Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

11 Իսրայէլացիներին հանեց Եգիպտոսից, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը, …

11 Իսրայէլացիներին հանեց Եգիպտոսից,

քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը,

12 արեց այդ՝ բարձր ձեռքով եւ իր հզօր բազկով,

քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։

13 Պատռեց մեծ ծովն ու բաժանեց երկու մասի,

քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։

14 Իսրայէլացիներին անցկացրեց ծովի միջով,

քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։

15 Փարաւոնին իր զօրքով ընկղմեց Կարմիր ծովում,

քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։

16 Իր ժողովրդին հանեց դէպի անապատ,

քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։

17 Հարուածեց մեծամեծ ազգերի,

քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։

18 Սպանեց հզօր թագաւորների,

քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը.

19 սպանեց ամորհացիների թագաւոր Սեհոնին,

քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը,

20 Բասանի թագաւոր Օգին,

քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։

21 Նրանց երկիրը որպէս ժառանգութիւն տուեց,

քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը,

22 տուեց որպէս ժառանգութիւն Իսրայէլին՝ իր ծառային,

քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։

23 Տէրը մեզ յիշեց մեր թշուառութեան մէջ,

քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։

24 Նա փրկեց մեզ մեր թշնամիների ձեռքից,

քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։

25 Նա կերակուր է տալիս բոլոր ապրող էակներին,

քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։

26 Գոհութի՛ւն մատուցեցէք երկնաւոր Աստծուն,

քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։

ԻՍՐԱՅԷԼԻ ՈՂԲԸ ԱՔՍՈՐՈՒՄ

136 Սաղմոս Դաւթի, Երեմիայի ձեռքով՝ անվերնագիր եբրայերէնում

1 Բաբելոնի գետերի մօտ՝

այնտեղ նստած լալիս էինք,

երբ յիշում էինք Սիոնը։

2 Նրանց ուռիներից էինք կախել մեր կտակարանները[§§]։

3 Այնտեղ մեզ գերեվարողները օրհնութեան խօսք էին պահանջում մեզնից,

մեզ տարագրողներն ստիպում էին՝ ասելով.

«Երգեցէ՛ք մեզ համար Սիոնի օրհներգերից»։

4 Իսկ մենք ինչպէ՞ս երգենք Տիրոջ օրհներգերը օտար երկրում։

5 Եթէ մոռանամ քեզ, Երուսաղէ՛մ,

թող իմ աջը մոռանայ ինձ։

6 Թող լեզուս քիմքիս կպչի,

թէ քեզ չյիշեմ,

եթէ իմ ուրախութեան սկզբում

նախ քե՛զ, Երուսաղէ՛մ, չգովաբանեմ։

7 Յիշի՛ր, Տէ՛ր, թէ ինչ էին ասում եդոմացիները Երուսաղէմի օրերին.

«Քանդեցէ՛ք, քանդեցէ՛ք, հիմնայատա՛կ արէք»։

8 Ո՛վ Բաբելոնի թշուառ դուստր,

երանի՜ նրան, ով քեզ պիտի հատուցի այնպէս,

ինչպէս դու մեզ հատուցեցի՛ր։

9 Երանի՜ նրան, ով կը բռնի քո մանուկներին

ու կը խփի քարին։

[§§] Եբրայերէն՝ քնարները։