։ 10 Ամմոնի որդիների հետ սա էլ իբրև ստացվածք պիտի տամ Արևելքի որդիներին, որպեսզի Ամմոնի որդիները ազգերի մեջ չհիշատակվեն։ 11 Մովաբի դեմ դատաստաններ եմ անելու, և նրանք պիտի իմանան, որ ես եմ Տերը»։

Մարգարեություն Եդովմի դեմ

12 «Այսպես է ասում Տեր Աստված. “Որովհետև Եդովմը Հուդայի տան դեմ վրեժխնդրությամբ վարվեց և նրանից վրեժ առնելով՝ մեծ հանցանք գործեց, 13 դրա համար այսպես է ասում Տեր Աստված. "Ես իմ ձեռքը պիտի տարածեմ Եդովմի վրա և նրանից վերացնեմ մարդն ու անասունը, նրան ամայի պիտի դարձնեմ Թեմանից մինչև Դեդան. նրանք սրից պիտի ընկնեն։ 14 Եվ իմ վրեժխնդրությունը պիտի իրագործեմ Եդովմի դեմ իմ ժողովրդի՝ Իսրայելի ձեռքով, և նրանք իմ բարկության և իմ զայրույթի համեմատ պիտի վարվեն Եդովմի հետ, ու նրանք պիտի ճանաչեն վրեժխնդրությունս"”»,- ասում է Տեր Աստված։

Մարգարեություն փղշտացիների դեմ

15 «Այսպես է ասում Տեր Աստված. “Որովհետև փղշտացիները վրեժխնդրությամբ վարվեցին և հոգու արհամարհանքով վրեժ առան՝ մշտական ատելությամբ կործանելով, 16 դրա համար այսպես է ասում Տեր Աստված. "Ահա ես իմ ձեռքը տարածում եմ փղշտացիների վրա և պիտի ոչնչացնեմ Քերեթիմին*, պիտի ոչնչացնեմ ծովի եզերքում եղող մնացորդը։ 17 Եվ նրանց դեմ մեծամեծ վրեժխնդրություններ պիտի գործեմ ցասումնալից հանդիմանություններով։ Եվ նրանք պիտի իմանան, որ ես եմ Տերը, երբ որ իմ վրեժն առնեմ նրանցից"”»։

*25.16 Փղշտացիներին տրված անուններից մեկը. իմաստը՝ կրետացի։