Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Առաջնորդության և ապահովության աղոթք Դավթի սաղմոս։ 1 Ո՜վ Տե…

Առաջնորդության և ապահովության աղոթք

Դավթի սաղմոս։

1 Ո՜վ Տեր, դեպի քեզ եմ բարձրացնում իմ անձը։

2 Աստվա՛ծ իմ, քեզ հուսացի, թող չամաչեմ. թող իմ թշնամիները չուրախանան ինձ վրա։

3 Բոլոր քեզ սպասողները թող չամաչեն, այլ պիտի ամաչեն զուր տեղը անօրենություն գործողները։

4 Ցո՛ւյց տուր ինձ, ո՜վ Տեր, քո ճանապարհները, սովորեցրո՛ւ ինձ քո գնալու ուղիները։

5 Առաջնորդի՛ր ինձ քո ճշմարտության մեջ և սովորեցրո՛ւ ինձ, որ դու ես իմ փրկության Աստվածը. քեզ եմ սպասել ամեն օր։

6 Հիշի՛ր, ո՜վ Տեր, քո գթությունն ու ողորմությունը, որովհետև դրանք հավիտենական են։

7 Մի՛ հիշիր իմ մանկության մեղքերը և իմ հանցանքները, այլ հիշի՛ր ինձ քո ողորմությամբ՝ ըստ քո բարության, ո՜վ Տեր։

8 Բարի և ուղիղ է Տերը. դրա համար էլ մեղավորներին սովորեցնում է ճանապարհը։

9 Հեզերին նա առաջնորդում է իրավունքի մեջ և իր ճանապարհը սովորեցնում է հեզերին։

10 Տիրոջ բոլոր ճանապարհները ողորմություն են և ճշմարտություն նրա ուխտն ու պատվիրանը պահողների համար։

11 Ո՜վ Տեր, քո անվան համար քավի՛ր իմ անօրենությունը, որ շատ է։

12 Ո՞վ է այն մարդը, որ վախենում է Տիրոջից. նա նրան պիտի սովորեցնի այն ճանապարհը, որ ընտրելու է։

13 Նրա անձը պիտի բնակվի բարության մեջ, և նրա սերունդը պիտի ժառանգի երկիրը։

14 Տիրոջ մտերմությունը նրանց հետ է, որոնք վախենում են նրանից, և իր ուխտը սովորեցնում է նրանց։

15 Իմ աչքերը միշտ Տիրոջն են նայում, որովհետև նա պիտի իմ ոտքերը հանի որոգայթից։

16 Նայի՛ր ինձ և ողորմի՛ր ինձ, քանզի մենակ և տառապյալ եմ ես։

17 Սրտիս նեղությունները շատ են. հանի՛ր ինձ իմ վշտերից։

18 Տե՛ս իմ տառապանքն ու իմ ցավը և ների՛ր իմ բոլոր մեղքերը։

19 Նայի՛ր իմ թշնամիներին. որքա՜ն շատ են և բուռն ատելությամբ ատում են ինձ։

20 Պահի՛ր իմ անձը և փրկի՛ր ինձ, թող որ չամաչեմ, որովհետև քեզ եմ ապավինել։

21 Թող անարատությունը և ուղղամտությունը պահեն ինձ, որովհետև քեզ եմ սպասում։

22 Ո՜վ Աստված, փրկի՛ր Իսրայելին իր բոլոր նեղություններից։