Հին Կտակարան
Նոր Կտակարան
18 Ով ցանկանում է բարեկամներից հրաժարուել, պատճառներ է փնտռում. այդպի…
18 Ով ցանկանում է բարեկամներից հրաժարուել, պատճառներ է փնտռում.
այդպիսին ամէն ժամանակ նախատինք պիտի կրի։
2 Իմաստութիւնը պակասամիտի համար ոչ մի բանի պէտք չէ,
քանի որ նա կը վարուի առաւել անզգամութեամբ։
3 Ամբարիշտն արհամարհում է չարիքները, երբ հասնում է դրանց խորքերը,
բայց իր վրայ էլ անարգանք ու նախատինք են հասնում։
4 Խորհուրդը խոր ջուր է մարդու սրտում,
բխող գետ է եւ կեանքի աղբիւր։
5 Վայել չէ աչառու լինել ամբարշտի նկատմամբ,
եւ ոչ էլ դատաստանի ժամանակ արհամարհել արդարի իրաւունքը։
6 Անզգամի շուրթերը նրան հասցնում են չարիքների,
եւ նրա յանդուգն բերանը մահ է հրաւիրում իր վրայ։
7 Անզգամի բերանը կործանում է նրա համար,
եւ նրա շուրթերը որոգայթ են իր հոգու համար։
8 Վատին կործանում է վախը,
իսկ կնաբարոյ անձինք պիտի քաղցի մատնուեն։
9 Ով իր հոգին չի բուժում իր գործով,
նա իրեն ապականողի եղբայրն է։
10 Տիրոջ անունը յայտնի է նրա զօրութեան մեծութիւնից,
եւ դէպի նա ընթացող արդարները բարձրանում են։
11 Մեծատուն մարդու հարստութիւնն ամուր քաղաք է նրա համար,
եւ նրա փառքը մեծ հովանի ունի։
12 Տղամարդու սիրտը գոռոզանում է կործանումից առաջ
եւ խոնարհւում է փառքի հասնելուց առաջ։
13 Ով առանց բան լսելու պատասխան է տալիս,
դա անզգամութիւն է նրա համար եւ նախատինք։
14 Իմաստուն ծառան մեղմացնում է մարդու ցասումը,
բայց ո՞վ կարող է դիմանալ մարդուս նեղսրտութեանը։
15 Խելացի սիրտը ձեռք է բերում ճանաչում,
իմաստունների ականջները փնտռում են ուսանելի խորհուրդներ։
16 Ընծաներն ընդլայնում են մարդուս շրջապատը
եւ նրան նստեցնում իշխանների հետ։
17 Արդարն ինքն իր մասին չարախօսում է իր խօսքի սկզբին,
երբ սկսում է յանդիմանուել ոսոխի կողմից։
18 Լուռումունջ մնալը մեղմացնում է հակառակութիւնները
եւ զօրեղների միջեւ վճռում է հարցը։ 19 Եղբօրից օգնութիւն ստացած եղբայրը նման է ամուր քաղաքի.
նա հզօր ու բարձր է ինչպէս հաստատուն թագաւորութիւնը։
20 Մարդ իր բերանի պտղով պիտի կշտացնի իր փորը
եւ իր շուրթերի պտղով պիտի յագենայ։
21 Մահն ու կեանքը լեզուի ձեռքին են,
եւ ով յաղթահարում է այն, պիտի վայելի նրա պտուղը։
22 Ով բարի կին է գտել՝ շնորհք է գտել
եւ ուրախութիւն է ստացել Աստծուց։ Ով հեռացնում է բարեբարոյ կնոջը, նա հեռացնում է բարիքը,
իսկ ով շնաբարոյ կին ունի, նա անմիտ է եւ ամբարիշտ։
23 Աղքատն աղաչում է ողոքիչ խօսքով,
բայց հարուստը յանդուգն պատասխան է տալիս։
24 Տղամարդը լկտիութեան պատճառով է բոզանոց գնում։