Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

4 Իմաստութիւնը Աստծու պատուիրանների գիրքն է, Օրէնքն է, որ կայ յաւի…

4 Իմաստութիւնը Աստծու պատուիրանների գիրքն է,
Օրէնքն է, որ կայ յաւիտեան։
Բոլոր նրանք, ովքեր ընդունում են այն, պիտի ապրեն,
իսկ ովքեր թողնում են այն, պիտի մեռնեն։
2 Դարձի՛ր, Յակո՛բ, եւ բռնի՛ր իմաստութիւնից՝
նրա լոյսի ծագման իսկ պահին։
3 Քո փառքն ուրիշին մի՛ տուր,
եւ քո վաստակները՝ օտար ազգին։
4 Երանի է մեզ, Իսրայէ՛լ,
որովհետեւ գիտենք, թէ ի՛նչն է հաճելի Աստծուն։

ԵՐՈՒՍԱՂԷՄԸ ՅՈՐԴՈՐՈՒՄ ԵՒ ՄԽԻԹԱՐՈՒՄ Է ԻՐ ԶԱՒԱԿՆԵՐԻՆ

5 Քաջալերուի՛ր, ո՛վ իմ ժողովուրդ,
յիշի՛ր, ո՛վ Իսրայէլ.
6 ազգերին ծախուեցիք,
բայց ոչ կործանուելու համար.
քանի որ դուք բարկացրիք Աստծուն,
մատնուեցիք հակառակորդներին։
7 Զայրացրիք ձեր Արարչին,
զոհեր մատուցեցիք դեւերին եւ ոչ թէ Աստծուն։
8 Մոռացաք ձեր կերակրողին՝ յաւիտենական Աստծուն,
տրտմութիւն պատճառեցիք եւ ձեր դայեակին՝ Երուսաղէմին,
9 որը տեսաւ Աստծուց ձեզ վրայ եկած բարկութիւնը եւ ասաց.
«Լսեցէ՛ք, ո՛վ Սիոնի պանդուխտներ,
Տէրն ինձ մեծ սգի մէջ դրեց.
10 ես տեսայ իմ տղաների ու աղջիկների գերութիւնը,
որի մէջ նրանց դրեց յաւիտենական Տէրը։
11 Նրանց սնեցի ուրախութեամբ,
բայց նրանց ճանապարհ դրի լացով ու սգով։
12 Թող ոչ ոք չոտնահարի որբեւայրուս,
որ շատերից միայնակ եմ մնացել.
թափուր եմ մնացել իմ որդիների բազում մեղքերի պատճառով,
քանզի նրանք խոտորուեցին Աստծու օրէնքներից,
13 չճանաչեցին նրա իրաւունքները, չգնացին Աստծու պատուիրանների ճանապարհներով
եւ ոչ էլ բարձրացան նրա արդար խրատի շաւիղներով։
14 Կը գան Սիոնի պանդուխտները
ու կը յիշեն իմ տղաների եւ աղջիկների գերութիւնը,
որի մէջ նրանց դրեց յաւիտենական Տէրը։
15 Նրանց վրայ բերեց մի հեռաւոր ազգի,
մի լիրբ եւ այլալեզու ազգի,
որ չէր ակնածում ծերերից
եւ ոչ էլ ողորմում մանկանը։
16 Նրանք տարան որբեւայրուս սիրելիներին,
իսկ մնացածներիս զրկեցին դուստրերից։
17 Ես ինչպէ՞ս կարող էի օգնել ձեզ։
18 Ով ձեզ վրայ չարիք բերեց,
նա էլ կը փրկի ձեզ ձեր թշնամիների ձեռքից։
19 Գնացէ՛ք, ո՛վ զաւակներ, գնացէ՛ք,
քանզի ես մնացի աւերակ։
20 Հանեցի խաղաղութեան պատմուճանը
եւ հագայ իմ պաղատանքների քուրձը.
իմ օրերում աղաղակ բարձրացրի առ յաւիտենական Տէրը։
21 Քաջալերուեցէ՛ք, ո՛վ զաւակներ,
ձա՛յն տուէք Աստծուն,
եւ նա ձեզ կ’ազատի թշնամիների բռնութիւնից, նրանց ձեռքից։
22 Ձեր փրկութեան համար ես յոյսս դրեցի յաւիտենական Տիրոջ վրայ
եւ Սրբից ուրախ լուր առայ այն ողորմութեան մասին,
որ շուտով ձեզ է գալու ձեր յաւիտենական Փրկչից։
23 Ձեզ ճանապարհ դրի սգով ու լացով,
սակայն Աստուած յաւիտենապէս ձեզ ինձ է տալու
ցնծութեամբ եւ ուրախութեամբ։
24 Ինչպէս այժմ Սիոնի պանդուխտները տեսան ձեր գերութիւնը,
այնպէս էլ ընդհուպ պիտի տեսնեն Աստծու կողմից ձեր փրկութիւնը,
որ ձեզ է հասնելու յաւիտենական Տիրոջ մեծափառութեամբ ու լոյսով։
25 Ո՛վ զաւակներ,
Աստծուց ձեզ հասած բարկութեան հանդէպ համբերատա՛ր եղէք.
ձեր թշնամին հալածեց ձեզ,
բայց շուտով դուք կը տեսնէք նրա կործանումը
եւ ձեր ոտքը կը դնէք նրա պարանոցի վրայ։
26 Իմ փափկասուն զաւակները դաժան ճանապարհներ անցան,
քշուեցին ինչպէս թշնամիներից յափշտակուած հօտ։
27 Քաջալերուեցէ՛ք, ո՛վ զաւակներ,
եւ ձա՛յն տուէք Աստծուն,
որպէսզի Նա, որ ձեզ գերութեան տարաւ, յիշի ձեզ։
28 Ինչպէս որ ձեր մտքերով շեղուեցիք Աստծուց,
այդպէս էլ դուք տասնապատիկ պիտի դառնաք ու փնտռէք նրան,
29 որովհետեւ ով ձեզ վրայ չարիք բերեց,
նա էլ յաւիտենական ուրախութիւն պիտի բերի ձեզ՝ ձեր բարեկեցութեամբ հանդերձ»։
ՄԽԻԹԱՐՈՒԹԻՒՆ ԵՐՈՒՍԱՂԷՄԻՆ
30 Քաջալերուի՛ր, Երուսաղէ՛մ,
ով որ քո անունը դրեց, նա կը մխիթարի քեզ։
31 Վա՜յ նրանց, որ չարչարեցին քեզ եւ խնդացին քո կործանման վրայ։
32 Վա՜յ այն քաղաքներին, որոնց ծառայեցին քո զաւակները,
վա՜յ նրան, ով ընդունեց քո որդիներին,
33 որովհետեւ ինչպէս որ նա խնդաց քո կործանման վրայ
եւ ուրախացաւ քո անկումով,
այնպէս էլ պիտի տրտմի իր աւերման համար։
34 Նրան պիտի զրկեմ բազում խրախճանքների ուրախութիւնից
եւ նրա պերճութիւնը սգի պիտի փոխեմ։
35 Բազում օրեր յաւիտենական Տիրոջ հուրը պիտի գայ նրա վրայ,
բազում ժամանակներ դեւերի բնակավայր պիտի լինի նա։
36 Նայի՛ր դէպի արեւելք, ո՛վ Երուսաղէմ,
եւ տե՛ս Աստծուց քեզ եկած ուրախութիւնը։
37 Ահա գալիս են քո որդիները,
որոնց ճանապարհ էիր դրել,
գալիս են՝ Սրբի խօսքով հաւաքուած արեւելքից մինչեւ արեւմուտք,
ուրախացած Աստծու փառքով։