Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Հազարամյա թագավորությունը 1 Տեսա երկնքից իջնող մի հրեշտակի, ո…

Հազարամյա թագավորությունը

1 Տեսա երկնքից իջնող մի հրեշտակի, որ անդունդի բանալին ուներ և մի մեծ շղթա իր ձեռքին։ 2 Նա բռնեց վիշապին՝ այն առաջին օձին, որ դևն է և սատանան, և հազար տարով կապեց նրան։ 3 Նրան գցեց անդունդը, փակեց ու վրան կնիք դրեց, որ այլևս ազգերին չմոլորեցնի, մինչև հազար տարին լրանա. դրանից հետո նա փոքր ժամանակով պետք է արձակվի։

4 Տեսա աթոռներ, որոնց վրա նստողներին դատելու իշխանություն տրվեց, տեսա նաև այն հոգիներին, որոնք գլխատվել էին Հիսուսի վկայության ու Աստծու խոսքի համար, և նրանց, որոնք չերկրպագեցին գազանին ու ոչ էլ նրա պատկերին և չընդունեցին նրա դրոշմը իրենց ճակատին, ոչ էլ իրենց ձեռքին։ Նրանք կենդանացան ու Քրիստոսի հետ հազար տարի թագավորեցին։ 5 Իսկ մնացած մեռելները չկենդանացան, մինչև հազար տարին լրանա։ Սա է առաջին հարությունը։ 6 Երանելի և սուրբ է նա, ով բաժին ունի առաջին հարության մեջ. նրանց վրա երկրորդ մահն իշխանություն չունի։ Նրանք Աստծու և Քրիստոսի քահանաները պիտի լինեն և նրա հետ հազար տարի պիտի թագավորեն։

Սատանայի պարտությունը

7 Երբ հազար տարին լրանա, սատանան իր բանտից պիտի արձակվի 8 և պիտի դուրս գա, որ մոլորեցնի երկրի չորս անկյուններում գտնվող ազգերին, Գոգին ու Մագոգին։ Նա նրանց պատերազմի պիտի հավաքի, որոնց թիվը ծովի ավազի չափ է։ 9 Եվ պիտի բարձրանան երկրի լայնությամբ և պիտի շրջապատեն սրբերի բանակն ու սիրելի քաղաքը։ Բայց երկնքից կրակ իջավ ու լափեց նրանց, 10 իսկ դևը՝ նրանց մոլորեցնողը, կրակի ու ծծմբի լիճը գցվեց, որտեղ էին գազանը և սուտ մարգարեն։ Եվ գիշերուզօր պիտի չարչարվեն հավիտյանս հավիտենից։

11 Տեսա մի սպիտակ մեծ գահ ու նրա վրա նստողին, որի երեսից երկինքն ու երկիրը փախան, և նրանց համար տեղ չգտնվեց։ 12 Եվ գահի առաջ կանգնած մեծ ու փոքր մեռելներ տեսա։ Գրքեր բացվեցին, և մի ուրիշ գիրք էլ բացվեց, որ է կենաց գիրքը։ Եվ մեռելները դատվեցին ըստ այդ գրքերում գրվածի՝ իրենց գործերի համաձայն։ 13 Եվ ծովն իր մեջ եղած մեռելներին տվեց, մահն ու դժոխքը՝ իրենց միջի մեռելներին, և յուրաքանչյուրը համաձայն իր գործերի դատվեց։ 14 Մահն ու դժոխքը հրե լիճը գցվեցին. սա է երկրորդ մահը։ 15 Եվ ով կենաց գրքի մեջ գրված չգտնվեց, նա հրե լիճը գցվեց։