Հին Կտակարան
Նոր Կտակարան
Հիսուսը մեր բարեխոսն է 1 Որդյակնե՛ր իմ, սա գրում եմ ձեզ, որպե…
Հիսուսը մեր բարեխոսն է
1 Որդյակնե՛ր իմ, սա գրում եմ ձեզ, որպեսզի չմեղանչեք. իսկ եթե մեկը մեղանչի, բարեխոս ունենք Հոր առաջ Հիսուս Քրիստոսին՝ արդարին։ 2 Եվ նա է քավությունը մեր մեղքերի համար, և ոչ միայն մեր, այլ նաև ամբողջ աշխարհի։
3 Եվ սրանով գիտենք, որ ճանաչեցինք նրան, եթե նրա պատվիրանները պահենք։ 4 Ով ասում է. «Նրան ճանաչեցի», բայց նրա պատվիրանները չի պահում, ստախոս է, և նրա մեջ ճշմարտություն չկա։ 5 Բայց ով նրա խոսքը պահում է, Աստծու սերը նրա մեջ հիրավի կատարյալ է. դրանով իմանում ենք, որ նրա մեջ ենք։ 6 Ով ասում է. «Նրա մեջ եմ ապրում», պետք է ինքն էլ այնպես ընթանա, ինչպես որ նա ընթացավ։
Նոր պատվիրանը
7 Սիրելինե՛ր, ոչ թե մի նոր պատվիրան եմ գրում ձեզ, այլ հին պատվիրանը, որ սկզբից ունեիք, և հին պատվիրանն այն խոսքն է, որ լսեցիք։ 8 Այդուհանդերձ նոր պատվիրան եմ գրում ձեզ, որ ճշմարիտ է նրա մեջ ու ձեր մեջ, որովհետև խավարն անցնում է, և ճշմարիտ լույսն արդեն երևում է։ 9 Ով ասում է, թե լույսի մեջ է և իր եղբորն ատում է, մինչև հիմա խավարի մեջ է։ 10 Ով իր եղբորը սիրում է, լույսի մեջ է ապրում, և նրա մեջ գայթակղություն չկա։ 11 Իսկ ով իր եղբորն ատում է, խավարի մեջ է ու խավարի մեջ է շրջում և չգիտի, թե ո՛ւր է գնում, որովհետև խավարը կուրացրել է նրա աչքերը։
Չսիրել աշխարհը
12 Գրում եմ ձեզ, որդյակնե՛ր,
որովհետև ձեր մեղքերը ներված են
նրա անվան համար։
13 Գրում եմ ձեզ, հայրե՛ր,
որովհետև ճանաչեցիք նրան,
ով ի սկզբանե է։
Գրում եմ ձեզ, երիտասարդնե՛ր,
որովհետև հաղթեցիք չարին։
14 Գրում եմ ձեզ, զավակնե՛ր*,
որովհետև ճանաչեցիք Հորը։
Գրեցի ձեզ, հայրե՛ր,
որովհետև ճանաչեցիք նրան, ով ի սկզբանե է։
Գրեցի ձեզ, երիտասարդնե՛ր,
որովհետև դուք զորավոր եք,
և Աստծու խոսքը բնակվում է ձեր մեջ,
և դուք հաղթեցիք չարին։
15 Մի՛ սիրեք աշխարհը և ոչ էլ այն, ինչ աշխարհի մեջ է։ 16 Եթե մեկն աշխարհը սիրում է, Հոր սերը նրա մեջ չէ, որովհետև այն ամենը, ինչ աշխարհի մեջ է, մարմնի ու աչքերի ցանկություն է և այս կյանքի ամբարտավանություն, Հորից չէ, այլ աշխարհից։ 17 Թե՛ աշխարհն է անցնում, թե՛ նրա ցանկությունը, բայց Աստծու կամքը կատարողը մնում է հավիտյան։
Նեռը՝ հակաքրիստոսը
18 Որդյակնե՛ր, վերջին ժամանակն է։ Ինչպես լսեցիք, Նեռը գալիս է, և արդեն իսկ բազում նեռեր են եկել, և դրանից էլ իմանում ենք, որ վերջին ժամանակն է։ 19 Նրանք մեր միջից դուրս ելան, բայց մեզանից չէին, որովհետև եթե մեզանից լինեին, ապա մեզ հետ մնացած կլինեին։ Բայց պետք է հայտնի լինի, որ նրանք բոլորը մեզանից չեն։ 20 Իսկ դուք օծում ունեք Սրբից և ամեն բան գիտեք։ 21 Գրեցի ձեզ, ոչ իբրև թե ճշմարտությունը չգիտեք, այլ որովհետև գիտեք այն, նաև այն, որ ամեն ստություն ճշմարտությունից չէ։ 22 Ո՞վ է ստախոսը, եթե ոչ նա, ով ուրանում է, թե Հիսուսը չէ Քրիստոսը։ Նա Նեռն է, որ ուրանում է Հորը և Որդուն։ 23 Ամեն ոք, ով Որդուն ուրանում է, չունի նաև Հորը։ Ով դավանում է Որդուն, ունի նաև Հորը։ 24 Ինչ դուք սկզբից լսեցիք, թող բնակվի ձեր մեջ. եթե ձեր մեջ բնակվի այն, ինչ սկզբից լսեցիք, դուք էլ կբնակվեք Որդու և Հոր մեջ։ 25 Եվ սա է այն խոստումը, որ նա խոստացավ մեզ, այսինքն՝ հավիտենական կյանքը։ 26 Այս բաները ձեզ մոլորեցնողների մասին ձեզ գրեցի։ 27 Եվ այն օծումը, որ դուք նրանից ընդունեցիք, ձեր մեջ է բնակվում։ Եվ կարիք չունեք, որ մեկը ձեզ ուսուցանի։ Բայց ինչպես նրա օծումն է ձեզ ուսուցանում ամեն ինչի մասին, ճշմարիտ է և ոչ սուտ. և ինչպես նա ձեզ ուսուցանեց, մնացե՛ք նրա մեջ։
28 Եվ այժմ, որդյակնե՛ր, մնացե՛ք նրա մեջ, որպեսզի երբ նա հայտնվի, համարձակություն ունենանք և նրա գալստյան ժամանակ նրանից չամաչենք։ 29 Քանի որ գիտեք, որ նա արդար է, իմացե՛ք նաև, որ ամեն ոք, ով արդարություն է անում, նրանից է ծնված։
*2.14 Այսինքն՝ «մանուկներ»։